Մատչելի հղումներ

Բայդենը ներում է շնորհել որդուն


Դեմոկրատների ազգային կոնվենցիա (DNC). Չիկագո
Դեմոկրատների ազգային կոնվենցիա (DNC). Չիկագո

Բայդենն ամիսներ շարունակ ասում էր, թե չի պատրաստվում ներում շնորհել իր 54-ամյա փաստաբան որդուն, ով տարիներ շարունակ կոկաինից կախվածություն է ունեցել:

Սակայն կիրակի ուշ երեկոյան տարածված ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ ասված է, որ Հանթեր Բայդենի նկատմամբ հետապնդումը ընտրովի էր և արվում էր քաղաքական դրդապատճառներով, որի նպատակն էր վնասել նախագահ Ջո Բայդենի քարոզարշավին:

«Նրա գործերով մեղադրանքները ի հայտ եկան այն բանից հետո, երբ Կոնգրեսում իմ քաղաքական հակառակորդներից մի քանիսը դեմ դուրս եկան իմ թեկնածությանը», - ասել է Բայդենը:

Հանթեր Բայդենը հունիսին դատապարտվեց է երեք մեղադրանքների հիման վրա՝ 2018 թվականին զենք գնելու համար: Դատախազները նշել էին, որ նա կեղծ պնդումներ է արել, թե ապօրինի թմրանյութեր չի օգտագործել և կախվածություն չունի:

Նա նաև մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու գործով: Նրան մեղադրում էին առնվազն 1,4 միլիոն դոլարի հարկեր չվճարելու մեջ:

Նախատեսված էր, որ այս դեկտեմբերի 16-ին Լոս Անջելեսում հրապարակվելու էր նրա վերաբերյալ դատավճիռը և ներկայացված մեղադրանքերի գծով նրան սպառնում էր մինչև 17 տարվա բանտարկություն, թեև փաստաբաննրի ներկայացմամբ, ամենայն հավանականությամբ, որպես նախկինում չդատապարտված անձ, նա ճաղերի հետևում կանցկացներ 36 ամսից ոչ ավելի:

Զենքի գործով Հանթեր Բայդենին սպառնում էր ավելի խիստ պատիժ՝ մոտ 25 տարի, սակայն ավելի հավանական էր դիտվում, որ, հիմնվելով նախկինում նմանատիպ գործերով դատավճիռների վրա, նրան կսահմանվեր մինչև 16 ամիս ազատազրկում:

Հանթեր Բայդենը հայտարարությունում նշված է. «Ընդունել եմ և պատասխանատվություն եմ կրել իմ սխալների համար՝ իմ կախվածության ամենասև օրերին, սխալներ, որոնք օգտագործվել են քաղաքական նպատակներով ինձ և իմ ընտանիքին հրապարակայնորեն նվաստացնելու համար»:

ԱՄՆ նախագահն իր հայտարարությամբ հույս է հայտնել, որ «ամերիկացիները կհասկանան, թե ինչու է նա եկել նման որոշմանը՝ որպես հայր և նախագահ»:

«Իմ ողջ կարիերայի ընթացքում հետևել եմ մի պարզ սկզբունքի՝ ասել ճշմարտությունն ամերիկացի ժողովրդին: Նրանք արդարամիտ կլինեն: Ահա ճշմարտությունը՝ հավատում եմ արդարադատության համակարգին, բայց քանի որ պայքարել եմ դրա հետ, նաև հավատում եմ, որ քաղաքականությունը վարակել է այս գործընթացը և հանգեցրել արդարադատության սխալի: Շաբաթավերջին կայացրեցի այս որոշումը։ Այն ավելի հետաձգելն իմաստ չուներ»,- ասել է Բայդենը։

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է այդ քայլը՝ այն անվանելով «չարաշահում և արդարադատության սխալ» և համեմատելով իր հարյուրավոր կողմնակիցներին առնչվող տեղի ունեցածի հետ, որոնք բանտարկվել են 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։

Թրամփը նաև հայտարարել է, թե կմտածի հունվարի 6-ի գործով բանտարկվածներին ներում շնորհելու մասին, երբ նորից ստանձնի իշխանությունը։ Հայտնի է, որ այդ մարդկանցին ոմանք արդեն կրել են իրենց պատիժը, բայց շատերը դեռ տարիներ շարունակ պետք է բանտում անցկացնեն:

Հիշեցնենք՝ իր առաջին նախագահության վերջում Դոբնակդ Թրամփը ներում էր շնորհել Չարլզ Քուշներին՝ իր փեսա Ջարեդ Քուշների հորը, ով դատապարտվել էր հարկային իրավախախտումների և այլ մեղադրանքների համար։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, թե մտադիր է ավագ Քուշներին առաջադրել Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։

Թրամփը նաև ներում է շնորհել ազգային անվտանգության գծով իր նախկին խորհրդականներից Մայքլ Ֆլինին, նախընտրական շտաբի նախկին աշխատակից Փոլ Մանաֆորթին, նախկին օգնական Սթիվ Բենոնին, մեկ այլ օգնական Ջորջ Պապադոպուլոսին և այլոց:

ԱՄՆ քաղաքական դաշտում տարբեև արձագանքներ եղան՝ որդուն ներում շնորհելու Բայդենի որոշման վերաբերյալ:

Կոլորադոյի դեմոկրատ նահանգապետ Ջարեդ Պոլիսն ասել է, որ թեև հասկանում է Բայդենի «բնական ցանկությունը»՝ օգնել որդուն, միևնույնն է «հիասթափված է, որ նա իր ընտանիքը վեր է դասել երկրից: Սա վատ նախադեպ է, որը կարող է չարաշահվել հետագա նախագահների կողմից, և, ցավոք սրտի, կվնասի նրա հեղինակությունը»:

Արիզոնայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Գրեգ Սթենթոնն նշել է. «Հարգում եմ նախագահ Բայդենին, բայց կարծում եմ, որ նա սխալ է այս հարցում: Սա քաղաքական դրդապատճառներով հետապնդում չէր. Հանթերը հանցագործություններ է կատարել և դատապարտվել»:

Այովա նահանգից հանրապետական սենատոր Չակ Գրասլին գրել է X-ում, թե «ցնցված է» ներման որոշումից, քանի որ նախագահը «շատ անգամներ ասել էր, որ դա չի անելու և ես հավատում էի նրան»:

Այդուհանդերձ հնչել են նաև այլ կարծիքներ։ Օրինակ, դեմոկրատ գործիչ Էրիկ Հոլդերը, ով նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ գլխավոր դատախազն էր, ասել է, թե նախագահի որդին քրեական հետապնդման է ենթարկվել միայն այն պատճառով, քանի որ նրա ազգանունը Բայդեն է:

Նյութում օգտագործվել են Associated Press-ի և Reuters-ի հրապարակումները:

XS
SM
MD
LG