Նյու Յորքի դաշնային դատախազները մեղադրանք են առաջադրել Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյա Ռուհոլլահ Բազգանդիին և Թեհրանի հետ կապ ունեցող ևս երեք անձանց՝ 2022 թվականին Բրուքլինում «Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայության լրագրող Ալինեջադի դեմ կազմակերպված մահափորձի անհաջող փորձին մասնակցելու համար: Նոր մեղադրական եզրակացությունը հրապարակվել է երեքշաբթի օրը:
Սա առաջին անգամ է երբ Հեղափոխության պահապանների կամ ԻՀՊԿ-ի բարձրաստիճան պաշտոնյային ուղղակիորեն մեղադրում են Ալինեջադին սպանելու դավադրության մեջ ունեցած դերակատարության համար: Լրագրողը Իրանի կողմից կանանց դեմ իրականացվող բռնաճնշումների վճռական քննադատ է:
«Այսօրվա մեղադրական եզրակացությունը ցույց է տալիս Իրանի դավադրության ամբողջականությունը՝ լռեցնելու ամերիկացի լրագրողին իրանական ռեժիմը քննադատելու համար», - նշված է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյի հայտարարության մեջ: «ՀԴԲ-ն կաշխատի մեր գործընկերների հետ այստեղ և արտերկրում՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր թիրախ են դարձնում ամերիկացիներին»:
Մեղադրական եզրակացության մեջ Բազգանդին նկարագրվում է որպես ԻՀՊԿ-ի բրիգադի գեներալ: Անցյալ տարի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նրան անվանել էր հակահետախուզական պաշտոնյա:
Ըստ Ալինեժադի, որ այս մեղադրական եզրակացությունը ցույց է տալիս, թե ինչերի է իրանական կառավարությունը պատրաստ գնալ իր քննադատներին լռեցնելու համար:
«Դա ապացուցում է, որ այս ամենը Հեղափոխության պահապանների ԴՆԹ-ում է», - նշել է նա «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:
Երեքշաբթի առավոտյան ՀԴԲ-ն Ալինեջադին հայտնելլ է այդ լուրը, ի պատասխան որին նա նշել է որ հուզմունքի և տխրության խառնուրդ է զգում:
«Ես այնքան հուզված էի, որովհետև հիմա մենք ապացույց ունենք, որ սա Հեղափոխական գվարդիայի անդամն է, որը Նյու Յորքում, Իրանի ներսից պատվիրում է ԱՄՆ քաղաքացու սպանել», - նշել է նա: «Խառը զգացմունքներ ունեմ: Ուրախ եմ, բայց միևնույն ժամանակ տխուր, որ նույն մարդկանց չի կարելի կանգնեցնել [Իրանի] ներսում սպանելանմեղ կանանց ու տղամարդկանց»:
Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանելլ Բազգանդիի նկատմամբ, նաև հայտնելով, որ նա ներգրավված է եղել լրագրողների և Թեհրանի թշնամի համարվող այլ անձանց դեմ մահափորձերի մեջ:
Սրանք սպանության փորձերի հետ կապված առաջին մեղադրանքները չեն: Ալինեժադին սպանելու ձախողված դավադրությունը հանգեցրեց վարձու սպանությունների դաշնային մեղադրանքներին Իրանի հետ կապ ունեցող Արևելյան Եվրոպայի հանցավոր կազմակերպության անդամների դեմ, ովքեր վարձված էին սպանություն իրականացնելու համար:
Ըստ Freedom House-ի, Իրանը ամենաարդյունավետ երկրներից է, որը հասնում է իր սահմաններից այն կողմ՝ թիրախավորելու արտերկրում գտնվող լրագրողներին և ակտիվիստներին մի գործընթացում, որը հայտնի է որպես անդրազգային ռեպրեսիա: Ընդհանուր մարտավարությունը ներառում է հսկողություն, ոտնձգություն և ահաբեկում:
Անհաջող մահափորձը տեղի է ունեցել 2021 թվականին Ալինեժադի դեմ տեղի ունեցած առևանգման անհաջող փորձից մեկ տարի անց: Ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի, առևանգման փորձը Թեհրանի դավադրության մի մասն է եղել՝ Ալինեջադին Իրան բերելու համար:
Առևանգման փորձից ի վեր Ալինեջադը ստացել է ԱՄՆ կառավարության պաշտպանությունը և հաճախակի տեղափոխվել տարրբեր ապահով տների միջև:
Չնայած սպառնալիքներին՝ Ալինեժադը հրաժարվել է դադարեցնել իր աշխատանքը։
«Ես զենք ու փամփուշտ չունեմ, ես զենք չեմ կրում: Բայց այս կառավարությունը (Իրանի), նրանք ամեն ինչ ունեն, և իսկապես վախենում են ինձնից», - ասել է Ալինեջադը «Ամերիկայի Ձայն»-ին անցյալ տարվա վերջին՝ նկատի ունենալով Իրանի կառավարությանը: «Եվ դա ինձ ուժ է տալիս, որ նույնիսկ իմ խոսքերով, նույնիսկ իմ սոցիալական ցանցերով, ես նրանցից ավելի հզոր եմ»: