Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի համատեքստում


ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը օրերս լսումներ անցկացրեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության համատեքստում, 19 սեպտեմբերի, 2024 թ.
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը օրերս լսումներ անցկացրեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության համատեքստում, 19 սեպտեմբերի, 2024 թ.

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը օրերս լսումներ անցկացրեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության համատեքստում: Պաշտոնական Բաքուն դատապարտել է լսումները

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին և Լեռնային Ղարաբաղում մեկ տարի առաջ տեղի ունեցած զարգացումներին նվիրված լսումների ժամանակ, որոնք ընթացան ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մադու իրավունքների հանձնաժողովում, կոնգրեսական, հայկական հանձնախմբի անդամ Ջիմ Կոստան կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ու նրանց իրավունքները ոտնահարելու համար:

«Իմ տեսակետն այն է, ու կարծում եմ, որ այս երկուսացաան հանձնաժողովը կիսում է դա, որ կարևոր է, որ մենք պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը՝ ոչ միայն այնտեղ պահվող բանտարկյալների, այլ նաև տեղի ունեցած սպանությունների, բռնությունների, արցախցիների տեղահանման համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հողը»,- հայտարարել է Ջիմ Կոստան լսումների ժամանակ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանությունից մեկ տարի անց ԱՄՆ Կոնգրեսում լսումներ են ընթացել
please wait

No media source currently available

0:00 0:08:28 0:00

Հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը համակարծիք էր՝ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, և հղում կատարեց իր կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնություններին:

«Հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ փորձելով պատասխանատվության ենթարկել [Իլհամ Ալիևին] և նրա կառավարությանը։ Ադրբեջանական կողմը, իր հերթին, այն անտեսեց՝ պնդելով, թե անհեթեթություն է: Ուստի, նորից կանենք դա և հանդես կգանք նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նրանց: Դիմում եմ նախագահ Ալիևին՝ կտրուկ փոփոխություններ իրականացնելու խնդրանքով։ Ցանկացած մարդ կարող է փոխվել: Նա պետք է փոխվի»,- հայտարարել հանձնաժողովի համանախագահ Սմիթը:

Հանձնաժողովի նիստին ներկա մեկ այլ կոնգրեսական՝ Էնդի Հարիսը, անցած տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայության տեղահանումը որակել է «բռնի հեռացում»: Նրանց այլ ելք չէին թողել, քան հեռանալը՝ ընդգծել է կոնգրեսականը:

Հարիսն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման և Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ: ԱՄՆ դաշնակից Թուրքիայի վարած քաղաքականությունը, հատկապես՝ Վաշինգտոնի նկատմամբ նա որակեց «դավաճանական»:

«Ակնհայտ է, որ ռուսները, թուրքերը և ադրբեջանցիները մեղսակից են նրանում, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանի հետ, որն անվանում եմ «հայերի բռնի հեռացում երկրամասից»: Սա պարզ բան է»,- ընդգծել է կոնգրեսականը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը և մարդու իրավունքնեի պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ, ներառյալ՝ Freedom House-ը, անցած տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակում են «էթնիկ զտում»: Բաքուն, սակայն, հերքում է այդ որակավորումը՝ պնդելով, թե «Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է»:

Լսումներին հրավիրված բանախոսներից՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախկին օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը իր խոսքում նշել է, որ բռնի տեղահանումից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղի հայությունը շարունակում է կրել տառապանքներ՝ ամեն օր ականատես լինելով, թե ինչպես է Ադրբեջանը «քանդում այնտեղի տները, հողին հավասարեցնում բնակավայրերն ու սրբատեղիներ՝ այնտեղ ջնջելով հայկական հետքը»:

«Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվում շարունակվող հանցագործությունների համար: Որքան էլ զարմանալի է, իրականում, այն թույլտվություն ստացավ իր մայրաքաղաքում կազմակերպել COP 29-ի նման հեղինակավոր միջոցառում»,- տարակուսած էր Ստեփանյանը:

Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը ևս չթաքցրեց իր մտահոգությունը COP 29-ի միջոցառումը Ադրբեջանում անցկացնելու կապակացությամբ:

«Պետք է շատ ավելին անենք: Մտահոգ եմ, որ մենք [ԱՄՆ] չառարկեցինք Ադրբեջանի կառավարության՝ կլիմայի փոփոխությանն առնչվող խոշոր միջազգային գագաթնաժողովի՝ COP 29-ի հյուրընկալման հայտի վերաբերյալ»,- ասել է կոնգրեսական Սմիթը:

Հիշեցնենք՝ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանը ևս իր աջակցությունն էր հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP-29) Ադրբեջանում անցացնելու հայտին: Բացի դրանից, դեկտեմբերի վերջին ստորագրած հայ-ադրբեջանական համաձայնությամբ Հայաստանն ու Ադրբեջանը ռազմագերիների ու կալանավորվածների փոխանակում իրականացրեցին, որի արդյունքում Բաքուն ազատ արձակեց մի քանի տասնյակ հայ ռազմագերիրիների՝ երկու ադրբեջանցի զինվորականների դիմաց:

Անդրադառնալով COP-29-ին՝ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Կրիկորյանը կոչ է արել Միացյալ Նահանգներին օգտագործել COP-29-ի հարթակը՝ բարձրաձայնելու այն հարցերի մասին, որոնք շոշափվում են այս լսումների ընթացքում: Նա առաջարկել է ամերիկյան պատվիրակներին հնչեցնել Ադրբեջանում պահվող յուրաքանչյուր քաղբանտարկյալի անունը՝ կլիմայական կոնֆերանսում ելույթ ունենալիս։ Նաև հորդորել է ամերիկացի պատվիրակներին չմնալ որևէ հյուրանոցում կամ կացարանում, որը նախկինում պատկանել է հայերին:

Կրիկորյանն իր խոսքում անդրադարձել է նաև Ադրբեջանում հայկական ժառանգության պահպանման հարցին:

«Այժմ ունենք մի իրավիճակ, երբ Ալիևն ու Էրդողանը փաստացի պարծենում են, թե վերացրել են ողջ հայկական ներկայությունը և ոչնչացրել եկեղեցիներն ու ողջ մշակութային ժառանգությունը։ Երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության և Թուրքիայում հայերի վիճակի մասին, ապա այնտեղ մեր եկեղեցիների ավերումը տեղի է ունեցել շատ ավելի երկար ժամանակահատվածում: Այժմ դա տեղի է ունենում արագացված տեմպերով»,- ասել է Կրիկորյանը

Լսումներին մասնակցող Caucasus Heritage Watch-ի համատնօրեն Ադամ Սմիթը ևս ուշադրություն հրավիրեց հայկական մշակութային ժառանգության հարցում Բաքվի որդոգրած քաղաքականությանը: Ըստ նրա՝ միայն անցած տարվա ընթացքում Ադրբեջանը ավերվել է հայկական մշակութային նշանակության 14 վայր, այդ թվում՝ գերեզմանատներ և եկեղեցիներ, ևս 12-ը զգալի չափով վնասվել են:

«Սա երբևէ ձեռնարկված մշակութային բնաջնջման ամենածավալուն և ինտենսիվ ծրագրերից մեկն է»,- պնդել է Սմիթը:

Միջոցառման մեկ այլ բանախոս՝ Center for Truth & Justice կազմակերպության փաստաբան Շարմաղ Մարդին, իր ելույթում, ներկայացրել է լսումների դահլիճում ներկա մի շարք անձանց, ովքեր, ըստ կազմակերպության իրավաբանի, հանդիսանում են Ադրբեջանի կողմից 2023 թվականի հարձակման զոհեր: Նա տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը հավաքագրել է տուժածների, ականատեսների ավելի քան 500 վկայություններ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ:

Իր հերթին, Crude Accountability կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Քեյթ Ուոթերսը խոսել է Ադրբեջանում քաղբանտարյալների խնդրի մասին՝ նշելով, որ այսօր այնտեղ է պահվում շուրջ 303 քաղբանտարկյալ, որոնցից շատերը լրագրողներ են։ Նա կոչ արեց Կոնգրեսին «պահանջել անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին»։

Լսումների մյուս բանախոս՝ Freedom Now կազմակերպության գործադիր տնօրեն Անդրեա Փրասովան ևս անդրադարձավ քաղբանտարկյալների հարցին, ինչպես նաև խոսեց Ադրբեջանում քաղհասարակության նկատմամբ իրականացվող բռնաճնշումներից: Նա առաջարկել է նպատակային պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների դեմ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների ոտնահարման մեջ, ինչպես նաև օտարերկրյա որոշ օգնությունն Ադրբեջանին փոխկապել մարդու իրավունքների ոլորտում բարելավումների հետ:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը ևս խոսել է պատժամիջոցների անհրաժեշտության մասին:

«Անհրաժեշտ են շատ լուրջ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ անհատների նկատմամբ։ Պատժամիջոցներ՝ համաձայն Մագնիտսկու ակտի, որոնք վերաբերում են այդ հանցագործություններ կատարած անձանց: Նրանք պետք է զրկվեն [Միացյալ Նահանգներ] մուտքի վիզա ստանալու իրավունքից, ինչպես նաև [ԱՄՆ-ի հետ] ցանկացած տեսակի տնտեսական կամ առևտրային գործունեություն իրականացնելու հնարավորությունից»,- ասում է կոնգրեսական Սմիթը:

Նշենք՝ պաշտոնական Բաքուն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումներին: Ադրբեջանի արտգործնախարարությունը լսումները որակել է «միակողմանի և կողմնակալ», որոնք «խեղաթյուրում են Ադրբեջանում ստեղծված իրավիճակը՝ քողարկված մարդու իրավունքների հարցերով, միաժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:

Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ռազմական գործողությունները Բաքուն որակում է «հակաահաբեկչական միջոցառումներ», որոնք համապատասխանում են միջազգային իրավունքին, և հերքում է խաղաղ բնակչությանը թիրախավորելու պնդումները:

Ադրբեջանի ԱԳՆ-ի համոզմամբ՝ նման միջոցառումները՝ Կոնգրեսում նմանատիպ լսումները, «ուղղված են Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացմանը»:

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարությունը ևս հայտնել է իր դիրքորոշումը մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ: Արձագանքելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը, թե ինչպես է Վաշինգտոնը դիտարկում այն զարգացումները, ինչի հետևանքով երկրամասի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց Հայաստան, պետքարտուղարությունը հայտնում է.

«Մեկ տարի առաջ ավելի քան 100 հազար էթնիկ հայեր Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմեցին Հայաստան: Այն տրավման և դժվարությունները, որոնց առերեսվում են հակամարտության ընթացքում իրենց տներն ու ապրուստը կորցրածները, առայսօր իրեն զգացնել է տալիս: Այս տարելիցը մեզ հիշեցնում է, որ դարավոր հակամարտությունների ընթացքում տարածաշրջանում միլիոնավոր անմեղ խաղաղ բնակիչներ զոհվել և տեղահանվել են: Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ՝ կարիքավորներին օգնություն ցուցաբերելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար, որպեսզի վերջապես կայունություն և անվտանգություն հաստատվի տարածաշրջանում, որը չափազանց երկար ժամանակ հակամարտության մեջ է»,- ասված է պետքարտուղարության պատասխանում:

XS
SM
MD
LG