ԱՄՆ Արդյունավետության նախարարությունը, որը, չնայած իր անվանը, հավանաբար կլինի խորհրդատվական կոմիտե, ոչ թե գործող նախարարություն, կհամախագահեն Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն ու ԱՄՆ նախագահի հանրապետական նախկին թեկնածու, նույնպես մեծահարուստ Վիվեկ Ռամասվամին:
Ենթադրյալ կոմիտեի անունը նույնպես ուշադրություն է գրավում․ անգլերեն հապավումը DOGE (Department of Government Efficiency) է, ինչը հիշեցնում է Մասկի անվան հետ կապվող Dogecoin կրիպտոարժույթը:
Մասկը և Ռամասվամին իրենց համար վերջնաժամկետ են սահմանել 2026 թվականի հուլիսի 4-ը՝ ԱՄՆ անկախության հռչակագրի ստորագրման 250-ամյակը, և նպատակն է ԱՄՆ կառավարության լայանածավալ համակարգում կրճատել ծախսերն ու բյուրոկրատիան:
Մեծ խոստումներ
DOGE-ի ստեղծման մասին հայտարարության մեջ Թրամփն նշել է, թե այն «ուղի կհարթի իմ վարչակազմի համար՝ քանդելու պետական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կանոնակարգերը, կրճատելու վատնումները և վերակառուցելու դաշնային գործակալությունները»:
Մասկը հրապարակավ ենթադրություն է հայտնել, որ պետք է հասնել մոտ 2 տրիլիոն դոլար դաշնային ծախսերի կրճատմանը, ինչը, փաստորեն, կազմում է 2023 ֆինանսական տարվա ԱՄՆ պետբյուջեի՝ 6,1 տրիլիոն դոլարի գրեթե մեկ երրորդը, և նման կրճատումը անիրագործելի է առանց ամերիկյան պետական ծառայությունների և ծրագրերի կտրուկ կրճատման:
Ռամասվամիի խոսքով՝ նման կրճատումներ հենց այն է, ինչ ինքն ու Մասկը կառաջարկեն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Այս կիրակի Fox News-ի հետ զրույցի ժամանակ Վիվեկ Ռամասվամիին հարցրել են, թե արդյոք կրճատումները վերաբերելու են պետական բոլոր գերատեսչություններին, և հանրապետական գործիչը արձագանքել է․ «Ակնկալում ենք զանգվածային կրճատումներ։ Ակնկալում ենք, որ որոշ գործակալություններ ուղղակի կփակվեն: Ակնկալում ենք զանգվածային կրճատումներ դաշնային կառավարության գործունեության այն ուղղություններում, որոնք ուռճացված են: Ակնկալում ենք զանգվածային կրճատումներ դաշնային [կառավարության] կապալառուների և այլոց շրջանում, որոնք գերավճար են ստանում: Կարծում եմ՝ մարդիկ կզարմանան, թե որքան արագ ենք կարողանում շարժվել դեպի այդ փոփոխությունները»:
Ռեյգանից հետո առաջին անգամ
Կազմակերպությունները, որոնք հանդես են գալիս ԱՄՆ կառավարության ծախսերի նկատմամբ վերահսկողության ուժեղացման օգտին, զգուշավոր լավատեսություն են հայտնում DOGE-ի ստեղծման վերաբերյալ:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Քաղաքացիներն ընդդեմ կառավարական վատնումների» կազմակերպության նախագահ Թոմ Շատցը նշել է, թե, փաստորեն, DOGE-ը լինելու է դաշնային կառավարության ծախսերի «առաջին նշանակալից և համապարփակ վերանայումը» նախագահ Ռոնալդ Ռեյգանը ժամանակներից ի վեր, երբ 1982 թվականին ստեղծեց Գրեյսի հանձնաժողովը, որը խորհուրդ էր տալիս, թե ինչպես բարելավել կառավարության արդյունավետությունը:
Սակայն, ըստ Շատցի, DOGE-ի արդյունավետությունը կախված չի միայն իր աշխատանքից:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե նախագահ Թրամփը ինչ կանի այդ առաջարկությունների հետ։ Խորհուրդները պետք է կյանքի կոչվեն կա՛մ գործադիր իշխանության արձակած հրամանների, կա՛մ օրենսդրության միջոցով…, բայց դա առաջնորդություն է պահանջում, և, իսկապես, Կոնգրեսից կպահանջվի շատ դեպքերում ի կատար ածել այդ առաջարկությունները»,- ասում է Շատցը:
DOGE-ի ստեղծման մասին Թրամփի հայտարարությունից հետո Վաշինգտոնում գործող «Պատասխանատու դաշնային բյուջեի հարցերով կոմիտե» կազմակերպության նախագահ Մայա ՄըքԳինեասը բարձր է գնահատել գաղափարը, սակայն ընդգծել է, որ իրական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ կլինի երկկուսկացական աջակցություն:
«Առաջարկությունները պետք է ստանան Կոնգրեսի հավանությունը»,- ասել է ՄըքԳինեասը:
Հսկայական պետբյուջե
Մասկի և Ռամասվամիի գլխավորած հանձնաժողովը, փաստորեն, քննելու է ԱՄՆ դաշնային բյուջեն, որի ծախսերի մեծ մասը «պարտադիր» են։ Օրինակ 2023 ֆինանսական տարում պարտադիր էր 6,1 տրիլիոնանոց պետբյուջեի 3,8 տրիլիոն դոլար ծախսը։ Այս ծախսերը կառավարությունը պարտավոր է կատարել օրենքի համաձայն:
Ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի տվյալների՝ ամենից մեծ ծախսը 1,3 տրիլիոն դոլար վճարն է Սոցիալական ապահովության դաշնային ծրագրին, որը եկամուտ է ապահովում թոշակառուներին: Կառավարությունը ևս 448 միլիարդ դոլար է ծախսել նաև գործազուրկներին ու ցածր եկամուտ ունեցողներին աջակցելու համար: Medicare-ի՝ տարեց ամերիկացիների համար նախատեսված առողջապահական ծրագրի ուղղությամբ կատարվող ծախսերը կազմել են 839 միլիարդ դոլար։ Medicaid-ի՝ ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների առողջապահական ծախսերը 616 միլիարդ դոլար էին:
Ծախսերի երկրորդ խումբը կոչվում է «հայեցողական»: Սրանք կառավարության ծախսերն են, որոնք Կոնգրեսը թույլատրում է յուրաքանչյուր ֆինանսական տարի, և 2023 ֆինանսական տարում դրանք կազմել են 1,7 տրիլիոն դոլար:
Հայեցողական ծախսերը ֆինանսավորում են դաշնային կառավարության ամենօրյա գործունեությունը, ընդ որում, դրանց գրեթե կեսը՝ 805 միլիարդ դոլար 2023 թվականին ուղղվել է պաշտպանության բյուջեին: Մնացած 917 միլիարդ դոլարով ֆինանսավորվել են հիմնական պետական գերատեսչությունները՝ Կոնգրեսը, Սպիտակ տունը և կառավարության գերատեսչությունները:
Կառավարության ծախսերի վերջին՝ երրորդ խումբը ուղղվում է ԱՄՆ պետական պարտքի մարմանը: Թեև կառավարությունը տեսականորեն կարող է որոշել չսպասարկել իր պարտքը, բայց նման որոշումը կարող է աղետալի լինել ԱՄՆ և համաշխարհային տնտեսությունների համար: 2023 թվականին ԱՄՆ պետպարտքի սպասարկման համար հատկացվել է 659 միլիարդ դոլար:
DOGE-ի կարգավիճակը պարզ չէ
Տակավին անհայտ է, թե ինչ կարգավիճակ, կառուցվածք է ունենալու DOGE-ը: Եթե այն ստեղծվելու է նախագահական կարգադրությամբ, ապա, թերևս, գործի համաձայն «Դաշնային խորհրդատվական կոմիտեի մասին ակտի» (Federal Advisory Committee Act): Այդ օրենքը պահանջում է որոշակի քայլեր ձեռնարկել կառույցի թափանցիկությունն ապահովելու համար և ունի կանոններ թույլ չտալու շահերի բախում։
Այս հանգամանքը կարող է խնդրահարույց լինել Իլոն Մասկի համար, որի տարբեր ընկերություններ միլիարդավոր դոլարների պայմանագրեր ունեն ԱՄՆ կառավարության հետ։
Բայց եթե DOGE-ն ստեղծվի ու գործի որպես ոչ պետական մի մարմին, նման կանոններ չեն կարող կիրառվել: