Մատչելի հղումներ

Ջեյմս Ուորլիքը լավատես է՝ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրին


Հայ-ադրբեջանական սահման
Հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը լավատես է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հանգել խաղաղության համաձայնագրին։

Ամերիկացի դիվանագետը նման կարծիքի էր Վաշինգտոնում՝ «Ատլանտյան խորհրդի» Եվրասիական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը:

«Թվում է, մոտենում ենք վերջնակետին։ Կարելի է ասել նաև, որ այս ֆիլմը նախկինում էլ ենք դիտել, երբ մոտեցել ենք վերջնագծին, բայց այդպես էլ չի հաջողվել անցնել [այդ] վերջնագիծը»,- ասել է Ուորլիքը:

Հիշատակելով նախորդ շաբաթներին Տավուշի ուղղությամբ ադրբեջանական գյուղերի վերադարձնելը Բաքվին՝ ամերիկացի դիվանագետը նշել է, թե բանակցություններում մի քանի առանցքային կետեր են մնացել:

«Սահմանագծումը, թվում էր, դյուրին հարց է, քանզի կողմերը համաձայնել էին սահմանների հարցը լուծել՝ առաջնորդվելով խորհրդային քարտեզներով, բայց, կարծես, դա երկար ժամանակ է պահանջելու»,- նշել է Ուորլիքը՝ հավելելով, թե մյուս խնդիրը Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցն է։

«Կարծում եմ, երկու երկրների շահերից է բխում ոչ միայն լուծել այդ հարցը, այլև ճանապարհ գտնել այդ միջանցքը ստեղծելու համար: Ադրբեջանը, կարծես, նախընտրում է երկաթուղային ճանապարհը, և, անկեղծ ասած, Հայաստանն էլ պետք է ողջունի այս տարբերակը, քանի որ այն բացում է սահմանը և տրանսորտային ու առևտրային նոր ճանապարհների [գործարկման] հնարավորություն տալիս»,- ասել է Ուորլիքը։

Ամերիկացի նախկին համանախագահի լավատեսությունը կիսում էր ադրբեջանցի փորձագետ Էսմիրա Ջաֆարովան, ով ընդգծեց, թե տարիներ անց՝ առաջին անգամ երկկողմանի համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանն ամրագրել են պատրաստակամությունը խաղաղության հաստաման ուղղությամբ։

Միաժամանակ, ըստ Ջաֆարովայի, տևական բանակցություններից ու անհամաձայնություններից հետո առաջընթաց կա նաև սահմանագծման և սահմանազատման հարցում: Ադրբեջանցի փորձագետը դրական քայլ էր համարում Տավուշի մարզի և Ղազախի շրջանի միջև սահմանային սյունների տեղադրումը։

Էսմիրա Ջաֆարովայի խոսքով, կարծես, կողմերը համաձայնության են եկել սահմանները հստակեցնել ոչ թե մեկ՝ 1975 թվականի քարտեզով, այլ գոյություն ունեցող օրինական բոլոր քարտեզներով: Ըստ Ջաֆարովայի, Հայաստանի վարչապետը քննարկումներից մեկի ժամանակ, ըստ ամենայնի, հաստատել է՝ մի քանի քարտեզներով առաջնորդվելու պատրաստակամությունը:

Սակայն հարց է ծագում, եթե գործ ունենք նման փոխհամաձայնության հետ, ի՞նչն է խանգարում խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Հաղորդակցական ուղիների հարցը շարունակում է խնդիր մնալ կողմերի միջև, քանզի Ադրբեջանն արդեն ավարտել է իր հատվածը՝ Հորադիզ-Աղբանդ ճանապարհը։ Նույն գծով նախատեսվում է երկաթուղի կառուցել։ Բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը չի կառուցել իր մասը: 2020 թվականի նոյեմբերին ստորագրված [զինադադարի մասին] համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է ապահովել այդ ճանաապարհի գործարկումը: Այժմ այդ հարցի շուրջ բազմաթիվ հակասությունների ականտեսն ենք։ Կարծում եմ, Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունը: Միևնույն ժամանակ, նրանք խնդիր են համարում, թե ով պետք է ապահովի անվտանգությունը։ 2020 թվականի համաձայնագրով ռուս սահմանապահները պետք է ապահովեին այդ անվտանգությունը, բայց հիմա Հայաստանը խոսում է միջազգային մեխանիզմենրի մասին»,- ասել է ադրբեջանցի փորձագետը։

Ի պատասխան Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հիշեցրեց է Լաչինի միջանցքի ճակատագրի մասին, որի անվտանգությունը և բաց մնալը նույն՝ 2020 թվականի նոյեմբերի զինադադարի համաձայնգրով պետք է ապահովեին Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Այնինչ, այժմ գոյություն չունի ոչ միայն այդ միջանցքը, այլև Լեռնային Ղարաբաղը:

«Հայաստանն ասում է՝ համաձայն եմ, եկե՛ք հաղորդակցական ուղիները գործարկենք, բայց պայմանով, որ յուրաքանչյուր երկիր իր հատվածն ինքն է վերահսկելու։ Այսինքն, Հայաստանն ասում է՝ չի ցանկանում, որ միջանցիկ՝ [իր ինքնիշխանությունից դուրս գտնվող] ճանապարհ անցնի իր տարածքով: Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներից հետո տպավորություն ունեմ, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցել խաղաղության հաստատման գործընթացին»,- ասել է Արդունին։

Միաժամանակ, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենը հիշեցրեց բազմիցս հնչած մտահոգությունների մասին, որ Ադրբեջանում շարունակում են գտնվել հայ ռազմագերիներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը․ «Նրանք աննշան կապ ունեն իրենց ընտանիքների հետ»։

Ադրբեջանցի փորձագետի խոսքով, այդ մարդիկ մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ, իսկ նրանց անազատության պայմանները լավ են։

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը անչափ կարևորեց Հարավային Կովկասում խաղաղության հաստատման այս փուլում Հայաստանի շարժվելը դեպի Արևմուտք և ՀԱՊԿ–ը լքելու Հայաստանի իշխանությունների հայտարաությունները։

«Փաշինյանի համարձակ որոշումը հեռանալ Մոսկվայից և ՀԱՊԿ-ը լքելու մասին հայտարարությունները դրական առաջընթաց է, և սա այն պայմաններում, երբ Հայաստանը այդքան էլ ապահով չէ իր հարևանների առումով, ու [նշվածը վկայում է] հեռանալ իր անվտանգության միակ երաշխավորից։ Իհարկե, հասկանում եմ, որ այդ երաշխավորը վերջրին շրջանում ոչնչով չօգնեց։ Բայց, անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ-ը լքելու ցանկությունը, կարծում եմ, համարձակ որոշում է, և Արևմուտքն այդ ամենից հետո պետք է Հայաստանին տեսնի դաշնակցի, ժողովրդավրության բաստիոնի դերում և տարածրջանային կայունության [համատեքստում]: Չեմ ասում, թե այս ամենի համար պետք է պարգևատրել Փաշինյանին, բայց թե՛ Արևմուտքը, թե՛ ԵՄ-ն պետք է աջակցեն Հայաստանին և քաջալերեն նման ուղղությամբ ընթանալու որոշումը: Շատ դրական եմ վերաբերում Մոսկվայից հեռանալու ցանկությանը, և մենք՝ Արևմուտքը պետք է պատասխան ազդակներ ուղարկենք»,- ասել է Հեֆերնը։

Իր հերթին՝ վերլուծաբան Լուք Քոֆեի խոսքով, նման ընթացքը Ռուսաստանին այդքան էլ դուր չի գա։ Նա հիշեցրել է, որ տարածաշրջանային հակամարտությունները Կրեմլը օգտագործել է տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար: Ուստի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը սպառնալիք է տարածշրջանում Մոսկավի ազդեցությանը: Ըստ վերլուծաբանի, խաղաղության հասնելու այս ճանապարհը դյուրին չի լինելու, քանզի Մոսկվան փորձելու է խանգարել:

«Միացյալ Նահանգները պետք է ամեն ինչ անի, որպեսզի աջակցի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների նորմալացմանը, որպեսզի բոլորը միասին հավաքվեն խաղաղության սեղանի շուրջ: Այդ ամենից կշահեն երկու կողմերն էլ: Եթե կարողանան լուծել այս հակամարտությունը և ներգրավել Թուրքիայի տնտեսական ներուժը, հաղորդակցական ներուժը, պարզապես հիասքանչ կլինի»,- ասել է Քոֆեն:

XS
SM
MD
LG