Մատչելի հղումներ

Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և միջազգային քաղաքականությունը


Բելգորոդի վրա ռազմական հարվածի հետևանքները
Բելգորոդի վրա ռազմական հարվածի հետևանքները

Ամերիկացի փորձագետներն անդրադարձել են հարցերին, թե ինչ մոտեցումներ կարող է որդեգրել ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում 2024 թվականի ընտրություններից հետո։

Ուկրաինա ռուսական ուժերի լայնամասշտաբ ներխուժումից շատ առաջ, երբ 2014 թվականին ռուսական զինուժը բռնազավթեց Ղրիմը, իսկ հետո ռազմական հակամարտություն հրահրեց Դոնբասում։ ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում քննարկումներ սկսվեցին, թե ինչ քաղաքականություն վարել Կրեմլի նկատմամբ։

Վաշինգտոնում գործող Բրուքինգզ ինստիտուտում սեպտեմբերի 12-ին կլոր սեղան էր նշված հարցի առնչությամբ:

Ինչու՞ Արևմուտքը չի կարող հեռու մնալ Ուկրաինայի պատերազմից

Բրուքինգզի ինստիտուտի փորձագետ և Թրամփի վարչակազմի ժամանակ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի գծով տնօրեն Ֆիոնա Հիլն նշել է, թե «չպետք է մոռանանք, որ Ուկրաինայի պատերազմը Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենամեծ պատերազմն է Եվրոպայում»:

Ըստ փորձագետի՝ Պուտինի խնդիրը եղել և մնում է «աշխարհը հետ տանել ու վերադառնալ մինչև այս աշխարհակարգը գործող ժամանակաշրջան»։

«Պուտինն ընտրում է տարբեր ժամանակներ՝ կախված, թե ում հետ է խոսում։ Ոմանք հավանաբար տեսել են նրա հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ, որտեղ Թաքեր Կարլսոնը փոքր-ինչ ապշած էր, երբ Պուտինը փորձում էր «վերադարձնել նրան» 9-րդ դար՝ հիմնավորելով Մոսկվայի իրավունքը ուկրաինական տարածքի նկատմամբ»,- ասել է Հիլը:

Բրուքինգզի ինստիտուտի ամերիկա-եվրոպական հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի ավագ փորձագետ Կոնստանս Սթելզենմյուլերի խոսքով՝ «աշխարհը պետք է դրան դիմագրավի այնպես, ինչպես դիմագրավեց Հոլոքոստին, ժողովուրդների ցեղասպանությանը, ինչպես Արևմուտքը դիմակայեց ֆաշիզմին և դիմակայում է ցանկացած ագրեսիայի»:

«Պուտինը հարձակվեց մի երկրի վրա, որը բացարձակապես ոչինչ չէր արել Ռուսաստանին հրահրելու համար։ Նա սպանում է ուկրաինացի զինվորներին, դաժան, քայքայիչ պատերազմ մղում Ուկրաինայի դեմ՝ ոչնչացնելով նրանց, ովքեր էթնիկ ռուսներ չեն, և նրանց երեխաներին ուղարկում է Ռուսաստան՝ բռնի որդեգրման: Սա ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական, դեմ է միջազգային իրավունքին»,- ասել է Սթելզենմյուլերը։

Ի՞նչ է դրված ուկրաիանական պատերազմի խաղատախտակին

Ջորջ Բուշ-կրտսերի անվան ինստիտուտի տնօրեն և ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Դեյվիդ Ջեյ Կրամերը համոզված էր, որ այսօր ականատես ենք 21-րդ դարի համար մղվող պայքարին՝ բռնապետության և ազատության միջև։

«Ի վերջո, խոսում ենք երկրին անկախությունից զրկելու, սահմանների բռնի փոփոխության մասին, ինչը մենք չենք տեսել Երկրորդ աշխարհամարտից հետո։ Հաջորդը, ամենայն հավանականությամբ, կլինի Մոլդովան, միգուցե մերձբալթյան երկրները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են, և քանի որ մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, կհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ պետք է պաշտպանենք Լատվիան, Լիտվան կամ Էստոնիան»,- ասել է Կրամերը:

Ո՞րն է Պուտինի նպատակը

Ֆիոնա Հիլը, ով իր կարիերայի ընթացքում ուսումնասիրել է ռուսական քաղաքականությունը, հիշեցրել է, որ Պուտինը իշխանության ղեկին է արդեն 25 տարի։

«Նա այնքան ժամանակ է իշխանության ղեկին, որ լավ է հասկանում, թե ինչպես կարելի է մանիպուլյացիայի ենթարկել առաջնորդներին, քաղաքական գործիչներին, և այնքան բան է արել, որ չի կարող իրեն թույլ տալ հեռանալ»,- ասել է Հիլը:

Ե՞րբ Արևմուտքում հասկացան, որ բախվել են լրջագույն խնդրի

Կոնստանս Սթելզենմյուլերը պատմել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում անսպասելիորեն հանդիպել է ընկերոջը՝ Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու կարդինալներից մեկին, և հարցրել թե ինչ է անում հոգևորականը միջազգային քաղաքականության համաժողովում։ Կարդինալը արձագանքել է՝ «Սատանան նորից աշխարհ է եկել»։

«Դա Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից չորս տարի առաջ էր, բայց ես զգացի, որ մարդիկ կարծես ուղղվեցին, լարվեցին՝ զգալով, որ մահն ու կործանման տանող մեքենան անխուսափելիորեն մոտենում են Ուկրաինային և անուղղակի կերպով Եվրոպային»,- ասել է Սթելզենմյուլերը։

Փորձագետը հիշեցրել է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների երկու երրորդը պաշտպանության վրա այլևս ծախսում է ՀՆԱ-ի 2%-ը կամ ավելին, ինչը «արմատական ու անշրջելի տեղաշարժ է եվրոպական անվտանգության լանդշաֆտում»:

Արդյո՞ք Արևմուտքի համար անակնկալ էր ուկրաինական ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ

Դեյվիդ Ջեյ Կրամերը նշել է՝ շատ բան անսպասելի էր, օրինակ՝ դիմադրելու ուկրաինացիների ունակությունը, Զելենսկու կառավարության կարողությունը՝ պահպանել երկիրը պատերազմի ժամանակ, օկուպացված ուկրաինական տարածքների մի հատվածի ազատագրումը, ռուսական սևծովյան նավատորմի զգալի մասի ոնչացումը և ուկրաինական հացահատիկ արտահանելու համար նախատեսված ծովային միջանցքի վերականգնումը, պատերազմական պայմաններում ուկրաինական անօդաչուների ստեղծումն ու հաջող կիրառումը և բազմաթիվ այլ կետեր։

«Վերջապես, ոչ մեկին չզգուշացնելով Արևմուտքում՝ ուկրաինացիները որոշեցին պատերազմը տեղափոխվել Ռուսաստանի տարածք՝ Կուրսկի մարզ: Այդ արեցին մի շարք պատճառներով՝ ստեղծելու բուֆերային գոտի, փորձելով նվազեցնել հարձակումները այդ շրջանից, գերեվարելով ռուսաստանցի զինվորականների Ռուսաստանում գտնվող ուկրաինացիների գերիների հետ փոխանակելու համար»,- նշել է Կրամերը:

Փորձագետը հավելել է, թե բոլորից գաղտնի այդ որոշումը նաև Արևմուտքից որոշակի հիասթափության արդյունք էր։

Ի՞նչ սպասել ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո

Ֆիոնա Հիլը վստահ չէր, թե արդյոք Միացյալ Նահանգներում ամբողջությամբ գիտակցում են, թե ինչ վտանգոավոր իրավիճակի է բախվել աշխարհը:

«Խոսքն այլևս Ուկրաինայի մասին չէ, այլ այն մասին, թե ինչ է մտածում Չինաստանը Միացյալ Նահանգների դերի վերաբերյալ։ Ընդամենը մեկ տարի առաջ Բրուքինգզի ինստիտուտում ուշագրավ հանգամանք արձանագրեցինք, երբ մեր բրազիլացի գործընկերները մեզ ասացին, որ Ուկրաինայում պատերազմը դիտարկում են որպես առաջին անուղղակի պատերազմ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև, և ոչ թե թե Ուկրաինայի և Ռուսաստանի բախում: Վերջինիս դիտարկում էին, որ որպես թուլացող տերության և շատ առումներով Չինաստանի կցորդ»,- ասել է Հիլը:

Ինչու՞ է Ռուսաստանը վտանգավոր

Կոնստանս Սթելզենմյուլերը հիշեցրեց՝ Կրեմլը Արևմուտքի համար վտանգավոր է ոչ միայն ուկրաինական պատերազմի, այլև արևմտյան երկրների դեմ սանձազերծած հիբրիդային պատերազմի պատճառով։

Ըստ հետազոտողի՝ խոսքը նախևառաջ Կրեմլի կողմից վարվող ապատեղեկատվական արշավների մասին է, բայց նաև՝ Մոսկվայի քայլերի արևմտյան երկրներում սպանել Պուտինի ռեժիմի քննադատներին, բացի այդ՝ «ռուսները շարունակում են անօդաչուների արձակումները ՆԱՏՕ-ի երկրների տարածքների վրա, խնդիրներ են ստեղծում համաշխարհային օվկիանոսներում ձկնորսության համնար, պայթեցնում են խողովակաշարեր և այլն»։

Ի՞նչ ընթացք կունենա ուկրաինական պատերազմը

Կոնստանս Սթելզենմյուլերը վստահ էր՝ Միացյալ Նահանգները և Արևմուտքը թույլ չեն տա, որպեսզի Ռուսաստանը հաղթի։

«Ամենահավանական սցենարը, որ տեսնում եմ, շարունակվող, երկարատև, քայքայիչ պատերազմն է, մինչև մենք կհավաքվենք և Ուկրաինային կտրամադրենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,- ասել է Սթելզենմյուլերը:

Ֆիոնա Հիլը նշել է. «Պետք է փոխենք ուժերի դասավորվածությունը և համոզենք Չինաստանին, որ իր շահերից չի բխում այս պատերազմի շարունակվելը։ Դա շատ դժվար կլինի, բայց պետք է աշխատենք Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ։ Պետք է աշխատենք նաև մեր դաշնակիցների հետ»:

Դեյվիդ Ջեյ Կրամերը զգուշավոր լավատեսություն հայտնեց, թե ուկրաինացիները կարող են հաջողել, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի:

«Խաղադրույքները, ինչպես արդեն ասվել է, հսկայական են: Եթե ուկրաինացիներին տրամադրենք անհրաժեշտ միջոցները, ամեն ինչ կստացվի։ Շատերը կարծում են, որ Ռուսաստանը մարդկային անհամար ռեսուրսներ ունի, բայց, իրականում, դա ճիշտ չէ։ Մյուս կողմից՝ գիտեմ, որ հետախուզական համայնքում բանավեճ կա Կրեմլի միջուկային սպառնալիքների մասին։ Բայց հիշենք՝ մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք և զգուշացրել ենք ռուսներին, որ եթե նրանք մարտավարական միջուկային զենք կիրառեն, կպատասխանենք ռազմական ճանապարհով, թեև պարտադիր չէ միջուկային զենքի տեսքով»:

XS
SM
MD
LG