Մատչելի հղումներ

Թրամփը շարունակում է նշանակել իր ապագա կառավարության առանցքային պաշտոնյաներին


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած իր ապագա կառավարության ներկայացուիցչների հասցեին չի մարում քննադատությունը և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատների շրջանում։ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը կիրակի հիշեցրել է, որ ամերիկացիները քվեարկել են ստատուս-քվոն փոխելու օգտին, և ԱՄՆ նոր կառավարության պաշտոնյաների առաջադրանքն է լինելու այն իրագործել, եթե նրանք հաստատվեն։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անցած օրերին շարունակեց գործադիր իշխանության մարմիններում իր թեկնածուների առաջադրումները, որոնք պետք է պաշտոն զբաղեցնեն Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի վարչակազմում։ Նշանակումների թվում է նավթագազային արդյունաբերության մեծ ջատագով Քրիս Ռայթը, ով կգլխավորի էներգետիկայի նախարարությունը։

Նորընտիր նախագահ Թրամփն իր ապագա կառավարության առանցքային պաշտոնյաների առաջադրումներ է արել
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Դիտորդները ընդգծում են՝ նաշանակումների հարցում Թրամփը առաջնահերթություն է տալիս քաղաքականության մեջ իրեն հավատարիմներին։

Հատկապես բանավեճի առարկա է դարձել ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնում հանրապետական նախկին կոնգրեսական Մեթ Գեյցի թեկնածության առաջադրումը։

Նշենք, որ Միացյալ Նահանգներում Արդարադատության նախարարության ղեկավարը՝ նախարարը, գլխավոր դատախազն է։

Գեյցը Ներկայացուցիչների տան էթիկայի հանձնաժողովի քննության ներքո էր, որը պետք է պարզեր՝ արդյո՞ք նա առնչություն ունեցել է սեռական ոտնձգություններին և թմրանյութերի ապօրինի օգտագործմանը։ Սակայն քննությունն անավարտ մնաց, քանի որ անցած շաբաթ Գեյցը հրաժարվեց Կոնգրեսի ստորին պալատի պատգամավորի մանդատից։ Նա հերքում է իրեն ներկայացրած մեղադրանքները։

Դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը CNN-ի եթերում չի թաքցրել իր կարծիքը՝ Մեթ Գեյցն ակնհայտորեն պատրաստ չէ նման պաշտոնի համար։

«Իսկապե՞ս պատրաստվում ենք ունենալ գլխավոր դատախազ, որի վերաբերյալ արժանահավատ մեղադրանքներ կան, որ նա ներգրավված է եղել սեռական շահագործման նպատակով երեխաների թրաֆիքինգին, անօրինական թմրամիջոցների հնարավոր գործածությանը, հետաքննությանը խոչընդոտելու մեջ, չունի աշխատանքի փորձ արդարադատության նախարարություն, [եթե չհաշվենք, որ] եղել է հետաքննության ներքո»,- ասել է Շիֆը։

NBC-ի եթերում Գեյցը պնդել է՝ անհրաժեշտ են «արդար լսումներ հարցի առնչությամբ»։

Իր հերթին՝ հանրապետական սենատոր Մարկուեյն Մալինի խոսքով՝ Սենատին պետք է հայտնի դառնան Գեյցի հետ կապված հետաքննության արդյունքները:

«Վստահ եմ՝ նախագահ Թրամփը հավատում է, որ Մեթը ճի՛շտ մարդ է [այդ] աշխատանքը կատարելու համար։ Մեթի հանդեպ վերաբերումնքը նույն է, ինչպես մյուս բոլոր թեկնածուների»,- ասել է սենատոր Մալլինը։

Ներկայացուցիչների տան փոքրամասնության առաջնորդը, դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը, նույնպես, կիրակի NBC-ի եթերում էր՝ քննադատելով Թրամփի առաջադրումները, թե այդ մարդիկ չունեն համապատասխան փորձ նշված պաշտոնների համար։

«Արդյո՞ք սա լավագույնն է, որ Ամերիկան կարող է առաջարկել այսպիսի բարդ իրավիճակում։ Իհարկե՝ ո՛չ»,- նշել է Ջեֆրիսը։

Ընտրելով Դոնալդ Թրամփին՝ ամերիկացիները հանրապետականներին մանդատ են տվել փոխել ստատուս-քվոն՝ արձագանքել է Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը։

«Յուրաքանչյուր նախագահ ունի իրավունք նշանակել իր կառավարության անդամներին, առաջադրել գործիչների, որոնց նա կարծում է, թե կկատարեն իր ծրագիրը։ Եվ այս ցուցակում ընդգրկված մարդիկ այդ կիրականացնեն։ Նրանք կաշխատեն այն կառույցներում, որոնք ղեկավարելու են, և կվերափոխեն այդ գերատեսչությունները»,- ասել է Ջոնսոնը։

Կանխատեսվում է, որ Թրամփի թեկնածուներից շատերը Սենատում՝ իրենց պաշտոններին հաստատվելու ժամանակ, խնդրի չեն բախվի։ ԱՄՆ նորընտիր նախագահը նաև կոչ է արել Սենատի հանրապետական առաջնորդներին թույլ տալ իրեն Կոնգրեսի վերին պալատի, աշխատանքների, այսպես կոչված, «ընդմիջման ժամանակ» նշանակումներ կատարել, որի դեպքում գործադիրում նշանակումներին օրենսդիրների համաձայնությունը հարկավոր չէ։

XS
SM
MD
LG