Այդ ջանքերի հաջողությունը մեծապես կախված է Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի վարքագծից և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հասնելու ԱՄՆ գործադրած ջանքերից։
Հուլիսին կայացած հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, ըստ վերլուծաբանների, ի ցույց են դնում են Մոսկվայի ազդեցության գոտուց հեռանալու և դեպի Արևմուտք շրջվելու Երևանի նպատակները, որոնք աջակցություն են գտնում Վաշինգտոնում:
«Դրանք լուրջ զորավարժություններ էին։ Զուգահեռաբար տեղեկություն տարածվեց, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունում այսուհետ մշտապես նստելու է ամերիկացի ներկայացուցիչ՝ որպես խորհրդական, և նա կմիանա ֆրանսիացի իր գործընկերոջը, ով արդեն այնտեղ է: Դեպի Արևմուտք թեքվելն այլընտրանք չունի»,- ասում է Հակոբյանը:
Ծով ելք չունեցող Հայաստանը ցանկանում է նվազեցնել իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից՝ շարունակելով ջանքերը, որպեսզի Անկարան վերաբացի հայ-թուրքական սահմանը, ինչն ուղի կհարթի արևմտյան շուկաներ։ Հիշեցնենք, հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականին Անկարայի կողմից՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության պատճառով:
«Թուրքիան շատ ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ, նաև շատ լավ հարաբերություններ Վրաստանի հետ, բայց ոչ Հայաստանի: Եվ սա դժվար իրավիճակ է ստեղծում, երբ դիտարկում ենք Թուրքիայի ընդհանուր քաղաքականությունը Կովկասում»,- ասում է Տնտեսագիտության և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Սինան Ուլգեն:
Հայտնի է, որ Վաշինգտոնն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս հայտարարեց, որ համաձանությունը մոտ է:
Այդուհանդերձ, դեռ առկա են տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ: Վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի վերաբացումը Բաքվում դիտարկվում է որպես կարևոր լծակ Երևանի նկատմամբ:
«Մենք կարծում ենք` այս փուլում, քանի դեռ չենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, [սահմանի բացումը] կարող է սխալ ազդանշան ուղարկել Հայաստանին, որ մեզ պետք չէ համաձայնության գալ հիմնական հարցերի՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ»,- ասում է Բաքվում գործող Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:
Գաղտնիք չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սերտ կապեր ունի ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և Էրդողանը բացառում է Հայաստանի հետ սահմանի վերաբացումը մինչև Բաքվի պահանջները չկատարվեն։
Հանրահայտ է, որ թուրքական աջակցությունն օգնեց Ադրբեջանին հաղթել հայկական ուժերին 2020 թվականի պատերազմում, և չնայած նման աջակցությանը, որոշ վերլուծաբաններ պնդում են, թե Բաքուն է թելադրում Թուրքիայի քաղաքականությունը:
«Ադրբեջանի այսօրվա հաջողությունների հիմքում ընկած է մեծամասամբ Թուրքիայի ռազմական, հետախուզական օգնությունը: Տարակուսանք է առաջացնում, որ Թուրքիան Ադրբեջանի վետոյի պատճառով չի կարող բացել Հայաստանի հետ սահմանները, ինչի կարիքն ու ցանկությունը Հայաստանն ունի, և սա այն դեպքում եթե, իրոք, Ադրբեջանը, այս կամ այն պատճառով կրկին շրջվում է դեպի Ռուսաստան»,- ասում է Քադիր Հաս համալսարանի վերլուծաբան Սոլի Օզելը։
Նշենք, որ, օրինակ, ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերությունը Թուրքիայում ամենամեծ օտարերկրյա ներդրողն է, ինչը Բաքվին հզոր լծակ է տալիս Անկարայի հետ հարաբերություններում, և դիտորդների խոսքով, հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը, հավանաբար, կախված է Ադրբեջանի ղեկավարության ցանկություններից:
Այդուհանդերձ, հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 30-ին երկու տարվա դադարից հետո հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանին։ Ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը, Մարգարա-Ալիջան անցման կետում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերը, վերահաստատելով նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։