Մատչելի հղումներ

Ի՞նչ են ակնկալում ամերիկահայ կազմակերպությունները Թրամփի նոր վարչակազմից


Ամերիկահայության բողոքի ակցիա Կալիֆոռնիայում, 30 սեպտեմբերի, 2020 թ., Reuters
Ամերիկահայության բողոքի ակցիա Կալիֆոռնիայում, 30 սեպտեմբերի, 2020 թ., Reuters

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի ու Ամերիկայի հայկական համագումարի հետ «Ամերիկայի ձայնը» քննարկել է ընտրության արդյունքներն ու դրանց հավանական ազդեցությունը հայությանը հուզող հարցերի վրա

ԱՄՆ վերջին ընտրություններում ամերիկահայ ընտրողները հանդես եկան որպես կարևոր ընտրազանգված տատանվող նահանգներում, որոնք ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների ուշադրության կենտրոնում էին՝ «Ամերիկայի ձանին» տված հարցազրույցում նշում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով՝ արդյունքում ամերիկահայությանը հուզող շատ հարցեր ընդգրկվեցին ամերիկյան քաղաքական օրակարգում։

«Ընտրություններին երկու կողմերն էլ, երկու թեկնածուներն էլ փորձեցին ստանալ ամերիկահայերի ձայները, առաջնահերթություն տվեցին ամերիկահայերին հուզող հարցերին, որն էլ օգնեց ձևավորել քաղաքական մի միջավայր, որի շնորհիվ հաղթող կողմը՝ այս դեպքում Թրամփի վարչակազմը, կդիտարկի հայկական հարցերը ոչ միայն աշխարհաքաղաքականության կամ բարոյականության տեսանկյունից, այլև ընտրական գործընթացների»,- ասում է Համբարյանը:

Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի ղեկավարի կարծիքով նոր վարչակազմի ընտրությունը հնարավորություններ է ընձեռում փորձել առաջ մղել ամերիկահայության օրակարգը: Սպասումներն իրատեսական են գնահատվում:

«Մեզ ոգեշնչում է այն փաստը, որ նախագահ Թրամփը քննադատեց Բայդենի վարչակազմի բացթողումները՝ կապված Արցախի հայաթափումը կանխարգելելու հետ։ Միևնույն ժամանակ, պատասխանատու ենք համարում Թրամփի նախորդ վարչակազմին՝ 2020 թվականին Ադրբեջանին զինելու իր դերի համար, որը հանգեցրեց Արցախի դեմ հարձակմանը։ Կարծում եմ՝ մեր սպասելիքները իրատեսական են։ Ի վերջո, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արդյունավետ կաշխատենք և որքան արդյունավետ կլինի մեր շահերի պաշտպանությունը»,- ասում է նա:

Համբարյանը մատնանշում է երեք հիմնախնդիրներ, որոնց ուղղությամբ հանձնախումբը կենտրոնացնելու է իր ջանքերը նորընտիր վարչակազմի հետ աշխատանքում: Դրանք են Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի զսպումը, Հայաստանի անվտանգության ամրապնդմանը նպաստելը ու տեղահանված հայ բնակչութան վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

«Մենք ակնկալում ենք ԱՄՆ քաղաքականության վերանայում, որը կկանխի ագրեսիան, կխթանի Հայաստանի անվտանգությունը, ներառյալ ֆիզիկական անվտանգությունը, և ինչպես ասացի, վերադարձի ուղի կստեղծի Արցախի բնիկ հայության համար»,- ազում է Համբարյանը:

Ամերիկյան նորընտիր վարչակազմի հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնում նաև Վաշինգտոնի ամերիկահայ մյուս կառույցը՝ Ամերիկայի հայկական համագումարը: Այստեղ ևս Հայաստանի անվտանգությունը կենտրոնական տեղում է:

«Հուսով ենք, որ Թրամփի վարչակազմը, իր նշանակած պաշտոնյաները, ներառյալ պետքարտուղարը, նույնպես կճանաչեն և կշարունակեն աշխատել Հայաստանն ամրապնդելու ուղղությամբ՝ ապահովելով նրա անվտանգությունը, ինքնիշխանությունն ու ազատությունը»,- ընդգծում է Ամերիկայի հայկական համագումարի կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Խալոյանը ևս ողջունեց նախընտրական շրջանում ամերիկահայությանը հուզող խնդիրների արծարծումը: Այն հարցերը, որոնք նախատեսում ենք քննարկել Թրամփի վարչակազմի հետ, նման են անցյալի խնդիրներին, ասում է համագումարի ներկայացուցիչը՝ առանձնացնելով Հայաստանի դեմ Ադրբեջանի վարած քաղաքականության խնդիրը:

«Կարծում եմ՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել Ալիևի խոսքերին, հատկապես այն բառերին, որոնց հիման վրա նա սովորաբար գործողություններ է իրականացնում։ Հուսով ենք, որ վարչակազմը կճանաչի, որ նրա բռնապետությունն էական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության վրա և կքննարկի այն ուղիները, որոնց միջոցով կարող ենք կանխել նոր պատերազմը և նրա կողմից ցանկացած կեղծ տարածքային պահանջը»,- ասել է Մարիամ Խալոյանը:

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին՝ «Ամերիկայի ձայնի» զրուցակիցներն կարևորեցին Կոնգրեսում հայկական հանձնախմբի դերն ամերիկահայությանը հուզող խնդիրներն առաջ մղելու հարցում: Այս ընտրություններում ևս արձանագրվեցին կորուստներ ու ձեռքբերումներ՝ հաշվի առնելով հայկական հանձնախբի մի շարք անդամների չառաջադրվելը, բայց փոխարենը՝ նոր անդամների ընտրվելը, ներառյալ՝ Սենատ անցնելը:

Արամ Համբարյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսի ընտրություններում Հայ դատի հանձնախումբն աջակցել է ավելի քան 80 գործիչների, որոնցից մոտ 94%-ը հաջողությամբ հաղթահարել է ընտրապայքարը: Հայկական հանձնախմբի հետ աշխատանքին զուգահեռ՝ Համբարյանը կարևորում է նաև Թրամփի նոր վարչակազմում առանցքային դեր ստանձնող գործիչներին, որոնք նախկինում աչքի են եկել ամերիկահայությանը հուզող հարցերում ակտիվությամբ:

XS
SM
MD
LG