Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնվեն կողմերը և որտեղ վերջիններս կարող են առաջընթաց գրանցել՝ նման արձագանք է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցման, թե ինչ դիրքորոշում ունի Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի վերաբերյալ:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծել է. «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»:
Հիշեցնենք՝ դեռ հունիսին ադրբեջանական մամուլը փոխանցել էր նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե՝ «հայկական կողմին առաջարկել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու նպատակով»:
Նախկինում բազմիցս Ադրբեջանը քննադատել է Մինսկի խմբին՝ այն անվանելով անարդյունավետ, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սկսեց պնդել, թե ձևաչափը պետք է չեղարկել:
ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտգորնախարար Իեն Բորջի հետ հանդիպմանը Ալիևն հայտարարել է. «Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել։ Այն գոյություն չունի։ Ուստի, ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա հետ կապված ինստիտուտները»:
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձավ Մինսկի խմբի լուծարման հարցին՝ չբացառելով նման զարգացումը, սակայն միայն այն դեպքում, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղություն լինի: Միաժամանակ, Փաշինյանը վստահ չէր, թե որքանով է արդյունավետ և ճիշտ այդ թեման քննարկման առարկա դարձնել այս պահին:
«Խաղաղության համատեքստում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Եվ, երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, իրոք, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրը ժամկետի մասին է: Իմ տրամաբանությամբ՝ որևէ գործում պետք է չէ կառքը ձիուց առաջ դնել»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այսօր ժամանակավրեպ է:
«Իմ անձնական կարծիքն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն այլևս արդիական չէ։ Չեմ տեսնում հնարավորություն, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը արդյունավետ աշխատեն որևէ ձևաչափում»,- ասաց նախկիմն դիիվանագետը:
Ուորլիքը, սակայն, չի գտնում, թե կարիք կա պաշտոնապես կազմալուծել ձևաչափը:
«Չեմ կարծում, որ պետք է պաշտոնապես վերացնել Մինսկի խումբը։ Այն շարունակում է գոյություն ունենալ։ Եվ և ով գիտի, գուցե, կարող է պահ լինել, երբ օգտակար կլինի վերակենդանացնել Մինսկի խումբը ու ինչ-որ համանախագահության գործընթաց սկսել: Չեմ բացառում դա»,- նշում է Ուորլիքը:
Նրա կարծիքով՝ այսօր ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը և մի շարք երկրներ կարող են միջնորդի դեր ստանձնել Երևանի ու Բաքվի միջև, սակայն կողմերն իրենք պետք է համաձայնության գան միջնորդական ձևաչափի հարցում:
«Երրորդ կողմերը կարող են միջնորդական դեր ունենալ, բայց կարևորն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության գան միջնորդների [ձևաչափի] հարցում և ցանկանան, որ այդ միջնորդությունը տեղի ունենա»,- ընդգծում է Ջեյմս Ուորլիքը:
Իր հերթին, Նորթ Դակոտա համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Թոմաս Ամբրոսիոն, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նկատեց՝ այսօր ԵԱՀԿ-ն ինքնին չափազանց թուլացած է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև խորը տարաձայնությունների պատճառով:
«Ներկայում, հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա լուրջ տարաձայնությունները, ԵԱՀԿ-ն մեծ հաշվով, չեմ ուզում ասել՝ արդիական չէ, բայց իրականում չի գործում այնպես, ինչպես պետք է գործեր»,- ասում է Ամբրոսիոն:
Այդուհանդերձ, պրոֆեսորը վստահ է, որ ԵԱՀԿ-ն որպես կառույց կշարունակի գոյություն ունենալ և գործել, սակայն, հաշվի առնելով նոր իրականությունները, կլինի թույլ և չի ունենա իրական հնարավորություն ապահովել անվտանգություն և համագործակցություն եվրոպական մայրցամաքում: