Մատչելի հղումներ

Ադրբեջանը թույլ չի տա, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները բարելավվեն` առանց հայ-ադրբեջանական համաձայնության. տեսակետ


Փաշինյան-Էրդողան երկխոսությունը` Պրահայում, 6 հոկտեմբերի, 2022թ.
Փաշինյան-Էրդողան երկխոսությունը` Պրահայում, 6 հոկտեմբերի, 2022թ.

Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ու Հարավային Կովկասի զարգացումները շարունակում են քննարկման առարկա լինել փորձագիտական շրջանակներում։ Որո՞նք են հիմնական խոչընդոտներն ու ի՞նչ սպասել. անդրադառնում են փորձագետները։

Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի կառավարության ղեկավարի մամլո ծառայության համաձայն, Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի` Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը Փաշինյանին` գալիք Վարդավառի տոնի կապակցությամբ: Թուրքիայի առաջնորդը նաև ցավակցել է Հայաստանում վերջերս տեղի ունեցած բնական աղետի առնչությամբ։

Հայկական կողմը հաղորդում է, որ կողմերն «ընդգծել են իրենց քաղաքական կամքն՝ առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ», նաև` երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակման կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները»,- ասված է հայկական կողմի հաղորդագրությունում:

Ուշագրավ է, որ թուրքական կողմը դեռ որևէ տեղեկություն չի հայտնել հեռախոսազրույցի մասին:

Հայտնի է, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերույունների կարգավորմանը միտված երկխոսության, ըստ ամենայնի, դադարի ֆոնին: Հիշեցնենք, որ նախկինում կողմերը համաձայնության էին հասել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար ցամաքային սահմանը բացելու շուրջ, սակայն վերջերս Հայաստանի կողմից բանակցող, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե Երևանը չի տեսել Անկարայի կողմից քայլեր` այս պայմանավորվածություններն իրագործելու ուղղությամբ։

Բրուքինգզ ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդինդաշբաշի գնահատմամբ, հայ-թուրքական գործընթացը շատ դանդաղ է առաջ գնում Թուրքիայի պատճառով, որն արգելակում է գործընթացը Բաքվի խնդրանքով: Վերլուծաբանի խոսքով, Թուրքիայի նման մոտեցումը բաց թողնված պատմական հնարավորություն է. «Թուրքիան դանդաղեցնում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը` մասամբ այն պատճառով, որ Ադրբեջանը, կարծես, ցանկանում է, որ Թուրքիան այն դանդաղեցնի մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքումը: Սակայն, իրականում, Թուրքիան բաց է թողնում պատմական հնարավորություն: Տարածաշրջանն այսօր կանգնած է հազվադեպ հնարավորության առջև` խաղաղության համաձայնագիր կնքելու առումով»։

Այդինդաշբաշի կարծիքով, տարածաշրջանոմ ստեղծվել են լավ նախադրյալներ կայունության և խաղաղության համար: Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իսկ բոլոր այն պայմանները, որոնք Ադրբեջանը առաջադրել է խաղաղության և հարաբերությունների կարգավորման համար, կատարված են։ Չկա պատճառ գործընթացի դանդաղեցման համար` պնդում է վերլուծաբանը:

«Հնարավորության այս պատուհանը հավերժ բաց չի լինելու: Առկա է իրական հնարավորություն համաձայնության գալու, որը թույլ կտա ստեղծել բավականին ուժեղ տարածաշրջանային միասնություն: Այն կարող է ճանապարհ հարթել դեպի տնտեսական և տարածաշրջանային կայունություն: Չեմ կարծում, որ երկրները պետք է վատնեն այս հնարավորությունը»,- ասում է Այդինդաշբաշը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով, անհրաժեշտ է քաջալերել, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում մաս կազմեն երկու կողմերի առաջին դեմքերը։ Նախկին դեսպանը համակարծիք է՝ ամբողջական կարգավորման հիմնական խոչընդոտը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի բացակայությունն է։ «Բաքվի իշխանությունները թույլ չեն տա, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները բարելավվեն` առանց [Բաքու-Երևան] համաձայնության: Թուրքիան կարևոր է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար: Այն նաև կարևոր դեր ունի Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի քաղաքականության վրա ազդելու համար»,- «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցին ի պատասխան ասել է Ռիչարդ Կազլյարիչը:

Իր հերթին` American Enterprise Institute-ի ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով, Անկարան իրականում չի ձգտում կարգավորել հարաբերություները Երևանի հետ:

«Եթե Էրդողանն անկեղծ լիներ կարգավորման հարցում, նա կարող էր բացել [Թուրքիայի] սահմանները և վերջ տալ շրջափակմանը։ Եթե նա այդ չի արել, ապա ակնկալել, որ Թուրքիան կգնա նման քայլի, անմտություն է: Ավելի շուտ՝ Փաշինյանը պետք է դաշնակիցներ փնտրի արևմտյան երկրների շարքում, ինչպիսիք են` ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպեսզի վերջիններս ստիպեն Թուրքիային կատարել իր պարտավորությունները՝ պատժամիջոցների սպառնալիքի ներքո»,- պնդում է Ռուբինը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության մեծացման հարցին՝ Ասլի Այդինդաշբաշը ընդգծում է, որ այն հատկապես ընդլայնվեց Հարավային Կովկասում 2020 թվականի պատերազմից հետո՝ Ադրբեջանի հետ ունեցած սերտ հարաբերությունների արդյունքում: Սակայն վերլուծաբանը գտնում է, որ Անկարան ամբողջապես չի իրացնում իր ներուժն այստեղ և պետք է մեծացնի իր դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, ապա այն կարող է միավորել և կայունացնել տարածաշրջանը՝ ստեղծելով նոր իրականություն, որը բխում է Թուրքիայի շահերից` պնդում է Բրուքինգզ ինստիտուտի վերլուծաբանը։

«Եթե Թուրքիան ավելի ակտիվ դեր ստանձնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում, դա կարող է ունենալ կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակություն: Նույնը վերաբերում է Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում առաջընթացին, քանի որ այսօր տարածաշրջանում Թուրքիայի միակ դաշնակիցն Ադրբեջանն է: Իրոք, պատմական առումով կորսված մեծ հնարավորություն է թուրք առաջնորդների համար, որոնք բաց են թողնում նաև հսկայական տնտեսական հնարավորություններ»,- ասում է նա:

Ըստ նրա, այսօր, ընդհանուր առմամբ, Թուրքիան վարում է հավասարակշռված քաղաքականություն՝ փորձելով պահպանել հարաբերությունները մի կողմից Արևմուտքի, մյուս կողմից` Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Այդինդաշբաշին ընգծում է` Հարավային Կովկասը ավանդաբար դիտարկվել է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, ուստի Թուրքիան այստեղ գործում է շատ զգուշավոր՝ փորձելով չթշնամանալ Մոսկվայի հետ:

«Հավասարակշելու քաղաքականությունն այստեղ ևս կշարունակվի: Թուրքիան փորձելու է չթշնամանալ Ռուսաստանի հետ և վերջինիս հետ առևտուր անել՝ միաժամանակ փորձելով ընդլայնել իր ազդեցությունը` հաճախ Ռուսաստանի հաշվին»,- ասում է Այդինդաշբաշը:

Նրա կարծիքով, չնայած անդմակցությանը ՆԱՏՕ-ին, Թուրքիան առաջնորդվում է իր շահերով, հատկապես` Հարավային Կովկասում:

«Չեմ կարծում, որ Թուրքիան ներկայացնում է ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում։ Կարծում եմ, այն ներկայացնում է իր շահերը։ Երբ խոսքը վերաբերում է ավելի գլոբալ` ռազմավարական զարգացումներին և աշխարհաքաղաքական պայքարին, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն երբ խոսքը նրա անմիջական հարևանության մասին է, այսինքն՝ Սիրիայի, Սև ծովի, Էգեյան ծովի և այլն, Թուրքիան գործում է՝ առաջնորդվելով իր շահերով, և [ՆԱՏՕ-ի հետ] փոխհամաձայնության հասնելու կարիք չունի»,- պնդում է վերլուծաբանը:

Հայտնի է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հետ կապված հարցերը ԱՄՆ-Թուրքիա քննարկումների օրակարգում են: Վերջին օրինակներից է այս հունիսի 3-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջեյք Սալիվանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ակիֆ Չագաթայ Քըլըչի հետ: Սպիտակ տան հաղոդմամբ, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ ընդգծելով Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը։

Գաղտնիք չէ, որ Անկարան ու Մոսկվան իրենց շփումներում ևս հաճախ քննարկում են Հարավային Կովկասի հարցերն ու, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացը: Դեռ հայտնի չէ, թե արդյոք կողմերը նախատեսում են անդրադառնալ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հետ կապված խնդիրներին` հաջորդ ամիս Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին` Աստանայում սպասվող Պուտին-Էրդոգան հանդիպմանը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG