Մատչելի հղումներ

Մի քանի տասնյակ ամերիկացի կոնգրեսականներ դիմել են Բլինքենին՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցով


ԱՄՆ Կոնգրեսի շենքը
ԱՄՆ Կոնգրեսի շենքը

Հունիսի 25-ին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում միացել են ևս 47 ամերիկացի օրենսդիրներ, նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային, պատմական և կրոնական վայրերի ու հուշարձանների պահպանման ու պաշտպանության անհարժեշտության մասին:

Նամակում ընդգծվում է, որ հայկական պատմա-մշակութայն հուշարձանները շարունակաբար ոչնչացվում են Ադրբեջանի կողմից։ Դրա մասին հայտնում է կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

«Մենք դիմում ենք այս նամակով՝ ձեր ուշադրությունը հրավիրելու Արցախում, որը նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի կողմից հայկական մշակութային, պատմական և կրոնական վայրերի շարունակական ոչնչացման վրա և կոչ ենք անում վարչակազմին արագ քայլեր ձեռնարկել։»,- նշված է պետքատուղարությանն ուղղված կոնգրեսականների նամակում:

Նամակը մեջբերում է Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch ծրագրի նեկայացրած տեղեկությունը՝ ըստ որի՝ «Ադրբեջանը պատասխանատու էր Նախիջևանի անկլավում գտնվող հայկական մշակութային ժառանգության 98 տոկոսի ոչնչացման համար 1997-2011 թվականներին: 2023թ.-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ, արդեն իսկ ապացույցներ կան, որ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթի բնաջնջման իր ռազմավարությունը այս եկրամասում ևս, ինչպես նաև դրա շուրջը»։

Նամակում նշված է, որ «շատ դեպքերում Ադրբեջանը փորձել է քողարկել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը` իր գործունեությունը անվանելով պատմական վայրերի «վերականգնում», և ջանքեր է գործադրել պնդելու, որ հայկական ժառանգության հուշարձանները հանդիսանում են «կովկասյան ալբանական» ծագում ունեցող կոթողներ կամ պարզապես գոյություն չունեն: Ադրբեջանի կողմից Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու, որը նաև հայտնի է որպես Կանաչ ժամ/Կանաչ եկեղեցի անվամբ, վերակառուցումը հայերի համար նշանակալի արժեք ունեցող վայրերի անաղմուկ ոչնչացման օրինակ է: Այս գործողությունները բարի նպատակներ չեն հետապնդում և, ի վերջո, հանգեցնում են հայկական մշակույթի բնաջնջմանը և տարածաշրջանի պատմական հայկական արմատների համակարգված վերացմանը:»,- նշված է նամակում:

Նամակում օրեսնդիրները նաև հիշեցնում են, որ «հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է նաև Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի հայցի առարկա։ Գործն ի սկզբանե հարուցվել է Հայաստանի կողմից 2021 թվականի սեպտեմբերին: Թեև գործը չի ավարտվել, ԱՄԴ-ն ստիպված է եղել ժամանակավոր միջոց կիրառել 2021 թվականի դեկտեմբերին՝ կապված տարածաշրջանից հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացման և հնարավոր բնաջնջման արժանահավատ ռիսկի հետ: Ժամանակավոր որոշումը կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ «հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ հայկական պատմական մշակութային ներկայությունը վերացնելուց»,- հիշեցնում են կոնգրեսականները։

Վերջիններս դիմում են պետքարտուղարին՝ խնդրելով «անել ավելին՝ կանխելու համար Ադրբեջանի գործողությունները» և բարձրաձայնել դրա մասին տարբեր առիթներով:

«Մենք կոչ ենք անում պետքարտուղարությանը ապահովել, որ բոլոր ամերիկացի դիվանագետները առաջնահերթություն տան այս հարցին՝ բարձրաձայնելով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդրի մասին Ադրբեջանի կառավարության բոլոր մակարդակների պաշտոնյաների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Խնդրում ենք Ադրբեջանի կառավարությանը հորդորել ամբողջությամբ կատարել ԱՄԴ-ի ժամանակավոր որոշումները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացմանը։ Խիստ կարևոր է, որ վարչակազմը կոչ անի անհապաղ դադարեցնել ադրբեջանական գործողությունները, որոնք կարող են վերացնել հայ ժողովրդի հարուստ պատմությունն ու մշակույթը: Այդ վայրերը պետք է պաշտպանված լինեն»,- ասված է մոտ 50 կոմնգրեսականների նամակում ուղղված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

XS
SM
MD
LG