Մատչելի հղումներ

Ընտրություններում պարտվելուց հետո դեմոկրատները փորձում են հասկանալ պատճառը


ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը։ Վաշինգտոն, նոյեմբերի 4, 2024թ․։
ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը։ Վաշինգտոն, նոյեմբերի 4, 2024թ․։

Սպիտակ տունն ու Կոնգրեսի զույգ պալատները հանրապետականներին զիջելուց հետո դեմոկրատների շրջանում փորձում են հասկանալ, վերլուծել, թե որոնք էին նման պարտության պատճառները։ Դիտորդների խոսքով՝ ԱՄՆ-ում առկա տնտեսական հարցերը գլխավոր դերն են խաղացել, սակայն առկա էին նաև այլ հանգամանքներ։

ԱՄՆ ընտրություններում պարտություն կրած դեմոկրատները սկսել են պատասխններ փնտրել, թե ինչու ընտրությունները նման արդյունքներ ունեցան, և իրենք հանրապետականներին զիջեցին Սպիտակ տունն ու Կոնգրեսի զույգ պալատները։

Ներկայիս Սպիտակ տանը ընդդիմանում են այն մտքին, թե վերստին ընտրվելու նախագահ Ջո Բայդենի ցանկությունը և ընտրապայքարից նրա ուշ դուրս գալը նվազեցրեց հաղթելու Քամալա Հարիսի հնարավորությունները:

ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը (ձախից) և ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը (աջից)։ Սպիտակ տուն, նոյեմբերի 13, 2024թ․։
ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը (ձախից) և ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը (աջից)։ Սպիտակ տուն, նոյեմբերի 13, 2024թ․։

«Երբ նա կայացրեց ջահը հանձնելու որոշումը, ջահը փոխանցեց [ԱՄՆ] փոխնախագահին։ [Նախագահ Բայդենը] կարծում էր, որ ճիշտ որոշում էր այդ ժամանակ»,- ասում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռը:

Դիտորդների խոսքով՝ Հարիսի անկարողությունը՝ առանձնացնել իրեն Բայդենի վարչակազմի վարած տնտեսական քաղաքականությունից, ամենից շատն է վնասել ԱՄՆ փոխնախագահին ընտրությունների ժամանակ:

«Տարածված ընկալում էր, որ նա տնտեսության լավ կառավարիչ չի եղել, ինչը, ինչպես ասացի, հիմնականում բխում էր նրա պաշտոնավարման առաջին երկու տարիների ընթացքում տեղ գտած կտրուկ գնաճից: Կարծում եմ՝ այն Հարիսի համար դժվար խոչընդոտ էր»,- ասում է Ռաթգերսի համալսարանի ներկայացուցիչ Դևիդ Գրինբերգը։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Վաշինգտոն, նոյեմբերի 6, 2024թ․։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Վաշինգտոն, նոյեմբերի 6, 2024թ․։

Քարոզարշավի ընթացքում մեծ ուշադրություն դարձվեց հղիության արհեստական ընդհատման հարցին, սակայն, արդյունքում, կանայք չքվեարկեցին Հարիսի օգտին այնչափ, որչափ, որ հույս ունեին դեմոկրատները:

«Բազմաթիվ նահանգներում հանրաքվեներ անցկացվեցին վերարտադրողական իրավունքների վերաբերյալ, և մարդիկ, միևնույն ժամանակ, կարող էին քվեարկել դրա ու Թրամփի օգտին»,- ասում է դեմոկրատների նախընտրական արշավում ռազմավարական հարցերով փորձագետ Ջուլի Ռոգինսկին:

Ռոգինսկին շարունակում է, թե կոնկրետ այս ընտրություններում պարտության պատճառներին անդրադառնալուց զատ, դեմոկրատները պետք է կարգի բերեն երկար տարիներ շարունակվող կուսակցության կառուցվածքային խնդիրները:

«Հպարտանալու պատճառ ունենք, բայց չգիտենք, թե ինչպես այն փոխանցել: Մեզ չեն ընկալում իբրև իրական»,- նշում է Ջուլի Ռոգինսկին:

Պլիմութի պետական համալսարանի քաղաքական գիտությունների դոցենտ Ջոն Լապիի խոսքով՝ դեմոկրատներին երիտասարդ կադրեր են հարկավոր, որոնք ուժ կհաղորդեն կուսակցությանը։

«Նրանց պետք է նոր ղեկավարություն, որն ավելի երիտասարդ է և ավելի համահունչ այժմյան պայմաններին ու միանշանակ՝ ավելի մոտ բանվոր դասակարգին»,- ասում է Լապին:

Քանի որ Կոնգրեսում հանրապետականների մեծամասնությունն այդքան էլ մեծ չէ Լապին չի բացառում, որ դեմոկրատներն, այնուամենայնիվ, կկարողանան դիմագրավել այն քաղաքականությանը, որի հետ համաձայն չեն, մինչև կգան 2026 թվականի միջանկյալ ընտրությունները:

XS
SM
MD
LG