Մատչելի հղումներ

Իլոն Մասկը հարցազրույց է վերցրել Թրամփից


Իլոն Մասկը հարցազրույց է վերցրել Թրամփից
Իլոն Մասկը հարցազրույց է վերցրել Թրամփից

ԱՄՆ նախկին նախագահը վերադարձել է X սոցհարթակ՝ հրապարակելով մի շարք հաղորդագրություններ։

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հարցազրույցը միլիարդատեր Իլոն Մասկի հետ ընթացել է վերջինիս պատկանող X սոցհարթակում։ Սակայն ունկնդիրները ստիպված էին սպասել, քանի որ Թրամփին անթաքույց աջակցող Մասկը կարողացել է հարցազրույցը սկսել մոտ 40 րոպե ուշացումով՝ տեղական ժամանակով երեկոյան ժամը 20:42-ին։ Միլիարդատիրոջ խոսքով՝ խնդիրը DDoS հարձակումն էր։

Թե որքանով է հավաստի Մասկի այս պնդումը, տակավին անհայտ է։ X սոցհարթակը չի պատասխանել ենթադրյալ կիբեռհարձակման մասին հարցումներին: Փոխարենը՝ տեղեկացրել է, որ մոտ 45 րոպեանոց հարցազրույցը ուղիղ եթերում դիտել է ավելի քան 1,3 միլիոն մարդ։

Մասկը հարցազրույցի մի մասում ուղղակի գովաբանում էր Թրամփին՝ այս հուլիսի 13-ի վերջինիս դեմ իրականացված մահափորձի ժամանակ «նրա դրսևորած քաջության համար»։ Սպիտակ տան նախկին ղեկավարը արձագանքել է, թե նախատեսում է ևս մեկ հանրահավաք անցկացնել Բաթլերում, որտեղ տեղի է ունեցել մահափորձը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահը ականջի թեթև վնասվածք էր ստացել Փենսիլվանիայում՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ իր կողմ ուղղված կրակի պատճառով։

Հայտնի է, որ այդ միջադեպից անմիջապես հետո Մասկը, որը աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, հայտարարեց Թրամփին աջակցելու մասին։ Նախորդ ընտրություններում միլիարդատերը սատարում էր Բայդենին, սակայն ժամանակի ընթացքում նրա հայացքները հեռացան դեմոկրատ նախագահի դիրքորոշումներից։

Հարցազրույցի ընթացքում Թրամփը հանդես էր գալիս իրեն բնորոշ ոճով։ Մասկը աջակցություն էր հայտնում նրան։

Օրինակ՝ Թրամփը, առանց որևէ փաստարկի, հայտարարեց, թե Ռուսաստանը չէր ներխուժի Ուկրաինա, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին անվանեց «մեծ խաղացողներ»:

Հաջորդիվ՝ հանրապետական գործիչը չի թաքցրել իր վրդովմունքը, որ նախընտրական պայքարում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը փոխարինել է Բայդենին՝ որպես երկրի ղեկավարի դեմոկրատների թեկնածու։

«Այդ խարդախության սկզբից ի վեր նա՝ [Բայդենը] ոչ մի հարցազրույց չի տվել»,- ասել է Թրամփը՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի քայլն անվանելով «հեղաշրջում»:

Վարկանիշով Թրամփը Բայդենից առաջ էր բազմաթիվ նահանգներում, սակայն այժմ զիջում է Հարիսին դրանցից մի քանիսում: Երեք շաբաթ առաջ Բայդենի կողմից որպես ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո Հարիսը կարողացել է բարձրացնել դեմոկրատների վարկանիշը:

Ինչևէ, հարցազրույցի հաջորդ կարևոր կողմն այն է, որ Թրամփը, փաստորեն, վերադարձավ X սոցհարթակ՝ ինչը հանրապետական գործչի համար հանրային ուշադրություն գրավելու լրացուցիչ հնարավորություն է՝ հատկապես մի ժամանակ, երբ նրա նախընտրական արշավը նոր խոչընդոտների առջև է:

Այստեղ նշենք, որ X-ը գնելուց ընդամենը մեկ ամիս անց Մասկը վերականգնեց Թրամփի օգտահաշիվը՝ @realDonaldTrump-ը, սակայն այն, փաստորեն ակտիվ չէր մինչև մեկ օր առաջ, մինչդեռ նախկինում, հատկապես՝ 2020 թվականի նախագահական ընտրապայքարի ժամանակ հենց X (այդ ժամանակ Twitter) սոցհարթակն էր համարվում Դոնալդ Թրամփի հաղորդակցության հիմանական միջոցը։

Փոխարենը, Թրամփը անցավ իր կողմից ստեղծված Truth Social սոցհարթակ, որը գործարկվեց 2022 թվականի փետրվարին, սակայն այնտեղ նա շատ ավելի փոքր լսարան ունի, քան X-ում:

Վերադառանանք, սակայն Իլոն Մասկին, ով, ինչպես հայտնի է, ղեկավարում է նաև Tesla աշխարհահռչակ ընկերությունը։ Հարցազրույցի ժամանակ գործարարը կրկնում էր Թրամփի չհիմնավորված պնդումները՝ ԱՄՆ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ իբր տեղ գտած կեղծիքների մասին և քննադատում ներգաղթյալներին վերաբերող Ջո Բայդենի քաղաքականությունը։

Իր հերթին՝ Թրամփը, ով նախկինում դեմ էր էլեկտրական մեքենաների ոլորտի ռազմավարական զարգացմանը, կարծես, փոխել է իր դիրքորոշումը։

«Էլեկտրական մեքենաների կողմնակից եմ։ Ստիպված եմ, որովհետև Իլոնն ինձ շատ լրջորեն աջակցեց: Այնպես որ, այլընտրանք չունեմ»,- ասել էր Թրամփը օգոստոսի սկզբին կայացած հանրահավաքում:

Ավտոարդյունաբերության ոլորտի ամերիկյան խոշոր արհմիության՝ United Auto Workers-ի նախագահ Շոն Ֆեյնը, ով, հայտնի է, աջակցում է Հարիսին, Թրամփին անվանել է «ծախված»:

Գաղտնիք չէ, որ նախագահ Բայդենի վարչակազմը ձգտում է խթանել էլեկտրական մեքենաների արտադրությունը՝ տրամադրելով հարկային արտոնություններ և այլ աջակցություն՝ որպես կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ավելի լայն ռազմավարության մաս: Մինչդեռ, Կոնգրեսի հանրապետականները, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահի նրանց թեկնածուն՝ սենատոր Ջեյ Դի Վենսը, դեմ են պետական սուբսիդիաներին:

XS
SM
MD
LG