Հայաստանը զգալի տեղաշարժ է կատարում դեպի Արևմուտք, բայց ճանապարհին հանդիպում է լուրջ մարտահրավերների` Ռումինիայի և Հայաստանի օրինակով արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության մասին քննարկմանը, որը կազմակերպել էր Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտը (MEI), նշել է վերլուծաբան Սարգիս Քարաբաշյանը։
Միջոցառման բանախոս ու Մերձավոր Արևելքի ինստիտուտի հետազոտող Քարաբաշյանը վերջերս էր Հայաստանում՝ ուսումնասիրելու երկրի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները:
Նրա կարծիքով՝ անվտանգային, արտաքին քաղաքական ոլորտում Երևանի նախաձեռնած փոփոխությունները ակնհայտ են Մոսկվայից կախվածության նվազեցման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ի շրջանակում Երևանի դերակատարության, ըստ էության, զրոյացմանը, հայ-ադրբեջանական սահմանից ու «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական ուժերի դուրս բերմանը:
Այդուհանդերձ, վերլուծաբանը ընդգծում է՝ արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը զգալի չափով փոխկապակցված է տնտեսական գործոնի հետ:
«Նման հետագիծը հաջողությամբ պահպանելու առավել կարևոր գործոնը տնտեսականն է: Ամեն ինչ կախված է Հայաստանի կարողությունից՝ զարգացնել իր տնտեսությունը, ազատ մուտք ունենալ տարբեր նավահանգիստներ և նվազեցնել իր տնտեսության կախվածությունը Ռուսաստանից, քանի որ Հայաստանի տնտեսության ավելի քան 50%-ը կապված է ռուսական առևտրի և արտահանման հետ»,- ասում է Սարգիս Քարաբաշյանը։
Միջոցառման մոդերատոր, MEI հետազոտող Յուլիա Ջոջան համամիտ էր, որ տնտեսական գործոնը կարևոր է:
«Սա, հավանաբար, այն միտումներից մեկն է, որը ընդհանուր է Հայաստանից մինչև Ռումինիա ընկած տարածաշրջանում, երբ խոսում ենք անվտանգության մասին: Իրականությունն այն է, որ անհնարին է ապահովել անվտանգությունն առանց տնտեսության վրա կենտրոնանալու: Տարածաշրջանի երկրներն ու ոչ միայն նրանք առերեսվում են հավասարակշռության հետ կապված մարտահրավերին»,- ասում է Ջոջան:
Միջոցառման մեկ այլ բանախոս՝ MEI հետազոտող Հարի Հալեմի կարծիքով՝ և՛ Հայաստանը, և՛ Ռումինիան բախվել են Մոսկվայի հետ իրենց հարաբերությունների վերանայելու խնդրին՝ Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժելուց հետո:
«Այս առումով Ռումինիայի և Հայաստանի հիմնական նմանությունը ինստիտուցիոնալ իներցիան է կամ քաղաքական իներցիան: Երկուսն էլ փորձում են վերանայել իրենց արտաքին և անվտանգային քաղաքականությունը, գտնել նոր ուղիներ՝ հսկայական ճնշումների պայմաններում, որտեղ անգործության և սխալ խաղադրույքների գինը չափազանց բարձր է»,- ասում է Հալեմը:
Սարգիս Քարաբաշյանը հիշեցնում է՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա էին սերտ դաշնակցային հարաբերություններ, որոնք սկսեցին փոփոխության ենթարկվել 2020 թվականից հետո, հատկապես՝ 2022 թվականին: Այսօր Մոսկվան ընդդիմանում է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այլընտրանքի ձևավորման Երևանի ջանքերին՝ այս ուղղությամբ օգտագործելով Ադրբեջանն ու ռուսաստանյան լրատվամիջոցները:
«Նրանք շատ հստակ հասկացրել են՝ չեն ցանկանում, որ Հայաստանը մերձենա Արևմուտքին, և ընդհանրապես՝ շարժվի դեպի Արևմուտք կամ նույնիսկ անջատվի Ռուսաստանից»,- պնդում է Քարաբաշյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական նոր ուղեգծի հարցում ամերիկահայ վերլուծաբանը ընդգծում է Միացյալ Նահանգների ու այլ արևմտյան տերություննների աջակցության ու Հայաստանում ներդրումներ իրականացնելու կարևորությունը: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում առկա է զգալի ներուժ տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում, որտեղ խորհդային ժամանակներից ի վեր չի անցկացվել լուրջ հետազոտություն: Եթե ԱՄՆ-ն այս ուղղությամբ քայլեր չձեռնարկի, ապա այդ տեղը կարող է զբաղեցնել մեկ ուրիշը, մասնավորապես՝ Չինաստանը՝ նկատելով, որ այսօր տարածաշրջանում միայն Հայաստանը չունի ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ Պեկինի հետ:
«Եթե Միացյալ Նահանգների համար կարևոր է այս տարածաշրջանը և այստեղ եղած ազդեցությունը, և եթե ցանկանում է այստեղ հակազդել չինական ազդեցությանը, ապա լավագույն խաղադրույքը Հայաստանն է՝ հաշվի առնելով այն, ինչ արդեն տեղի է ունեցել տարածաշրջանի մյուս երկու երկրների հետ»,- գտնում է Քարաբաշյանը:
Ամերիկահայ վերլուծաբանը վստահ է՝ Հայաստանում արևմտյան ներկայության և ներդրումների ընդլայնումը՝ Ֆրանսիայի, ԵՄ-ի, Միացյալ Նահանգների շնորհիվ, կնպաստի նաև Վրաստանի նման երկրների վերադարձին արևմտյան ուղեծիր և ԵՄ-ի հետ Թբիլիսիի հարաբերությունների կարգավորմանը: