Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը երեքշաբթի շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային մոտ 35 միլիարդ եվրո կամ 38 միլիարդ դոլար վարկի տրամադրումը հաստատելու համար:
«Եվրամիության այս կարևոր ներդրումը Մեծ յոթնյակի [խոստացած] 50 միլիարդ դոլար վարկի մասն է...։ Սա կօգնի բավարարել Ուկրաինայի անհետաձգելի ֆինանսական կարիքները՝ Ռուսաստանի դաժան, լայնածավալ պատերազմի պայմաններում»,- X-ում նշել է Շմիգալը:
Կիևին նման վարկի տրամադրման ծրագիրը համաձայնեցվել էր Եվրոպական խորհրդարանում դեռ հոկտեմբերի սկզբին:
Հայտնի է, որ Մեծ յոթնյակը նախատեսում է Ուկրաինային տրամադրել ընդհանուր առմամբ 50 միլիարդ դոլար վարկ, որը մարվելու է սառեցված ռուսական պետական ակտիվներից ստացված շահույթի հաշվին: Կրեմլի այդ ակտիվները սառեցվել էին 2022 թվականի փետրվարին, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժում սկսեց Ուկրաինա:
Ռուսական ակտիվների ավելի քան երկու երրորդը՝ մոտ 210 միլիարդ եվրո, սառեցված է ԵՄ 27 երկրներում, հիմնականում՝ բելգիական Euroclear ընկերությունում, որը զբաղվում է ակտիվների կառավարմամբ:
ԵՄ-ն առաջինն է, որ հայտարարեց, թե Մեծ յոթնյակի նշված ծրագրի շրջանակում որքան գումար է տրամադրելու:
Երկուշաբթի Մեծ Բրիտանիան տեղեկացրեց, որ Ուկրաինային կտրամադրի 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ կամ մոտ 2,9 միլիարդ դոլար վարկ:
Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը նշել է, թե սպասվում է, որ Մեծ յոթնայկի մյուս երկրները կհայտարարեն իրենց ներդրումների մասին այս ուրբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը:
ԵՄ ներկայացուցիչների խոսքով՝ թեև միության հաստատած վարկի չափը կազմում է մոտ 35 միլիարդ եվրո, սակայն այն կարող է պակաս լինել՝ կախված մյուս երկրների ներդրումներից:
Ինչպես նշեցինք, Մեծ յոթնյակի նշված ծրագիրը նախատեսում է սառեցված ռուսական պետական ակտիվներից ստացված տոկոսները օգտագործել Ուկրաինան վարկավորելու համար, և այն գալու է փոխարինելու Եվրամիության գործող սխեմային, ըստ որի ցայսօր ֆինանսավորվել է Կիևը, և այս հուլիսին Ուկրաինային հատկացվեց շուրջ 1,7 միլիարդ դոլար:
Նշենք նաև, որ Մեծ յոթնյակի ծրագրի իրականացումը ձգձգվում էր, քանի որ ԱՄՆ-ն ԵՄ-ից պահանջում էր երաշխավորել, որ ռուսական ակտիվները կմնան սառեցված:
Գործող կարգի համաձայն՝ ԵՄ անդամները պետք է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ համաձայնեցնեն ռուսական պետական ակտիվների սառեցման ժամկետի երկարաձգումը:
Հունգարիան մերժել է այդ ժամկետը 36 ամսով երկարաձգելու առաջարկը՝ ակնհայտորեն նպատակ ունենալով սպասել ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին:
Կիևին տրամադրված ԵՄ վերջին վարկը եկավ լրացնելու այն 120 միլիարդ եվրո աջակցությանը, որ, ըստ պաշտոնյաների, Բրյուսելն ու ԵՄ անդամ-պետությունները տրամադրել են Ուկրաինային Կրեմլի լայնածավալ ագրեսիայից ի վեր:
Եվրոպական խորհրդարանը հաստատել է Ուկրաինայի համար նախատեսված 38 միլիարդ դոլար վարկը՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհակալություն է հայտնել եվրոպացի օրենսդիրներին։