Ամերիկացիներն ավելի քիչ երեխաներ են ունենում, իսկ ծնելիության մակարդակը երկրում պատմական նվազագույնի է հասել՝ նշված է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ապրիլյան զեկույցում:
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին ընդառաջ՝ հարցը դուրս չմնաց քաղաքական պայքարից, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյ Դի Վենսի՝ ժամանակին նկարահանված նախընտրական տեսահոլովակը նորից սկսվեց շրջանառվել, ուր գործիչն ասում է, թե դեմոկրատները նախընտրում են ընտանի կենդանիներ ունենալ, քան երեխաներ:
«Մեզ փաստացի ղեկավարում է դեմոկրատների, կորպորատիվ օլիգարխների մի խումբ՝ անզավակ և կատուներ սիրող կանանց կողմից»,- ասել է Վենսը:
Վենսը դեմոկրատներին անգամ կոչեց «հակաընտանեկան»:
«Եթե ձեր հասարակությունում բավարար երեխաներ չեն ծնվում, որպեսզի փոխարինեն [ձեզ], դա խորապես վտանգավոր և ապակայունացնող բան է: Եթե երեխաներ չունես, ապագա չունես։ Դուք չեք կարող ներմուծել հաջորդ սերունդը: Անհրաժեշտ է ունենալ կայուն, առողջ, երջանիկ ընտանիքներ»,- ասել է հանրապետական գործիչը:
«Կարծում եմ՝ պետք է տեղյակ լինենք, որ ծնելիության ցուցանիշները փոխվել են և դրանք ազդում են մեր աշխատուժի վրա: Սա տարբեր տեսակի խնդիրներ է առաջ բերում։ Բայց արդյո՞ք պետք է տագնապենք, թե՞ ոչ։ Սա այլ հարց է»,- ասում է Բնակչության մասին տեղեկատու բյուրոյի նախագահ Ջենիֆեր Սկիուբան:
Սկիուբան նշում է, որ ծնելիության անկումը կհանգեցնի աշխատուժի կրճատմանը, ինչը կարող է ծանրաբեռնել տնտեսությունը:
Բայց ավելացնում է՝ նշվածը բարդ հարց է:
«Միայն աշխատող ձեռքերի քանակի հարցը չէ, այլ այն, թե որքանով են այդ մարդիկ, նկատի ունենալով նրանց հմտությունները, կրթությունը, կյանքի տևողությունը, համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին»,- հավելում է նա:
Դիտորդների մի մասն էլ ուշադրություն է հրավիրում ոչ թե թվերին, այլ, թե ովքեր են երեխաներ ունենում:
«Եթե դուք ասում եք, թե մտահոգ եք ծնելիության անկմամբ, ապա պետք է ընդունեք, որ ծնելիության անկումը հիմնականում սպիտակամորթ կանանց մոտ է, ինչը նշանակում է, որ դուք մտահոգ եք, որ սպիտակամորթները, կրթված կանայք երեխա չեն ունենում»,- ասում է Հարավային Դակոտայի համալսարանի պրոֆեսոր Ջուլիա Հելվեջը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ ծնելիության ավելի բարձր մակարդակ ունեն ԱՄՆ բնակչության այն հատվածները, որոնց մաշկի գույնը մուգ է, բայց նաև այդ հատվածի կանանց շրջանում մայրական մահացության դեպքերն ավելի շատ են։
Նշենք նաև, որ, ընդհանուր առմամբ, համաշխարհային բնակչության աճի տեմպերը դանդաղել են նախորդ հինգ տասնամյակների ընթացքում:
«Ողջ աշխարհում ծնելիության գործակիցը կամ մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների միջին թիվը կազմում է մոտ 2,2, ինչը հազիվ թույլ է տալիս բնական աճ ապահովել: Սա ցույց է տալիս, որ աշխարհում շատ վայրեր կան, ուր ծնելիության մակարդակը ցածր է։ Աշխարհում յուրաքանչյուր 3 մարդուց 2-ն ապրում է ինչ-որ երկրում, ուր ծնելիության մակարդակւ ցածր է»,- ասում է Սկիուբան:
ԱՄՆ-ում ծնելիության մակարդակի նվազումը կարող է պայմանավորված լինել կյանքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ: Pew Research Center-ի վերջին ուսումնասիրությա համաձայն՝ 18-ից 49 տարեկան ամերիկացիների 47%-ը կարծիք է հայտնել, թե դժվար երբևէ երեխա ունենա, և այդ մարդկանց կեսից ավելին՝ 57%-ը ասում է, որ ուղղակի չեն ցանկանում:
Ինչևէ, «անզավակ և կատու սիրող տիկին» արտահայտությունը, կարծես, փոխում է իր նշանակությունը և դառնում բողոքի նշան, թե մարդիկ իրե՛նք պետք է որոշեն՝ արդյո՞ք ցանկանում են զավակ ունենալ, և ոչ ոք իրավասու չէ քննադատել նրանց այդ պատճառով: Փոփ աստղ Թեյլոր Սվիֆթը վերջերս օգտագործեց այն՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին իր աջակցությունը հայտնելու համար: