Մատչելի հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը մերժել է հավանություն տալ կառավարության ֆինանսավորման վերաբերյալ Թրամփի առաջարկած օրինագծին


ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես

ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ անդամներն ու որոշ հանրապետականներ հրաժարվել են հաստատել ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը թույլատրող օրինագծի օգտին։ Արդյունքում՝ ԱՄՆ գործադիր իշխանությունը կանգնել է իր գործունեությունը հարկադրաբար կասեցնելու վտանգի առջև։

Չի բացառվում, որ ԱՄՆ կառավարության գործունեության համար անհրաժեշտ ծախսերի մասին օրինագիծը մինչև այս տարվա ավարտ այդպես էլ չհաստատվի Ներկայացուցիչների տան կողմից, ինչի հետևանքով ամերիկյան կառավարությունը կարող է պարզապես դադարեցնել իր գործունեությունը՝ միջոցների բացակայության պատճառով։

Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնն ասում է․ «Երկարատև գործընթաց է: Երբեմն ժամանակ է պահանջվում փոխհամաձայնության հասնելու համար»:

ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորող օրինագծի ընդունումը տապալվեց՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կոչի ֆոնին, թե հարկ է, որ օրենսդիրները ընդունեն երկրի պետպարտքի ավելացումը թույլատրող օրինագիծը և կողմ քվեարկեն կառավարության հետագա ֆինանսավորումը թույլատրող օրինագծին։

Վերլուծաբան Քևին Քոսարը նշում է․ «Ինչ-որ առումով սա ձեռնտու է Թրամփին: Եթե Կոնգրեսն այժմ զբաղվի այս հարցով, ապա [նախագահը] ստիպված չի լինի հետագայում պատասխան տալ պետպարտքի ավելացման համար: Մյուս կողմից, [Թրամփի] պահանջը ուշացած է, որովհետև Կոնգրեսը փորձում է ավարտել աշխատանքը Սուրբ Ծննդյան տոներից առաջ, իսկ պետպարտքի թույլատրելի սահմանաչափը ավելացնելու վերաբերյալ քվեարկությունը չափազանց ծանր բան է»:

Հինգշաբթի Թրամփը հավանություն էր օրինագծին, սակայն Ներկայացուցիչների տան հանրապետական որոշ անդամներ մերժեցին ընդունել այն՝ պնդելով, թե չի կարելի հավանություն են տալ այնպիսի ծախսերի, որոնք ԱՄՆ-ն չի կարող իրեն թույլ տալ:

«Երեք հարյուր երեսուն միլիարդ դոլար։ Շնորհավորում եմ։ Դուք ավելացրել եք պետպարտքը, քանի որ նոյեմբերի 5-ի քվեարկության արդյունքում կրկին մեծամասնություն կազմեցիք: Ամո՛թ է»,- հայտարարել է հանրապետական կոնգրեսական Չիփ Ռոյը։

Դեմոկրատները նույնպես հրաժարվեցին կողմ քվեարկել:

ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսն ասում է. «Ծայրահեղական, [Թրամփի կողմնակից] հանրապետականները որոշեցին կատարել հարուստների, միլիոնատերերի և միլիարդատերերի պահանջը, այլ ոչ թե Ամերիկայի աշխատավոր մարդկանց»:

Կառավարության ֆինանսավորման օրինագծի նախորդ տարբերակը, որը ստացել էր երկու կուսակցությունների հավանությունը, պարունակում էր 100 միլիարդ դոլար օգնություն բնական աղետների հետևանքով տուժած ամերիկացի ֆերմերներին:

Սակայն այդ տարբերակը, որը նախատեսում էր ԱՄՆ կառավարության ֆինանսավորում մինչև 2025 թվականի մարտ, մերժվեց Թրամփի ու իր թիմում արդեն իսկ մեծ ազդեցություն ունեցող, միլիրադատեր Իլոն Մասկի կողմից։

X հարթակում Մասկը անգամ գրեց․ «Դադարեցրե՛ք գողանալ ձեր հարկային դոլարները»:

Վերլուծաբան Թոմ Շատցի խոսքով՝ սոցցանցերում հանդես գալը, կարծես, դառնում է երկիրը կառավարելու մի նոր ձև։

«Անտեղի ծախսերի դեմն առնելու նախկին ու ներկա ջանքերի միջև տարբերությունը սոցցանցերում հանդես գալն է: Հարկ վճարողները ավելի մեծ հնարավորություն ունեն իրենց տեսակետները հասցնել Կոնգրեսի անդամներին՝ սոցցանցերի շնորհիվ»,- ասումէ Շատցը:

Եթե օրենսդիրները չկարողանան համաձայնության գալ այս շաբաթ, ԱՄՆ կառավարության դաշնային բազմաթիվ աշխատակիցներ կմնան առանց վարձատրության:

XS
SM
MD
LG