Մատչելի հղումներ

«Մենք ակնկալում ենք ավելին, քան միայն խոսքեր». Հայ Դատի հանձնախմբի արձագանքը Դոնալդ Թրամփի` հայությանը վերաբերող գրառմանը 


Ամերիկահայության բողոքի ցույց Վաշինգտոնում, REUTERS
Ամերիկահայության բողոքի ցույց Վաշինգտոնում, REUTERS

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբը քննադատաբար է արձագանքել նախագահի հանրապետական թեկնածու Թրամփի՝ հայությանը վերաբերող գրառմանը: Սեպտեմբերին հանձնախումբը քննադատական արձագանք էր տվել նաև դեմոկրատների թեկնածու Հարիսի ամերիկահայությանն ուղղված ուղերձին:  

Ինչպես հաղորդել ենք ավելի վաղ, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցհարթակում հայությանը հուզող խնդիրների մասին գրառում է կատարել, ուր քննադատել է փոխնախագահ Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:

«Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել է Թրամփը՝ Truth սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ արձագանքել է նախկին նախագահի գրառմանը՝ հաղորդագրություն տարածելով այս կապակցությամբ: Հիշեցնենք, որ հանձնախումբը նաև արձագանքել էր սեպտեմբերին Քամալա Հարիսի ամերիկահայությանն ուղղված ուղերձին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

«Նախագահ Թրամփը, ով զգալիորեն մեծացրել է ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Ադրբեջանին՝ զինելով և խրախուսելով Ալիևի ռեժիմին 2020թ. հարձակվել Արցախի վրա, պետք է ավելին անի, քան պարզապես նախընտրական հայտարարություն տարածումը: Նա պետք է մինչև ընտրությունների օրը ներկայացնի իրական արդյունքներ: Նա կարող է սկսել նրանից, որ հրապարակայնորեն հաստատել Արցախ [հայության] վերադարձի իրավունքը և անձամբ կոչ անի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոնսոնին՝ ժամանակացույց սահմանել H.R.7288-ի քվեարկության համար, որը կիրականացնի Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ օգնության սահմանափակումները՝ ըստ 907-րդ բանաձևի», - նշել է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով. «Իր հերթին, փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը՝ ԱՄՆ Սենատի գործող անդամը, պետք է աջակցի և աշխատի S.Res.540 Սենատի բանաձևի ընդունման համար, որը կքննի Ադրբեջանի կողմից ԱՄՆ ռազմական օգնության օգտագործումը՝ հայերի դեմ պատերազմական հանցագործություններ կատարելու համար»:

Արամ Համբարյանը գոհութնակություն է հայտնել, որ ամերիկահայ համայնքի հետևողական ներգրավվածությունը ստիպել է, որ Արցախն ու Հայաստանը հայտնվեն ամերիկյան ազգային ընտրական քննարկումների օրակարգում:

«Մենք ակնկալում ենք ավելին, քան միայն խոսքեր: Մեր ձայները ստանալու համար մենք պահանջում ենք տեսնել արդյունքներ՝ գործողություններ, որոնք գործնականում կպատժեն Ալիևին և կխոչընդոտեն Ադրբեջանի նոր ագրեսիան», - հավելեց Համբարյանը:

Հայ Դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ ասված է, որ «մինչև 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները մնացել է երկու շաբաթից էլ պակաս, և ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատ թեկնածուները հայտարարություններ են տարածել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերաբերյալ՝ փորձելով գրավել ամերիկահայերի աջակցությունը ԱՄՆ-ում, մասնավորապես կարևոր ընտրատարածքային նահանգներում, ներառյալ Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Նևադա, Հյուսիսային Քարոլինա, Փենսիլվանիա և Վիսկոնսին»:

«Ակնհայտ է՝ հայկական ձայները կարևոր են։ Այսօր դա տեսանք, երբ նախկին նախագահ Թրամփը քննադատեց Բայդեն-Հարիս վարչակազմը Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների իրականացման հարցում անգործության համար։ Դա տեսանք նաև մի քանի շաբաթ առաջ, երբ փոխնախագահ Հարիսը կոչ արեց ապահով և կայուն վերադարձ ապահովել Արցախ հայության համար», - հայտարարել է Համբարյանը՝ իր տեսաուղերձում ուղղված ամերիկահայ ընտրողներին և կոալիցիոն գործընկերներին։

«Սա կարևոր հանգրվան է մեր համայնքի համար, կարևոր քայլ է մեր՝ որպես ընտրական ուժի, ամերիկյան ազգային բեմում ի հայտ գալու գործընթացում։ Խնդրում ենք մնալ ներգրավված, շարունակել ճնշումը։ Մեր ներդրումները ամերիկյան քաղաքական համակարգում արդյունք են տալիս»,- ասել է Արամ Համբարյանը։

XS
SM
MD
LG