Մատչելի հղումներ

Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2023 թվականին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսը Երևանում 2023 թվականի մարտի 14-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսը Երևանում 2023 թվականի մարտի 14-ին

Նախորդ տարվա Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումների ու կորուստների ամփոփում: Անվտանգային մարտահրավերներ, Լեռնային Ղարաբաղի հայաթափում, ռազմաքաղաքական նոր հարաբերություններ և այլ զարգացումներ «Տեղորոշում» նախագծի շրջանակում

Ինչպես նախորդ տարիներին, 2023 թվականին նույնպես Հայաստանի արտաքին քաղաքականության ամենից կարևորը խնդիրն էր երկրի անվտանգության ապահովումը: Պահպանվեց լարվածությունն Ադրբեջանի հետ, և չնայած միջազգային դերակատարների ջանքերին, Երևանին ու Բաքվին այդպես էլ չհաջողվեց հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը:

1.Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացում

2023 թվականի ընթացքում Միացյալ Նահանգները շարունակեց ակտիվորեն ներգրավված մնալ Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացում: Տարվա ընթացքում Վաշինգտոնը հյուրընկալեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին՝ «կառուցողական» որակելով Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Սակայն արդեն տարվա երկրորդ կեսին ադրբեջանական կողմը, ըստ էության, հրաժարվեց վաշինգտոնյան հարթակից: Բաքուն սկսեց ԱՄՆ-ին մեղադրել միակողմանի՝ հայամետ դիրքորոշման մեջ՝ այդպիսին ներկայացնելով Վաշինգտոնի քննադատությունը այս սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների առնչությամբ և ԱՄՆ վարչակազմի որոշումը՝ հրաժարվել հայտնի 907-րդ բանաձևի կասեցումից, ինչի հետևանքով ամեն տարի Վաշինգտոնը ռազմական որոշակի աջակցություն էր ցուցաբերում Բաքվին։

Հայաստանը կարևորագույն որոշումների նախաշեմին. 2023թ.-ի զարգացումներ. «Տեղորոշում»
please wait

No media source currently available

0:00 0:16:24 0:00

Ավելացնենք Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունը ԱՄՆ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ, թե Վաշինգտոնի համար անընդունելի է Հայաստանի տարածքի նկատմամբ որևէ ոտնձգություն․«Ադրբեջանի հետ բոլոր մակարդակների շփումներում մենք հստակ ազդակ ենք հղել, որ Հայաստանի տարածքում ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է: Բաքվի իշխանությունները մեզ վստահեցրին, որ նման նպատակ չունեն: Մենք այժմ ուշադրությամբ հետևում ենք զորքերի տեղաշարժին, և արդյո՞ք այլ նշաններ կան, որ նպատակներն այլ են: Ինչպես արդեն նշեցի, նրանց՝ [ադրբեջանական կողմին] հասկացրել ենք, որ հարաբերությունները սովորականի պես չեն շարունակվի, քանի դեռ [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] խաղաղության համաձայնագիրը կնքված չէ: Նաև հետաձգել ենք բարձրաստիճան որոշ այցելություններ [Բաքու]»։

Ի հավելումն, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը չի նպաստում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին: Զուգահեռաբար՝ ԱՄՆ-ն նշանակալի ջանքեր գործադրեց ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Ինչևէ, չնայած լարված իրավիճակին, տարվա վերջում Հայաստանին ու Ադրբեջանին, այնուամենայնիվ, հաջողվեց դրական տեղաշարժ արձանագրել բանակցային գործընթացում: Կողմերը ընդունեցին համատեղ հայտարարություն՝ կալանավորների փոխանակման, կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի հերթական համաժողովը Բաքվում անկացնելու և փոխադարձ վստահության ամրապնդման վերաբերյալ: Պետքարտուղարությունը ողջունեց այն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն կշարունակի հետևողականորեն աջակցել «տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին»։

Այս տարին առանձնացավ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև կապերի նկատելի խորացմամբ: Երևան այցելեցին ամերիկացի օրենսդիրների պատվիրակություններ, իսկ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո, տարածաշրջանային այցով Հայաստանում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերն ու պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը: Վերջիններս վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակ-ուղերձը:

Այս ամենից զատ, տարվա ընթացքում Հայաստանին առնչվող մի շարք լսումներ կայացան ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների տանը:

2. Բանակցային գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև

Հայ-ադրբեջանական վերջին համատեղ հայտարությունը որոշակի հույսեր արթնացրեց միջազգային հանրության մոտ ու փորձագիտական շրջանակներում, որ կողմերը կկարողանան հաղթահարել տարաձայնոթյունները և մոտ ապագայում հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը:

«Հուսով ենք, շատ շուտով ականատես կլինենք, որ կողմերը հասնում են խաղաղության համաձայնագրին։ Երկու կողմն էլ հայտարարել է, որ շահագրգռված է այդ անել: Մենք, նաև Եվրամիության մեր գործընկերները և մյուսները պատրաստ ենք օգնել: Կցանկանայինք տեսնել, որ այս ամենը շուտով իր ավարտին է հասել, քանի որ շուտափույթ խաղաղության կնքումը հսկայական օգուտներ կբերի»,- հայտարարեց Ջեյմս Օ՛Բրայանը:

«Կարծում եմ, երկու երկրներում էլ առկա է տրամադրվածություն՝ տարածաշրջանում խաղաղության և միմյանց հետ նորմալ հարաբերությունների հաստատման ուղղությամբ»,- ասում է «German Marshal Fund»-ի փորձագետ Դեյվիդ Սալվոն՝ զգուշավոր լավատեսություն հայտնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կալանավորների փոխանակման և այլ կետերի շուրջ, իր խոսքով, «աննախադեպ» համաձայնությ՝ան առնչությամբ:

2023 թվականի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններն անցան ԱՄՆ, ԵՄ ու Ռուսաստանի միջնորդությամբ: Բանակցային գործընթացին լուրջ հարված էր Լեռնային Ղարաբաղի դեմ այս սեպտեմբերին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունը, ինչի հետևանքով շրջանը, փաստորեն, լիովին հայաթափվեց․ ավելի քան հարյուր հազար հայերից այնտեղ մնացել են մի քանի տասնյակը:

Ի դեպ, Բաքուն, հրաժարվելով ամերիկյան և եվրոպական հարթակներում Երևանի հետ բանակցելուց, հայտարարել է՝ պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի հետ: Բաքվի հնչեցրած մյուս տարբերակը Մոսկվայի միջնորդությամբ բանակցություններն էին, որոնք ևս չընդունվեցին Երևանի կողմից: Արդյունքում, հայ-ադրբեջանական պետական սահմանին նոյեմբերի 30-ին կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով զբաղվող պետական հանձնաժողովների հանդիպումը երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի գլխավորությամբ: Սա կողմերի միջև այս ձևաչափով 5-րդ հանդիպումն էր:

Ներկայում Երևանն ու Բաքուն հայտարարում են, թե խաղաղության համաձայնագրի շուրջ իրենց մոտեցումների փոխհամաձայնեցման փուլում են։ Վերջերս Վրաստանում կայացած միջազգային համաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց Երևանի մոտեցումները տարածաշրջանում խաղաղության հաստատաման ուղղությամբ՝ դրանք ամփոփելով «Խաղաղության խաչմերուկ» անվամբ նախագծում:

3. Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացում

Տարվա ընթացքում զգալիորեն աշխուժացան Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Բրյուսելը ևս հյուրընկալեց հայ-ադրբեջանական բանակցությունները՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

Հունիսին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հերթական հանդիպումը՝ ԵՄ միջնորդությամբ։ Մոտ մեկուկես ժամ տևած բանակցություններին մասնակցեցին նաև Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը։ Այդ հնգակողմ հանդիպմանը նախորդել էին Հայաստան-ԵՄ-Ադրբեջան եռակողմ բանակցությունները Բրյուսելում:

Հետագայում՝ Բաքուն հրաժարվեց մասնակցել Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված հաջորդ հնգակողմ հանդիպմանը: Եվրոպացի առաջնորդները հանդիպեցին միայն Հայաստանի վարչապետին:

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում աստիճանաբար սկսում է կարևոր տեղ զբաղեցնել անվտանգային ոլորտը․ Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում տարվա ընթացքում ընդլայնվեց: Առաքելությունն, ինչպես հայտնի է, մշտադիտարկող գործառույթ է իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանին: Ի հավելումն, Բրյուսելում քննարկում են Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր» աջակցության տրամադրման հնարավորությունը, թեև որոշում դեռ կայացված չէ։

4. Արևմտյան տերությունների հետ ռազմա-քաղաքական համագործակցության խորացում

Անվտանգային հարցերով աննախադեպ զարգացումներ տեղի ուենցան ՀԱՊԿ անդամ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի առաջատար երկիներից մեկի՝ Ֆրանսիայի միջև: Փարիզն ու Երևանը ստորագրեցին ռազմական համագործակցության մասին պայմանագիր։ Ֆրանսիան ռազմական կցորդ նշանակեց Հայաստանում:

Ըստ տեղեկությունների, Փարիզը Երևանին կմատակարարի ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության հրթիռներ, ինչպես նաև կօգնի պարզել, թե որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Հայտնի է, որ ֆրանսիական կողմն արդեն իսկ Վրաստանի տարածքով Հայաստան է մատակարարել «Bastion» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի մի խմբաքանակ:

Տարվա ընթացքում աշխույժ էին նաև հայ-ֆրանսիական քաղաքական կապերը: Հոկտեմբերին տարածաշրջանային այցով Հայաստանում էր Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։ Ավելի վաղ՝ հունվարին, Երևանում հյուրընկալեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Փարիզը հայատարարել է Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու մտադրության մասին:

Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման մեկ այլ օրինակներից է 2023 թվականին Երևանում Կանադայի դեսպանության բացումը և Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի այցը Երևան: Կանադան պատրաստակամություն է հայտնել միանալ Հայաստանում տեղաբաշխված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ հայ-ադրբեջանական սահմանի մշտադիտարկումն իրականացնելու համար:

5. Հայ-ռուսական հարաբերություններ. ժամանակավոր ճգնաժա՞մ, թե՞ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն

Մոսկվայում անթաքույց բացասական մոտեցմամբ են արձագանքում Արևմուտքի հետ Երևանի հարաբերությունների խորացմանը: 2023 թվականին նկատելիորեն վատացան Հայաստանի հարաբերությունները դաշնակից համարվող Ռուսաստանի հետ:

Կրեմլը շարունակում է հայտարարել, թե պաշտոնական Երևանն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս՝ հավելելով, թե այն խախտում է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ զինադադարի դրույթները:

Իր հերթին, Երևանը քննադատում է Մոսկվային՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը տապալելու, երկկողմ և ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի առջև ունեցած պարտավորությունները չկատարելու մեջ: Թեև Հայաստանը պահպանում է իր անդամակցությունը Կրեմլի գլխավորած ռազմական և տնտեսական դաշինքներում, սակայն ամիսներ շարունակ հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ-ի շրջանակում գումարվող հանդիպումներին և զորավարժություններին՝ անգամ թափուր թողնելով ռազմական այդ կառույցում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Երևանը հրաժարվեց նաև թույլ տալ ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին:

Պակաս կարևոր չէ սպառազինության հարցը: Անցնող տարվա ընթացքում Ռուսաստանն այդպես էլ չկատարեց իր պարտավորությունները Հայաստան զենքի մատակարարման հարցում, թեև, ինչպես հայտնի է, Երևանը մոտ 400 միլիոն դոլար է վճարել ռուսաստանյան սպառազինության ձեռք բերման համար: Դիտորդների խոսքով, Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանն ինքն է սպառազինության սուր կարիք զգում: Արդյունքում, Հայաստանը ձեռնամուխ եղավ ռազմա-տեխնիկական կապերի ստեղծմանը և խորացմանը այլ երկրների՝ Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ:

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված ճգնաժամի մեկ այլ պատճառ է Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը: Վավերացման ողջ գործընթացն ուղեկցվեց ռուսական կողմից հնչող սուր քննադատությամբ, իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այն որակեց սխալ որոշում ու ոչ կոռեկտ քայլ Ռուսաստանի բարեկամ երկրի կողմից: Հիշեցնենք, Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու այդ երկրում երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային կարգադրություն է իջեցրել՝ նրանց մեղադրելով ուկրաինացի երեխաների անօրինական տարհանման մեջ։

Թեև պաշտոնական Երևանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտի ընդունումը կապ չունի Ռուսաստանի ղեկավարի շուրջ զարգացումների հետ, սակայն ռուսական կողմը շարունակում է այն որակել որպես ոչ բարեկամական քայլ:

Սակայն միաժամանակ, Երևանը շարունակում է աշխատանքները Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական բոյկոտից հետո ի վերջո դեկտեմբերի 25-ին երկօրյա այցով ժամանեց Սանկտ Պետերբուրգ, ուր մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, իսկ հաջորդ օրը՝ ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը 2024 թվականի համար: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի իր ելույթում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին ու անձամն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջոցառումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար, հույս հայտնեց այս ընթացքում արդյունավետ համագործակցել մնացած անդամ երկրների հետ ու ընդգծեց, որ «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»:

Բացի այդ, Սանկտ Պետերբուգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ դեկտեմբերի 25-ին ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիր: Այն ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրել են փոխվարչապետները, հայկական կողմից` Մհեր Գրիգորյանը, իսկ իրանական կողմից` Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալի-Աբադին»:

6. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի սառեցում

2023 թվականին որոշակի զարգացումներ գրանցվեցին նաև Հայաստանի ու իր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի միջև։ Չնայած վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում փաստացի դադար է, սակայն այն խոչընդոտ չհանդիսացավ, որ տարվա սկզբին՝ փետրվարին Հայաստանն օգնության ձեռք մեկնի Թուրքիային՝ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում՝ տրամադրելով մարդասիրական օգնություն և աղետի գոտի ուղարկելով հայաստանցի փրկարարների խումբ:

Մարդասիրական օգնությունը Թուրքիա հասավ հայ-թուրքական սահմանով, որն այդ պատճառով կարճ ժամանակով վերաբացվեց՝ առաջին անգամ նախորդ տարիների ընթացքում:

Տարվա ընթացքում Թուրքիա այցելեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Փաշինյանը հրավեր էր ստացել՝ մասնակցելու Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Մինչ այդ՝ Հայաստանի վարչապետը շնորհավորել էր Էրդողանին։

Իր այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց թուրք գործընկերոջը՝ Մևլութ Չավուշօղլուին։ Նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:

Վերջերս Երևանը հայտարարեց, թե հայ-թուրքական սահմանը հատող Մարգարայի կամրջի հայաստանյան հատվածը պատրաստ է շահագործման:

Դիտորդները չեն բացառում, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում կարող է որոշակի առաջընթաց գրանցվել՝ այդ զարգացումը կապելով հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

«2023-ը ցավոտ տարի էր, բայց, կարծում եմ, անհրաժեշտ տարի էր խաղաղության [հասանելու] համար: Հուսամ, 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես կարող են կայուն, համապարփակ խաղաղության հիմք դնել: Դրա մասն են կազմում ավելի բովանդակալից շփումները Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև: Չափազանց լավ է, որ [երկու երկրների] առաջնորդները կարողացել են համատեղ հայտարարությամբ հանդես գալ և առնվազն ներկայացնել այն տեսլականը, թե ինչպիսին կարող է լինել կայուն խաղաղությունը: Ռազմագերիների փոխանակման դրական նոտայով ավարտում է ցավալի 2023 թվականը: Իրական առաջընթացի համար՝ երկու հասարակությունները պետք է անցնեն տասնամյակներ տևած անվստահության, ցավի, պատերազմի, մահվան ու փոխադարձ թշնամանքի հաղթահարման գործընթացով: Հուսով եմ, այս առումով կարող են որոշ քայլեր ձեռնարկվել 2024 թվականին»,- ասում է վերլուծաբան Դեյվիդ Սալվոն։

7. Հայաստանն ու տարածաշրջանը

2023 թվականի հոկտեմբերին Հայաստանը մասնակցեց Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը: Հայտնի է, որ ռուս-թուրքական նախաձեռնությամբ ստեղծված ձևաչափը քննադատության է արժանանում ԱՄՆ կողմից։

Մինչև հինգ արտգործնախարարների հանդիպմանը՝ Արարատ Միրզոյանը հանդիպել էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին ու քննարկել Հայաստան-Իրան հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, Իրանը բազմիցս ու վճռականորեն դեմ է հանդես եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»:

Արդեն երկրորդ անգամն էր, որ այդ ձևաչափի հանդիպմանը չէր մասնակցում Վրաստանը՝ վեց երկրներից մեկը։ 2023 թվականին Երևանի ու Թբիլիսիի հարաբերությունները շարունակեցին զարգանալ փոխշահավետ և բարիդրացիական մթնոլորտում: Տարվա ընթացքում կայացան երկրի ղեկավարների, պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների փոխայցելություններ:

8. «Ձնհալ» Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում

Ռուսաստանի հետ Հայաստանի լարված հարաբերությունների ֆոնին՝ նկատելիորեն աշխուժացել են հայ-ուկրաինական շփումները:

Հարաբերությունների աշխուժացման առաջին ազդակներից էր Հայաստանի վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի անսպասելի այցը Ուկրաինա՝ առաջին տիկինների և պարոնների ժողովին մասնակցելու համար: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը այցելել էր նաև Բուչա և մարդասիրական օգնություն փոխանցել ուկրաինացի դպրոցականներին ու ուսանողներին: Հետագայում, սեպտեմբերի 29-ին Դուբլինում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Տարվա ընթացքում միջազգային հավաքներին տեղի ունեցան Հայաստանի վարչապետի և Ուկրաինայի նախագահի ոչ պաշտոնական զրույցները։ Հանդիպել են նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց Ուկրաինայի իր գործընկերոջը՝ Դմիտրո Կուլեբային։ Կողմերը քննարկեցին «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների շուրջ»:

Ուշագրավ էր Միրզոյանի շնորհավորանքը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի իր գործընկերներին և այդ երկրների ժողովուրդներին՝ «Եվրոպական խորհրդի ուղենշային որոշումների» համար։ Հիշեցնենք, այս ամիս Բրյուսելում կայացած Եվրամիության արտգործնախարարների հավաքի արդյունքում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, թե Եվրոպական խորհուրդը որոշել է անդամակցության բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, իսկ Վրաստանին շնորհել ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակ։

XS
SM
MD
LG