Մատչելի հղումներ

Հնդկաստանի Քաշմիրի շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների՝ նախորդ տասնամյակի առաջին ընտրություններն են


Նախորդ մոտ մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ ընտրություններ են Նյու Դելիի կողմից կառավարվող Քաշմիրի շրջանի խորհրդարանի 90 տեղերի համար։ Սա առաջին քվեարկությունն է այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը չեղարկեց տարածաշրջանի կիսաինքնավար կարգավիճակը։

Անցած շաբաթներին Սրինագարում՝ Քաշմիրի ամենամեծաքանակ և ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում, քաղաքական թեժ պայքար էր, քանի որ առջևում շրջանի՝ Քաշմիրի, 90 տեղանոց Գլխավոր ասամբլեայի կամ խորհրդարանի տեղերի համար քվեարկությունն էր:

Շրջանը, ինչպես հայտնի է, կռվախնձոր է Հնդկաստանի և Պակիստանի միջև, և Նյու Դելիի վերահսկողության ներքո գտնվող Քաշմիրում սրանք առաջին նահանգային ընտրություններն են 2018 թվականից հետո, երբ փլուզվեց շրջանում գործող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և Հնդկաստանի իշխող՝ Հնդկաստանի ժողովրդի կուսակցության միջև առկա կոալիցիան, որին էլ հաջորդեց վարչապետ Մոդիի կառավարության որոշումը՝ չեղարկել շրջանի՝ տասնամյակների պատմություն ունեցող կիսաինքնավար կարգավիճակը:

Նախընտրական պայքարը սուր էր։ Թեկնածուներից ոմանք բացահայտ անջատողական օրակարգ էին ներկայացնում՝ կոչ անելով վերականգնել Քաշմիրի ինքնավարությունը կամ անգամ անկախանալ Հնդկաստանից: Սակայն նման ուժերի մասնակցությունը ընտրություններին դիտորդների կողմից բնորոշվեց որպես քաղաքական պատեհապաշտություն։

Իրենց դիրքորոշումն այդ ուժերը բացատրում են Քաշմիրում սոցիալ-քաղաքական իրավիճակի փոփոխությամբ:

Քաշմիրի անջատողականների նախկին առաջնորդ Սայեդ Սալիմ Գիլանիի խոսքով՝ քաղաքական պահանջներն ի հայտ են գալիս ժամանակին համհընթաց։

«Ոչ ոք մտափոխ չի եղել, կամ պարտադրանքի ենթարկվել։ Պահանջները ժամանակի հետ փոխվում են, որոնց հիմքում ժողովրդի քաղաքական կոչն է»,- ասում է Գիլանին։

Թալաթ Մաջիդը անջատողական «Ջամաաթ-է-Իսլամի» կուսակցության նախկին անդամ է․ «Ոմանք մեզ հարցնում են՝ արդյո՞ք գաղափարական տեղաշարժ է եղել մեր մոտեցումներում։ Ցանկանում եմ նրանց ասել, որ սա քաղաքական տեղաշարժ է. Ամեն անգամ, երբ խոսում եք Քաշմիրի մասին, պետք է մտածել աշխարհաքաղաքական ազդեցության մասին: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական սցենարը՝ պետք է մտածել միջազգային զարգացումների մասին, բայց գործել տեղի կարիքներից դրդված, երբ հարցը վերաբերում է Քաշմիրին: Ցավոք, մեր մեծերը նախկինում մտածում էին տեղի [չափորոշիչներով], բայց գործում էին միջազգային [մակարդակում]»:

Թեև տարբեր թեկնածուներ ցանկություն են հայտնել վերականգնել Քաշմիրի ինքնավարությունը, դիտորդները և սահմանադրական իրավունքի գծով փորձագետները, ինչպես, օրինակ, Նուր Ահմադ Բաբան է, ասում են՝ անհավանական է:

«Ջամու և Քաշմիր [շրջանը] տակավին դաշնային վերահսկողության ներքո գտնվող տարածք է: Նյու Դելին վերջերս ավելի շատ լիազորություններ է փոխանցել նահանգապետին, ով նաև շրջանի գործադիր իշխանության ղեկավարն է: Այս պայմաններում հնարավոր չէ, որ շրջանում գործող կուսակցությունը, եթե անգամ բավականաչափ ձայներ ստանա, ինչ-որ բան անի ինքնավարությունը վերականգնելու խոստումը կատարելու ուղղությամբ»,- ասում է պրոֆեսոր Նուր Ահմադ Բաբան:

Այդուհանդերձ, Բաբան նշում է՝ ինքնավարությանը կողմ թեկնածուների օգտին քվեարկելը ուղերձ պետք է լինի Նյու Դելիի համար: Քաշմիրցիներից շատերը ցանկանում են վերականգնել շրջանի ինքնավարությունը՝ Քաշմիրի սահմանադրությունը, դրոշը և իրավական արտոնությունները: Մոդիի կառավարությունն առայժմ բացառում է նման տարբերակը։

XS
SM
MD
LG