Մատչելի հղումներ

Աշխարհի բազմաթիվ երկրներում կանգ է առել ավիաընկերությունների, բանկերի ու լրատվամիջոցների աշխատանքը․ պատճառը ծրագրային խափանումն է


 ծրագրային խափանում
ծրագրային խափանում

Ուրբաթ տեղի ունեցած ծրագրային ապահովման գլոբալ խափանման պատճառով տարբեր երկրներում հարկադրված չեղարկվել էին մոտ 4 300 թռիչքներ, իրենց աշխատանքը դադարեցրել էին բանկերն ու հիվանդանոցները, եթերից զրկվել էին մի շարք լրատվամիջոցներ:

Կիբեռանվտանգությամբ զբաղվող CrowdStrike ընկերության ներկայացմամբ, պատճառը, ամենայն հավանականությամբ, կիբեռհարձակումը չէ, և ժամանակ անց հարցը կլուծվի։ Ընկերությունը մանրամասնել է, թե խնդիրը ծագել է, երբ թերություն ունեցող թարմացում է տեղադրվել Microsoft Windows-ով աշխատող համակարգիչների վրա, սակայն երբ ընդամենը ժամեր անց խնդիրը հայտնաբերվել է, աշխարհն արդեն ընկղմվել է քաոսի մեջ:

Այսօր կարելի էր ականատես լինել աչք ծակող հերթերի ԱՄՆ, Եվրոպայի ու Ասիայի բազմաթիվ օդանավակայաններում, քանզի ծրագրային խնդրի պատճառով ավիաընկերությունները չէին կարողանում գրանցումներ կատարել, և սա՝ ամառային արձակուրդների սեզոնին:

Ավստրալիայում մի շարք լրատվամիջոցներ ժամերով զրկվել են եթերից։ Հիվանդանոցներն ու բժիշկական ծառայություններ մատուցող գրասենյակները խնդիրներ են ունեցել՝ չկարողանալով գրանցել բուժառուներին։ Հարավաֆրիկյան Հանրապետության և Նոր Զելանդիայի բազմաթիվ բանկեր տեղեկացրել են իրենց վճարային համակարգի, կայքերի ու հավելվածների խափանումների մասին:

Հոնկոնգի օդանավակայանում սպասող 24-ամյա Իվոն Լիի խոսքով, իր թռիչքը դեպի Թաիլանդ հետաձգվել է մեկ օրով, ընդ որում իրեն այդ մասին տեղեկացրել են միայն օդանավակայանում։

Լին ակնհայտորեն դժգոհ էր․ իր կարճատև՝ հինգօրյա արձակուրդից մեկ օր արդեն կորցրել է:

Տեղափոխվենք Փարիզ։ Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ հետաձգվել են Ֆրանսիայի մայրաքաղաք տանող մի շարք չվերթներ, և մարզիկներն ու երկրպագուները նախատեսվածից ուշ կհասնեն Փարիզ, թեև կազմակերպիչների խոսքով, ուշացումները մեծաթիվ չեն:

Տեղի ունեցածը վերստին հիշեցրել է ծրագրային ապահովումների խոցելիության մասին

«Տեղի ունեցածը վառ օրինակ է, թե որքան փխրուն է միջազգային համացանցի վրա հիմնված ենթակառուցվածքը»,- ասում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր և Մեծ Բրիտանիայի Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի նախկին ղեկավար Սիարան Մարտինը:

DownDectector-ը, որը հետևում է համացանցային խափանումներին, արձանագրել է, որ ողջ աշխարհում տուժել են ավիաընկերությունները, վճարային հարթակները և առցանց գնումների կայքերը, քանի որ այդ ընկերությունները օգտագործում են Microsoft-ի ամպային ծառայություններ:

Կիբեռանվտանգության փորձագետ Ջեյմս Բորի խոսքով, նման խափանումը կարող է չգործող դարձնել այն համակարգերը, որոնց վրա հույս ենք դնում կրիտիկական պահերին, և շատ կազմակերպություններ, օրինակ, հիվանդանոցները պարզապես չեն կարողանա ծառայություններ մատուցել, քանի որ չեն կարող իրականացնել անհրաժեշտ տեխնիկական գործառույթները:

«Այդ պատճառով անգամ կարող են մարդիկ մահանալ»,- ընդգծում է Բորը:

Microsoft 365-ը X-ում հանդես է եկել հաղորդագրությամբ, թե ընկերությունը «աշխատում է [տվյալների փոխանցման] հոսքը այլ համակարգեր ուղղել՝ մեղմելու վնասը», և որ «ականտեսն ենք ծառայությունների հասանելիության դրական շարժին»:

Microsoft 365-ը անպատասխան է թողել մեկնաբանություն տալու «Ամերիկայի ձայնի» դիմումը։

CrowdStrike-ը հայտարարության մեջ ասված է, թե ընկերությունը «ակտիվորեն աշխատում է այն հաճախորդների հետ, որոնց վրա ազդել է Windows-ի թարմացումից հետո ի հայտ եկած խնդիրը», և որ տեղի ունեցածը «կիբեռհարձակում չէ, իսկ խնդիրը բացահայտվել է, մեկուսացված է ու լուծվում է»:

ԱՄՆ նահանգում՝ Օսթինում գտնվող ընկերության բաժնետոմսերի գինը ամերիկյան Nasdaq բորսայում ուրբաթ վաղ առավոտյան անկում ապրեց գրեթե 15%-ով, քանի որ Microsoft-ին վերաբերող թերությունը կապ ունի CrowdStrike-ի Falcon անվամբ մշակման հետ, որի նպատակն առցանց հարձակումների դեմն առնելն է:

Հեռարձակող կայանները դադարել էին գործել, վիրահատությունները հետաձգվել եին․․․

Տեղի ունեցածին արդեն իսկ արձագանքել են տարբեր երկրների կառավարություններ և մասանվոր ընկերություններ:

Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնակատար Դեյվիդ Սեյմուրը X-ում գրել է, թե իր գլխավորած կառավարությունը փորձում է «արագ հասկանալ [տեղի ունեցածի] հնարավոր հետևանքը»՝ հավելելով, թե որևէ տեղեկություն չկա, որը կվկայի, թե գործ ունենք կիբեռհարձակման հետ:

Միլանի ֆոնդային բորսայում մոտ մեկ ժամ հնարավոր չի եղել ի մի բերել տվյալները, թեև աևտուրը շարունակվում էր:

Տարբեր երկրների օդանավակայաններում չվերթները չեղարկվել են գլխավորապես ուրբաթ առավոտյան։ Օրինակ, ԱՄՆ-ում չեղարկվել են United, American, Delta և Allegiant ավիաընկերությունների թռիչքները:

Նույն պատկերն էր Մեծ Բրիտանիայում՝ ավիաընկերությունների և երկաթուղային չվերթների հետ կապված:

Գերմանիայում՝ «Բեռլին-Բրանդենբուրգ» օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել է թռիչքները՝ ուղևորների գրանցման անհնարինության պատճառով։ Նույն վիճակն էր Ցյուրիխի օդանավակայանում։ Չեղարկվել են թռիչքները նաև Հունգարիայում, Իտալիայում, Թուրքիայում և Քենիայում:

Հոլանդական KLM ավիափոխադրողը հայտարարել է, թե հարկադրաբար դադարեցնում է իր աշխատանքը: Ամստերդամի «Շիփհոլ» օդանավակայանում, կարծես, քաոս էր։

Համատարած խնդիրներ են գրանցվել Ավստրալիայի օդանավակայաններում։ Հնդկաստանում, Հոնկոնգում և Թաիլանդում շատ ավիաընկերություններ ստիպված են եղել, այսպես ասած, թղթով ստուգել ուղևորներին:

Ավստրալիային է բաժին հասել վնասի մեծ մասը

Թեև, ինչպես ասացինք, ծրագրային ապահովման խափանումներ գրանցվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, սակայն Ավստրալիան, կարծես, ամենից շատն է տուժել։ DownDetector-ի համաձայն, խափանումներն ազդել են NAB, Commonwealth և Bendigo բանկերի, Virgin Australia ու Qantas ավիաընկերությունները, ինչպես նաև այդ երկրում համացանց ու հեռախոսային կապ մատուցող ընկերությունների, օրինակ՝ Telstra-ի վրա:

Համերկրային հեռարձակում ունեցող տեղի հեռուստաընկերությունները՝ ABC-ին և Sky News Australia-ը, ժամերով զրկված են եղել եթերից:

Որոշ երկրներում դադարել են գործել հիվանդանոցները: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը հայտնել է, որ խափանման պատճառով խնդիրներ են առաջացրել ողջ Անգլիայում բժիշկական ծառայություն մատուցող գրասենյակներում, քանի որ հնարավոր չի եղել օգտվել բուժառուների գրանցման համակարգից:

Գերմանիայի հյուսիսում անգամ չեղարկել են ուրբաթ նախատեսված որոշ վիրահատություններ։

Հիվանդանոցների ու փոստային բաժանմունքների աշխատանքի խափանումների մասին է հայտնել նաև Իսրայելը:

Հարավաֆրիկյան Հանրապետություն ու Նոր Զելանդիայում գրանցվել են բանկային ծառայությունների խափանումներ։

Լեհաստանում դադարեցրել է աշխատանքը Բալթիկ ծովի ափին գտնվող Գդանսկ նավահանգստային քաղաքի բեռնափոխադրող խոշոր հանգույցը՝ Baltic Hub-ը:

Նյութը Associated Press-ի հրապարակման հիման վրա է։

XS
SM
MD
LG