Մատչելի հղումներ

«ԵԱՀԿ-ն դեռ կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը, այն շատ ավելին է, քան սոսկ Մինսկի խումբը»․ Բույար Օսմանի


Bujar Osmani
Bujar Osmani

Հարցազրույց ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ

-Պարոն Օսմանի, ինչպե՞ս եք գնահատում անվտանգության իրավիճակը տեղում։ Ձեր այցի ընթացքում մենք ականատես եղանք սահմանին հայ և ադրբեջանական ուժերի միջև հերթական մահացու փոխհրաձգությանը։ Ինչպե՞ս կարող է ԵԱՀԿ-ն օգնել կանխել ապագա բռնությունները: Ի՞նչ մեխանիզմներ պետք է գործադրվեն երկարաժամկետ կայունության հասնելու համար։

-Մենք դեռևս մտահոգված ենք անվտանգության առումով միջավայրի փխրունությամբ։ Ձեր նշած միջադեպը տեղի ունեցավ այստեղ իմ այցի ժամանակ, որը այս իրավիճակի անկայունության ևս մեկ ապացույց է, բայց նաև ևս մեկ փաստարկ, թե ինչու պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք այս տարածաշրջանում համապարփակ խաղաղ կարգավորման հասնելու համար։ Ես համոզված եմ, որ մարդիկ արժանի են խաղաղության և արժանապատիվ կյանքի, և նրանք դա ակնկալում են մեզանից՝ քաղաքական գործիչներից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից, ինչպիսին ԵԱՀԿ-ն է: ԵԱՀԿ-ն տեղում ներգրավված է եղել այս հակամարտության առաջին օրերից՝ տարբեր ձևերով և տարբեր կարողություններով, բայց, իհարկե, ԵԱՀԿ-ն երկխոսության եզակի հարթակ է, և ես այստեղ եմ՝ խթանելու և նպաստելու խաղաղության հեռանկարի առաջխաղացմանը այստեղ՝ տեղում, անշուշտ, օգտագործելով մեր եզակի փորձը և մեր համակողմանի գործիքակազմը՝ ստեղծելու հաղորդակցության ուղիներ՝ վստահության ամրապնդմանը, ինչպես նաև խաղաղ գործընթացին աջակցելու համար:

-ԵԱՀԿ-ն միշտ կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում։ Այդուհանդերձ, 2020 թվականի պատերազմից հետո ԵԱՀԿ-ի դերը, կարծես, սահմանափակվել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի սառեցման պատճառով։ Կարո՞ղ ենք ասել, որ ԵԱՀԿ-ն կորցրել է իր ղեկավար դերը ղարաբաղյան հակամարտությունում, քանի որ նրա հովանու ներքո այլևս բանակցություններ չեն ընթանում։

-ԵԱՀԿ-ն իր ներդրումն է ունեցել տարածաշրջանում բազմաթիվ ուղղություններով: Խաղաղ կարգավորման հովանոցային հարթակը եղել է այսպես կոչված Մինսկի գործընթացը, որը պաշտոնապես հաստատվել է Բուդապեշտի գագաթնաժողովի կողմից, և, իհարկե, Մինսկի գործընթացի համանախագահները և հարթակն ինքնին նշանակալի ներդրում են ունեցել տարիների ընթացքում: Ցավոք, այս պահին կարող եմ ասել, որ Մինսկի գործընթացը սառեցված է մի քանի պատճառներով։ Դրանցից մեկը՝ աշխարհաքաղաքական հանգամանքների փոփոխությունն է, որոնք ազդել են համանախագահների միջև դինամիկայի վրա, այնպես որ, այս պահին մենք չունենք համանախագահների հանդիպումներ Մինսկի գործընթացի շրջանակներում, ինչպես և բացասաբար է ազդել կողմերից մի քանիսի հակադիր գնահատականը Մինսկի գործընթացի աշխատանքի վերաբերյալ։ Այսպիսով, ինչպես նշեցիք, այս պահի դրությամբ հանդիպումներ չկան, գործընթաց չկա, բայց ԵԱՀԿ-ն շատ ավելին է, քան սոսկ Մինսկի գործընթացը։ Հետևաբար, ես եկել եմ այստեղ նախ լսելու բոլոր կողմերին՝ նրանց տեսակետներն ու ակնկալիքները ավելի լավ հասկանալու համար, և, իհարկե, առաջարկելու ԵԱՀԿ-ի ծառայությունները՝ խաղաղ գործընթացը ակտիվացնելու և խթանելու համար։

Այս պահին, ինչպես տեսնում ենք, ընթանում են զուգահեռ բանակցություններ միջնորդության շուրջ, և մենք սատարում ենք բոլոր այդ ջանքերը՝ միավորելու բոլոր կողմերին և հասնելու համապարփակ ու հարատև խաղաղության։ ԵԱՀԿ-ն կարող է իր դերակատարումն ունենալ։ Եվ ես կողմերին առաջարկեցի որոշակի գաղափարներ, որոնք գնահատվեցին որպես դրական ջանքեր մեր կազմակերպության և, հատկապես, մեր նախագահության կողմից, որը, ինչպես գիտեք, մարդակենտրոն է և կառուցում է իր առաջնահերթությունները՝ հիմնվելով տեղում գտնվող մարդկանց կարիքների վրա։ Չմոռանանք, որ ես տեղում ունեմ փորձառու, բոլոր կողմերի միջև կապ ու վստահություն հաստատած անձնական ներկայացուցիչ, որը կշարունակի մնալ իմ աչքերն ու ականջները տեղում՝ խաղաղ գործընթացին աջակցելու համար։

-Լեռնային Ղարաբաղում հայերի ապագան մնում է ամենաէական խնդիրը հակամարտող կողմերի միջև. Երևանը պահանջում է հատուկ իրավունքներ և պաշտպանություն Ղարաբաղի հայերի համար, մինչդեռ Բաքուն պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, և դրա կարգավիճակը իրենց ներքին հարցն է: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում, և որտե՞ղ եք տեսնում հնարավոր փոխզիջումը` կայուն խաղաղության համար։

-Ինչպես նշեցի, մեր առաջնահերթությունները ձևակերպված են մեր նախագահության մարդակենտրոն մոտեցման շրջանակներում, և այդ տեսանկյունից մենք ձգտելու ենք նախագծել և մշակել բոլոր նախաձեռնությունները՝ հիմնվելով տեղում գտնվող մարդկանց կարիքների վրա, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում, ինչպես նաև խթանել հաղորդակցությունը և վստահության ամրապնդումը: Մենք կոչ ենք անում կողմերին շարունակել երկխոսությունը և գտնել առաջընթացի ուղիներ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար։ Մենք այս գործընթացում չենք հարելու երևէ կողմի, մեր դերը աջակցելն է, մեր դերը հարթակ ապահովելն է, մեր դերը հաղորդակցություն ու երկխոսություն խթանելն է։

Մեզ ոգևորում են երկու առաջնորդների միջև վերջին հաճախակի հանդիպումները տարբեր հարթակներում՝ լինի դա բրյուսելյան հարթակում, թե այլ հարթակներում, և մենք կարծում ենք, որ դա առաջընթացի լավ ճանապարհ է: Ես ծնունդով մի տարածաշրջանից եմ, որն անցել է պատերազմների, հակամարտությունների և հաշտեցման դժվարին ժամանակաշրջաններ, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի դեպքը, որը եզակի է ֆունկցիոնալ բազմաէթնիկ ժողովրդավարության հասնելու և պառակտված հասարակությունը համախմբված ու հանդուրժող հասարակության վերածելու առումով, ինչպիսին հիմա է, և դա ձեռք է բերվել նաև ԵԱՀԿ-ի աշխատանքի և ներգրավվածության շնորհիվ: Այսպիսով, մենք ցանկանում ենք փոխանցել այդ փորձը և առաջարկել այդ մոդելները այս տարածաշրջանում։

-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղ բանակցությունները հեշտացնելու համար։ Ի՞նչ դեր կարող է խաղալ ԵԱՀԿ-ն Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունն առաջ մղելու գործում։

-Ինչպես ասացի, մենք խրախուսում ենք այս բոլոր նախաձեռնություններն ու ջանքերը՝ առաջնորդներին բերելու և երկրներին ու կողմերին միավորելու՝ գործընթացում առաջ շարժվելու ուղիներ փնտրելու համար: Բայց մենք կարծում ենք, որ մեր փորձը, ԵԱՀԿ հարթակը կարող է նաև լրացուցիչ ճանապարհ հանդիսանալ՝ կարգավորման հասնելու ջանքերում: Եվ, հետևաբար, ես առաջարկեցի և՛ Բաքվում, և՛ այստեղ՝ Երևանում, հանդիպել Օհրիդում։ Ինչպես գիտեք, Օհրիդը դարձել է հաղորդակցության, երկխոսության և խաղաղ կարգավորման վայր: Եվ հետևաբար, մենք կարծում ենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը կարող է էական և լուրջ հարթակ տրամադրել կողմերին, որպեսզի խոսեն ոչ միայն համապարփակ խաղաղ կարգավորման մասին, այլ ավելի շուտ, ինչպես ասացի, միջանկյալ միջոցների մասին՝ հասնելու խաղաղ կարգավորմանը։

-Դուք այժմ եղել եք Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում և բանակցություններ եք վարել այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Որքա՞ն լավատես եք Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարների վերաբերյալ:

-Կարծում եմ՝ բոլոր կողմերը, հասկանալով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի բարդությունը, անկեղծորեն ցանկանում են առաջ շարժվել այս գործընթացում և ժողովրդի, հաջորդ սերունդների համար խաղաղություն ապահովել։ Ես տեսա շահագրգռվածություն ավելի ինտենսիվ տարածաշրջանային համագործակցության համար, որը նաև կհամալրեր հաշտեցման և փոխգործակցության այս ջանքերը, ուստի և, իմ մոտեցումը, երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նկատմամբ՝ Արևմտյան Բալկանների մոդելների տարբերակն է։ Եվ ես լավատեսորեն եմ տրամադրված, որ հաջորդ ամսվա ընթացքում նախագահությունը պետք է կարողանա մի քանի նախաձեռնություններ և գաղափարներ մեկնարկել այստեղ՝ տարածաշրջանում, տարածաշրջանի երեք երկրների միջև, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի և յուրաքանչյուր երեք երկրների միջև առանձին-առանձին՝ խաղաղությանը և համագործակցությանը նպաստելու նպատակով։

-Վրաստանում Ձեր այցից և պաշտոնական հանդիպումներից հետո ինչպիսի՞ն է ձեր տպավորությունը՝ եվրոպական կողմնորոշմանը երկրի հավատարմության մասին: Արդյոք Վրաստանը ճի՞շտ ուղղությամբ է շարժվում։

-Նախ ասեմ, որ ԵԱՀԿ-ն մեծապես ներգրավված է եղել Վրաստանի խաղաղ գործընթացում: Ինչպես գիտեք, մենք համանախագահում ենք Ժնևի միջազգային քննարկումներում, և ես ուրախ էի, որ իմ այցից ընդամենը մի քանի օր առաջ կայացավ բանակցությունների 57-րդ փուլը, և, մասնավորապես, կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը շարունակելու գործընթացը։ Մենք հասկանում ենք, որ այս պահին չկա բարենպաստ միջավայր գործընթացի հիմնական արդյունքների համար: Բայց այն, որ կողմերը հանդիպում են, զրուցում և գաղափարներ են ուսումնասիրում, թե ինչպես առաջ գնալ, կարծում եմ՝ կարևոր է։ Ես հնարավորություն ունեցա այցելելու ԵԱՀԿ անցակետ, որը գտնվում է Վրաստանի և Հարավային Օսիայի տարածաշրջանի վարչական սահմանագծին: Եվ տեսա, որ ցավոք, 21-րդ դարում գոյություն ունի բաժանման պատ, որը պառակտում է համայնքները, և որ նրանք զրկված են իրենց հարազատներին, իրենց ընկերներին այցելելու հնարավորությունից, նույնիսկ չեն կարող այցելել կրոնական վայրեր։ Եվ, հետևաբար, ես օգտագործում եմ այս այցը՝ կոչ անելու բոլոր կողմերին հնարավորություն ընձեռել տեղաշարժի ազատության համար՝ որպես մարդու հիմնական իրավունք: ԵԱՀԿ-ն նաև համագործակցում է եվրոպական մոնիթորինգային առաքելության հետ, որը կարևոր աշխատանք է կատարել ռազմական գործողությունները կանխելու և այդ տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման համար: Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ն բովանդակային ջանքեր է գործադրում Վրաստանի համար՝ ԵԱՀԿ-ի ստանձնած պարտավորությունները բոլոր երեք հարթություններում իրականացնելու համար, ինչն իր հերթին կօգնի ԵԱՀԿ ներքին բարեփոխումների օրակարգին։ Եվ, իհարկե, պարտավորությունները կիսվում են: Եվ դա կխթանի նաև նրանց ԵՄ հեռանկարը։

-Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտում է, ինչը կասկածի տակ է դնում կազմակերպության կարողությունը՝ խթանելու անվտանգության համագործակցությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Այժմ հարցն այն է, թե ԵԱՀԿ-ն ինչպես կարող է օգնել վերջ դնելու Ուկրաինայի դեմ ագրեսիային և ինչ լծակներ ունի բռնությունները դադարեցնելու համար։

-Իրոք, Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը խարխլել է այս կազմակերպության հիմքը, հենց այն պարտավորությունները և սկզբունքները, որոնց հիմքում ընկած է խաղաղությունը վերջին տասնամյակներում: Եվ ԵԱՀԿ-ն վճռականորեն դատապարտել է այս ագրեսիան, ինչպես նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել: Որպես ԵԱՀԿ նախագահող իմ առաջին այցը Կիև էր, Ուկրաինա։ Քանի որ Ուկրաինան մեր նախագահության առաջին և գերակա առաջնահերթությունն է։ Ցավոք, Ռուսաստանը դադարեցրեց մեր ներկայությունը Ուկրաինայում՝ արգելափակելով ոչ միայն դիտորդական առաքելությունը, այլև Կիևում գտնվող գրասենյակը։ Այնուամենայնիվ, ԵԱՀԿ-ն ցույց տվեց տոկունություն և գտավ միջոց, թե ինչպես վերահաստատվել Կիևում՝ գործարկելով Ուկրաինային աջակցության ծրագիրը, որը ֆինանսավորվում է արտաբյուջեից։ Ավելի քան 20 մասնակից պետություններ խոստացել են իրենց ֆինանսավորումը, որպեսզի աջակցեն ոչ միայն մարդկանց, այլև հումանիտար ականազերծման հարցում, ինչպես նաև Ուկրաինայում բարեփոխումների օրակարգը ձեռնարկելու նպատակով: Ինչպես գիտեք, վերջերս նաև ԵԱՀԿ-ն գործի է դրել, այսպես կոչված, մոսկովյան մեխանիզմը՝ փաստահավաք առաքելություն իրականացնելու համար՝ կապված Ուկրաինայից երեխաների առևանգման և Ռուսաստան տեղափոխման գործի հետ։ Ուստի, ֆունկցիոնալության առումով շատ ծանր վիճակում գտնվելով հանդերձ, ԵԱՀԿ-ն ցուցաբերում է տոկունություն, և ցույց տալիս Ուկրաինային, նրա ժողովրդին և ինստիտուտներին շարունակաբար աջակցելու իր հանձնառությունը։

XS
SM
MD
LG