Մատչելի հղումներ

Լոնդոնում չեն բացառում Ռուսաստանի հիբրիդային հարձակումը ԱՄՆ ռազմակայանների վրա


Լոնդոնում ԱՄՆ ռազմակայաններ
Լոնդոնում ԱՄՆ ռազմակայաններ

Բրիտանական և ամերիկյան իշխանությունները հետաքննում են անօդաչուների վերջին թռիչքները Մեծ Բրիտանիայում տեղակայված ԱՄՆ չորս ավիաբազաների վրայով: Լոնդոնը լրացուցիչ զորակազմ է տեղակայել բազաների շուրջ՝ մտավախություն ունենալով, որ անօդաչուները կարող են կիրառվել դիվերսիոն գործողություններ համար:

Պենտագոնը հայտարարել է, թե փոքր չափսերի անօդաչուները նոյեմբերի 20-ից կանոնավոր կերպով թռիչքներ են իրականացնում Բրիտանիայում գտնվող ամերիկյան չորս ռազմակայանների վրայով:

Ռազմակայանների մեկը ԱՄՆ ռազմաօդային ուժերի հայտնի 48-րդ ստորաբաժանումն է, որը տեղակայված է Միացյալ Թագավորության հարավ-արևելքում գտնվող Լեյքենհիթ գյուղի մոտ և համարվում է Եվրոպայում ամերիկյան ուժերի կարևոր բաղկացուցիչը:

Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը հայտարարել է. «Այդ սարքերից ոչ մեկը չի ազդել բազայի օբյեկտների կամ գործունեության վրա»:

Մեծ Բրիտանիան լրացուցիչ զորակազմ՝ մոտ 60 զինվորական է տեղակայել բազաների շուրջ: Թագավորության պաշտպանության նախարար Մարիա Իգլի խոսքով՝ օգտագործում են «բազմաշերտ ուժային պաշտպանության միջոցներ»:

Ամերիկյան կողմի ներկայացմամբ՝ անօդաչուները «տարբեր են եղել»:

Անօդաչուների գծով փորձագետ Դևիդ Դանի կարծիքով՝ հավանաբար, գործ ունենք ծրագրված գործողության հետ, և ԱՄՆ հակառակորդները կարող են օգտագործել անօդաչուներ՝ հետախուզական նպատակներով, որպեսզի պարզեն կործանիչների քանակը, դրանց տեղակայման վայրերը:

Անօդաչուներ են նկատվել նաև ամերիկացի զինվորականների բնակելի թաղամասերի վրա:

«Ընդհանուր համակարգի ամենախոցելի մասն, իրականում, օդանավի անձնակազմն է»,- ասել է Դանը:

Բրիտանական The Times պարբերականի հյաղորդմամբ՝ Միացյալ Թագավարության իշխանությունները չեն բացառում, որ այդ ամենի հետևում կանգնած է Կրեմլը:

Դանի խոսքով՝ նշաններ կան, որ Մոսկվան ձգտում է ընդլայնել, այսպես կոչված, հիբրիդային հարձակումները:

«Ստորջրյա մալուխների խափանումը, Բիրմինգհեմում ի հայտ եկած հրկիզող ծանրոցները, պահեստի այրումը, որտեղ ամբարված էր Ուկրաինա առաքվող օգնությունը, կապված են այդ հարձակումների հետ: Այս բաները, ըստ երևույթին, արվում են երրորդ երկրի կողմից, իսկ ռուսական պետությունը հայտնի է Մեծ Բրիտանիայում գործած հանցագործություններով»,- ասել է Դանը:

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը չի արձագանքել «Ամերիկայի ձայնի» հարցմանը: Մոսկվան ավելի վաղ հերքել էր իր մասնակցությունը Արևմուտքի դեմ ուղղված հիբրիդային հարձակումներին:

XS
SM
MD
LG