Մատչելի հղումներ

Թուրքիայում կասեցվել է անկախ ռադիոկայանի հեռարձակումը եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» արտահայտության պատճառով  


Լուսանկար «Բաց ռադիոյի» կայքից
Լուսանկար «Բաց ռադիոյի» կայքից

Թուրքական «Բաց ռադիոն» այսօր փակվել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության խորհրդի (RTÜK) որոշմամբ։ Այն փակվել է եթերում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար, որն օգտագործել է ծրագրի մասնակիցներից մեկը

«Բաց ռադիոն» հեռարձակվում է գրեթե 30 տարի։ Այս ընթացքում այստեղ են եթեր դուրս եկել ավելի քան 16 հազար հաղորդավարներ և 26 հազար հյուրեր, որոնց թվում եղել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Նոամ Չոմսկին և Ռոբերտ Ֆիսկը։

«Բաց ռադիոն», որը հեռարձակվում է 95.0 FM-ով, այսօր հայտարարություն է տարածել, ուր ասվում է, որ այն կդադարեցնի եթերը մոտավորապես 30 տարվա շարունակական հեռարձակումից հետո: Ռադիոյի շենք հրավիրված էին «Բաց ռադիոյի» լրագրողներ, ունկնդիրներ, հաղորդավարներ։

Ռադիոյի հիմնադիր և ամենահայտնի «Բաց թերթ» հաղորդաշարի հաղորդավար Օմեր Մադրան լրագրողներին, ունկնդիրներին և հաղորդավարներին հրավիրել է ասուլիսին ժամը 17:30-ին ռադիոյի շենքում, որպեսզի ներկայացնի իրավիճակի իր տեսլականը և գործողության նոր ծրագիրը:

«Բաց թերթ» հաղորդաշարի մեկնաբան Օզդեշ Օզբալը նույնպես ասել է, որ իրենք մինչև վերջ պայքարելու են անարդար որոշման դեմ։ Օմեր Մադրան աջակցել է Օզբալին՝ հավելելով, որ իր հիմնադրման օրվանից «Բաց ռադիոն» ընդդիմանում է ատելության, բռնության, ազգայնականության և թշնամանքին։

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում «Բաց ռադիո»-ի հեռարձակման համակարգող Դիդեմ Գենչթուրքը նշել է, որ իրենք պարտավոր են կատարել որոշումը, սակայն արդեն իրավական առարկություն են ներկայացրել։

Գենչթուրքը հավելեց. «Թվային ոլորտում դուք կարող եք հեռարձակել տարբեր հարթակներում: Դրա համր կան մի քանի տեսակի լիցենզիաներ, որոնք թույլ են տալիս հեռարձակել նույնիսկ առանց ցամաքային ծածկույթի։»

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության խորհուրդը դեռևս չի մեկնաբանել այս հարցը։

RTÜK-ի անդամ Իլհամ Թաշչին իր հերթին ասել է. «Անընդունելի է փակել ռադիոն, որը գրեթե 30 տարի պահպանել է բոլոր կանոնները»: Նա «Ամերիկայի Ձայն»-ին ասել է. «Երկրի ներսում իրավական տարբերակները դեռ սպառված չեն. գործը կարող է փոխանցվել Տարածաշրջանային վարչական դատարան, թեև այս որոշումը կանխորոշում է ռադիոյի հետագա ճակատագիրը՝ մարդկային սխալի պատճառով փակելն անընդունելի է բարոյականության և մարդասիրության տեսանկյունից, հատկապես ռադիոյի համար, որը գրեթե 30 տարի պահպանել է բոլոր կանոնները»:

Ինչու՞ փակվեց «Բաց ռադիոն»

2024 թվականի ապրիլի 24-ին «Բաց թերթ» առավոտյան հաղորդման ժամանակ մասնակիցներից մեկն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։

Մայիսի 22-ին կայացած նիստի ժամանակ RTÜK-ը եկել է այն եզրակացության, որ «...հաղորդման մասնակիցը, խոսելով «Հայոց ցեղասպանության» մասին, նշել է, որ դա «զանգվածային սպանություն է, որը հայտնի է որպես ցեղասպանություն, որը կատարվել է օսմանյան հողերում», մինչդեռ հաղորդավարները դա հերքելու փորձեր չեն արել, ինչը հակասում է հանրային պատասխանատվության և պատասխանատու հեռարձակման սկզբունքներին և կարող է ատելություն և թշնամանք առաջացնել հասարակության մեջ»: Այն արդյունքում սահմանել է տուգանք ռադիոյի նկատմամբ և հինգ տարի ժամկետով կասեցրել ծրագիրը։

«Բաց ռադիոն» կատարել է տուգանքի առաջին վճարումը, սակայն չի կիրառել հաղորդման արգելքը՝ ասելով, որ «էլեկտրոնային ծանուցման համակարգում տեխնիկական սխալը թույլ չի տվել բացել կասեցման ամսաթիվը նշող փաստաթուղթը, և այդ պատճառով որոշումը չի կատարվել»։ Սակայն հուլիսի 3-ին RTÜK-ը որոշեց չեղյալ համարել լիցենզիան։

Անկարայի 21-րդ վարչական դատարանը, քննելով ռադիոյի փաստաբանների բողոքը, հուլիսի 8-ին կայացրել է արգելքը կասեցնելու որոշում։ RTÜK-ն առարկություն է ներկայացրել, որը նույնպես մերժվել է դատարանի կողմից հուլիսի 10-ին, և ռադիոն կարողացել է շարունակել հեռարձակումը։

Սակայն դատարանի անդամներից մեկին փոխարինելուց հետո RTÜK-ը կրկին ներկայացրեց բողոքը, որը հոկտեմբերի 8-ին միաձայն հաստատվեց։
«Բաց ռադիոն» բողոքարկել է վարչական դատարանի որոշումը վերադաս դատարանում և հայց է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել RTÜK-ի որոշման կատարումը։ Գործընթացն այս պահին դեռ շարունակվում է ։

XS
SM
MD
LG