Մատչելի հղումներ

Ի՞նչ հետևանքներ կունենան Կրեմլի համար Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները Կուրսկի մարզում․ փորձագետներ


Ուկրաինացի զինծառայողները խորհրդային արտադրության T-72 տանկում Սումիի շրջանում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, 2024 թվականի օգոստոսի 12-ին.
Ուկրաինացի զինծառայողները խորհրդային արտադրության T-72 տանկում Սումիի շրջանում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, 2024 թվականի օգոստոսի 12-ին.

Ռուսաստանի Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողության մեկնարկից մեկ շաբաթ անց ռուսաստանյան գրեթե 30 բնակավայր անցել է Կիևի վերահսկողության ներքո, ավելի քան 100 հազար ռուսաստանցիներ ստիպված տարհանվել են։

Եվ այսպես, Ռուսաստանի Կուրսկի մարզի գրեթե երեք տասնյակ բնակավայրեր շարունակում են մնալ ուկրաինական զինուժի վերահսկողության ներքո՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ օգոստոսի 12-ին կայացած քննարկմանը այս մասին տեղեկացրել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

Մինչդեռ, ուկրաիանական Deep State տեղեկատվական հարթակի համաձայն՝ Ուկրաինայի զինուժի կողմից գրավված բնակավայրերի թիվը կարող է հասնել 44-ի, ներառյալ՝ Սուջա քաղաքը, որից քիչ այն կողմ դեպի Եվրոպա հոսող գազի բաշխիչ կայանն է։

Կուրսկի մարզպետի պաշտոնակատարի խոսքով՝ ռազմական գործողությունների գոտին և Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքները կազմում են մոտ 480 քառակուսի կիլոմետր, և առ այսօր անհայտ է շուրջ երկու հազար տեղի բնակիչների ճակատագիրը, որովհետև տարածաշրջանում կապ չկա։

Ուկրաինայի զինուժի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու ներկայացմամբ՝ ուկրաինական բանակի կողմից վերահսկվող ռուսական տարածքը կազմում է գրեթե հազար քառակուսի կիլոմետր։ Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։

Վերադառնանք Ալեքսեյ Սմիրնովին, ով Պուտինին նաև զեկուցել է, թե ավելի քան 120 հազար ռուսաստանցիներ տարհանվել կամ ինքնուրույնաբար լքել են ռազմական գործողությունների շրջանը, սակայն պետք է տարհանել ևս մոտ 180 հազարի։

Ըստ տեղեկությունների, օգոստոսի 6-ին, ինչ ուկրաինական զորքերը մուտք գործեցին Կուրսկի մարզ, Կրեմլը այդ շրջաններում տեղակայել է լրացուցիչ զորքեր և տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հրթիռային կայաններ, ինքնաթիռներ։

Ավելի ուշ Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարեց, որ Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ՝ ուկրաինական հարձակումն անվանելով «ահաբեկչական», ինչի հետևանքով զոհվել են քաղաքացիական անձինք, պատճառվել ավերածություններ:

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի հիման վրա սահմնված այդ ռեժիմը Ռուսաստանի իշխանություններին տալիս է լայն լիազորություններ։ Նրանք կարող են «սահմանափակել մարդկանց տեղաշարժը, առգրավել մեքենաներ, գաղտնալսել հեռախոսային խոսակցություններ և հիմնել անցակետեր»։

Ուշադրություն գրավեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու օգոստոսի 8-ի հայտարարությունը, որ «Ռուսաստանը պատերազմը բերեց մեր հող՝ [Ուկրաինա], և ինքը պետք է զգա, թե ինչ է արել»։

Ուկրաինական զորքերի կողմից Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու վերաբերյալ Մոսկվայից հնչող հայտարարությունների մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Կրեմլին հորդորել է պարզապես լռել՝ նկատի ունենալով ռուսական ուժերի շարունակվող արյունալի ագրեսիան Ուկրաինայի դեմ:

Կուրսկի մարզում տեղի ունեցողը լուրջ հարված է պուտինյան ռեժիմի հեղինակությանը՝ կարծիք է հայտնել քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը՝ հիշեցնելով, թե Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամն է, որ Ռուսաստանը ենթարկվում է ռազմական հարձակման և «բոլորը հասկանում են՝ ով է պատասխանատուն»։

«Պուտինը պարտավորվել է պաշտպանել «ռուսական աշխարհը», բայց չի կարող պաշտպանել անգամ Ռուսաստանի բնակչությանը։ Նա իրեն պատկերացնում էր Ալեքսանդր Մակեդոնացու պես մեծ հրամանատար, բայց հայտնվեց նման իրավիճակում։ Այս առումով Զելենսկին ճիշտ է հաշվարկել»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Օրեշկինը։

Քաղաքագետի խոսքով՝ Մոսկվայի համար իրավիճակը հղի է բացասական այլ հետևանքներով․ «Երբ Պուտինը սկսեց «հատուկ ռազմական գործողությունը», ասաց, թե այն կիրականացնեն հատուկ պատրաստված մարդիկ՝ հատուկ միջոցների ու հատուկ ծառայությունների օգնությամբ, արագ ու ծափահարությունների ներքո։ Հիմա տեսնում ենք, որ այդ խոսակցությունները բլեֆ էին»։

Դմիտրի Օրեշկինի համոզմամբ՝ այժմ Արևմուտքում ավելի հստակ պատկերացումներ կան, թե ով է իրականում Պուտինը․ «Նրանից կսկսեն քիչ վախենալ [Պուտինից], և, գուցե, հենց սա է Կիևի գլխավոր ձեռքբերումը։ Այս ֆոնին՝ նկատում ենք, որ թուլանում է Պուտինի շուրջ համախմբվածությունը»:

Արտերկրում գործող ռուսական The Insider պարբերականի պնդմամբ՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը տարածում է կեղծ տեսանյութեր, որոնք պատկերում են Կուրսկի մարզում ուկրաիանական զինուժի դեմ մարտերում ռուսական կողմի իբր գրանցած հաջողությունները։ Ըստ The Insider-ի՝ այդ տեսանյութերը նկարահանվել են ավելի վաղ և այլ շրջաններում։

Ռուսաստանի իշխանությունների հրապարակած տեղեկատվության հետ, մեղմ ասած, համաձայն չեն նաև ռազմական գործողությունների գոտում հայտնված ռուսաստանցիները, որոնք սոցցանցերում արված մեկնաբանություններում պնդում են, թե իրականությունը տարբերվում է պաշտոնական լրահոսից։

Հայտնի հրապարակախոս Մարկ Ֆեյգինը ևս այն կարծիքին է, թե Կուրսկի մարզում տեղի ունեցողը շոշափելի հարված է Կրեմլի վարկանիշին ու Մոսկվայի քարոզչական համակարգին։

«Առ այսօր նրանք ավելի ստեղծագործ լուծում չեն մտածել, քան ստելն ու լռելը։ Բայց սա չի կարող անվերջ շարունակվել»,- «Ամերիայի ձայնին» փոխանցել է Ֆեյգինը։

Մեր զրուցակիցը հիշեցրել է՝ նախորդ ամիսներին շարունակ հնչում էր այն միտքը, թե ուր-որ է ռուսական ուժեը լայնածավալ հարձակում են սկսելու Ուկրաինայում, սակայն վրա հասավ Կուրսկի գրոհը, ինչը կատարյալ անակնկալ էր Կրեմլի համար։ Հետևաբար՝ Ուկրաինայի նման հաջողությունը ուղղակի զրոյացնում է Մոսկվայի քարոզական թեզը, թե «ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»։

Հայտնի է, որ Պուտինը Ուկրաինայի զինուժի գործողությունները անվանել է «սադրանք», և նման իրավիճակը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս՝ նշում է Ֆեյգինը. «Պուտինը նախկինում վերջնագիր էր ներկայացրել Կիևին՝ պահանջելով դուրս բերել Ուկրաինայի զինուժը ուկրաիանական չորս մարզերից, որոնք չեն գտնվում ռուսական ուժերի վերհսկողության ներքո: Եվ ահա, ստեղծվում է Կուրսկի մարզի իրավիճակը: Այժմ Կրեմլը պետք է պահանջի Ուկրաինայի զինուժին լքել Կուրսկի մարզը։ Լինելով լկտի բանակցող՝ Պուտինը հայտնվեց հիմար դրության մեջ»։

Հրապարակախոսը ընդգծեց՝ Ուկրաինայի զինուժի մնալը Կուրսկի մարզում խիստ բացասաբար է ազդում ռուսաստանցի բռնապետի հեղինակության վրա, ինչը ուղղակի ցույց է տալիս, թե Պուտինը պարզապես չի կարողանում պաշտպանել ռուսաստանցիներին, իսկ նշվածը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

XS
SM
MD
LG