Մատչելի հղումներ

Զելենսկին արձագանքել է Թրամփի դեմ մահափորձին 


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին

Ուկրաինայի նախագահը ընդգծել է օրենքի գերակայության սկզբունքի անսասանությունը և փոխանցել իր բարեմաղթանքները Թրամփի ընտանիքին: 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի հանդես է եկել քաղաքական բռնությունը դատապարտող հայտարարությամբ՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մասին հաղորդագրություններից հետո։

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը, ով 58-ամյա Ռայան Ուեսլի Ռաուտն է, ձերբակալվել է։ Հաղորդվում է, որ ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները «կրակ են բացել զինված անձի վրա», որը զինված էր АК-47 ավտոմատով։ Դեպքը տեղի է ունեցել կիրակի Թրամփին պատկանող գոլֆի դաշտին մոտ։

«Լավ է, որ կասկածյալը արագորեն ձերբակալվել է։ Մեր սկզբունքն է, որ օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից, իսկ քաղաքական բռնությանը տեղ չունի աշխարհի որևէ մասում», – ընդգծել է Զելենսկին և փոխանցել իր բարեմաղթանքները Թրամփին ու նրա ընտանիքին։

Հայտնի է, որ 2022 թվականի ապրիլին France Presse լրատվական գործակալությունը Կիևում հարցազրույց է վերցրել Ռայան Ուեսլի Ռաուտից, որը մասնակցում էր հատուկ ակցիային՝ ի աջակցություն ռուսական հարվածների ներքո գտնվող Մարիուպոլի բնակիչների։

«Նա այստեղ չի ծառայել և կապ չունի պետական կառույցների հետ։ Սա հստակ է։ Նա պարզապես Ուկրաինա է մուտք գործել որպես [մեր երկրի] աջակից։ Նման մարդիկ շատ են»,- ընդգծել է Ուկրաինայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչը France Presse-ի հետ զրույցում:

Ուկրաինայի համար մարտնչող Միջազգային լեգիոնում նույնպես հերքում են որևէ առնչությունը Ռաուտի հետ։

«Ինչպես բազմիցս ասել եմ, մեր երկրում տեղ չկա քաղաքական կամ որևէ այլ տեսակի բռնության համար, և հանձնարարել եմ իմ թիմին շարունակել ապահովել Գաղտնի ծառայությանը բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով, հնարավորություններով և պաշտպանական միջոցներով՝ նախկին նախագահի մշտական անվտանգությունը պահպանելու համար»,- կիրակի երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Իր հերթին՝ փոխնախագահ Քամալա Հարիսը նշել է, թե «խորը մտահոգված է նախկին նախագահ Թրամփի դեմ հնարավոր մահափորձի կապացությամբ»։

«Ինչպես նշեց նախագահ Բայդենը, մեր վարչակազմը կապահովի Գաղտնի ծառայությանը բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով, հնարավորություններով և պաշտպանական միջոցներով՝ իր ամենակարևոր առաքելությունը կատարելու համար»,- հայտարարել է Հարիսը։

XS
SM
MD
LG