ԱՄՆ Սենատի հանրապետականներն, ինչպես հայտնի է, ընտրել են նոր առաջնորդի, որը պետք է համակարգի գործերը գալիք Կոնգրեսում։
«Ամերիկյան ժողովրդից մանդատ ունենք՝ ոչ միայն մաքրելու Բայդեն-Հարիս-Շումեր օրակարգի թողած խառնաշփոթը, այլև իրականացնել նախագահ Թրամփի առաջնահերթությունները»,- հայտարարել է Սենատում հանրապետակաների նոր առաջնորդ Ջոն Թունը:
Թունը ստանձնում է Սենատի փաստացի ղեկավարի դերը՝ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔքոնելի 18 տարվա ծառայությունից հետո, և նոր իրավիճակի պայմաններում, երբ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է շրջանցել Սենատի սահմանադրական դերը՝ հաստատելով նախարարների թեկնածություններն առանց օրենսդիրների համաձայնության:
«Սահմանադրության համաձայն՝ Սենատն ունի խորհրդատվական-համաձայնություն տալու դեր։ Ուստի, կանենք հնարավորը՝ արագ քննելու [նորընտիր նախագահ Թրամփի առաջարկած] թեկնածուներին ու նշանակելու նրանց իրենց պաշտոններում, որպեսզի սկսեն իրականացնել [նորընտիր նախագահ Թրամփի] օրակարգը»,- ասել է սենատոր Թունը:
Այս նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում դեմոկրատները կորցրեցին մեծամասնությունը նոր Սենատում և 100 տեղերից կունենան 47-ը։
«Ամերիկյան ժողովուրդը մեզ մատնացույց արել խնդիրների մասին։ Պետք է դասեր քաղենք դրանից»,- ասել է ներկայիս Սենատի մեծամասնության առաջնորդ, դմոկրատ Չակ Շումերը։
Իր առաջին նախագահության սկզբնական երկու տարիներին ևս՝ 2017-2019 թվականներին, Դոնալդ Թրամփն ու հանրապետականնները վերհսկողություն ունեին Սպիտակ տան ու Կոնգրեսի զույգ պալատների նկատմամբ, սակայն դիտորդների խոսքով՝ նման իրավիճակն ամենևին չհանգեցրեց նրան, որ Սպիտակ տունը Կապիտոլիումից ստանա այն, ինչ ցանկանում է:
«Միչ ՄըքՔոնելը այն ժամանակ ասել էր, որ պաշտպանում է նախագահի օրակարգը, կաշխատի նրանց հետ, բայց հետո՝ [թեկնածուների] առաջադրումներից մինչև քաղաքականություն, տեսանք, որ նրանք կողմ չեն քվեարկում, եթե կարծում են, որ նախագահը շատ հեռուն է գնացել»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ներկայացուցիչ Քեյսի Բուրգաթը:
Հանրապետականները մեծամասնություն են ունենալու նաև Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը, և նորընտիր նախագահը՝ Դոնալդ Թրամփը կողմ է արտահայտվել, որ օրենսդիր մարմինը շարունակի գլխավորել հանրապետական Մայք Ջոնսոնը:
«Կարծում եմ՝ կլինեն վերջին շրջանի ամենից հետևողական Կոնգրեսն ու ամենից հետևողական վարչակազմը, քանի որ, անկեղծ ասած, պետք է շտկենք հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտները»,- ասել է Ջոնսոնը:
Սակայն հանրապետականների առավելությունը 435 տեղանոց Ներկայացուցիչների տանն այս պահի դրությամբ ընդամենը 6 աթոռ է՝ 218 մանդատ ունեն, դեմոկրատները՝ 212, և 5 աթոռի համար հաշվարկները դեռ չեն ավարտվել, իսկ դեմոկրատներն ամենևին մտադիր չեն հանձնվել:
«Կոնգրեսի առաջադիմական խումբը կշարունակի մնալ աշխատավոր դասակարգի և աղքատ մարդկանց կատաղի պաշտպաններ»,- ասել է Ներկայացուցիչների տան դեմոկրատ անդամ Փրամիլա Ջայափալը:
ԱՄՆ նոր՝ 119-րդ Կոնգրեսի երդմնակալությունը նախատեսված է գալիք տարվա հունվարի 3-ին, ԱՄՆ նոր նախագահինը՝ հունվարի 20-ին։