Մատչելի հղումներ

Հայաստանի դեմ նոր պատերազմի հավանականությունը. դիտորդների կարծիքը 


Հայ-ադրբեջանական հակամարտություն
Հայ-ադրբեջանական հակամարտություն

Հայաստանցի, ամերիկացի և բրիտանացի դիտորդները անդրադառնում են, թե որքանով է հավանական հայ-ադրբեջանական նոր պատերազմը, և թե որ երկրից ինչ կարող է ակնկալել Հայաստանը: 

Միացյալ Նահանգների համար շարունակում է առաջնահերթություն մնալ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հայտարարել է պետքարտուղարության մամլո խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն տակավին պատրաստ է հյուրընկալել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը։ «Իհարկե»,- կարճ արձագանքել է պաշտոնյան՝ ավելացնելով․ «Ամենից զատ, ինչ կատարվում է աշխարհում և ինչն այստեղ արժանանում է զգալի ուշադրության, այդ երկու երկրների [Հայաստանի ու Ադրբեջանի] միջև խաղաղությունը շարունակում է մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար առաջնահերթություն մնալ, և այդ հարցում [պետքարտուղարությունը] կշարունակի ներգրավված մնալ»։

Վաշինգտոնից, Բրյուսելից հնչող հայտարարությունների ֆոնին իրավիճակին անդրադառնում են վերլուծաբանները։

Չնայած այն ընկալմանը, թե Ադրբեջանի վերջին ձեռքբերումները և Լեռնային Ղարաբաղի անկումն այլևս ի վիճակի են չեզոքացնել հայ-ադրբեջանական հակամարտության հիմքերը և խնդիրը կլուծեին հօգուտ Ադրբեջանի, սակայն իրավիճակի որևէ նոր սրացում, հավանական է, որ լինի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում՝ կարծիք է հայտնում ԱՄՆ բանակի կրթական հաստատության՝ «War College»-ի եվրասիական հետազոտությունների ամբիոնի դոցենտ, գնդապետ Ռոբերտ Համիլթոնը:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել էր իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Լեմկինի ինստիտուտի օրերս հնչեցրած մտահոգության հետ: Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել էր առաջիկա օրերին և շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու վտանգի մասին։

Համիլթոնի ներկայացմամբ, տարածաշրջանային երկրները և, իհարկե, նրանց գործընկերները պետք է լրջորեն վերաբերվեն հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսմանը․ «Տարածաշրջանային երկրների գործընկերների՝ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանի ու Թուրքիայի, և բոլոր այն պետությունների համար, որոնք շահեր ունեն այնտեղ, իրավիճակի լուրջ սրացումը մեծ անկայունության աղբյուր կլինի: Այն կազդի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև տարածաշրջանից դուրս գտնվողների շահերին։

Սակայն ո՞ր երկրից և ի՞նչ օգնություն կարող է ակնկալել Հայաստանը, և ի վերջո՝ ո՞վ կարող է միջնորդել, որպեսզի Երևանն ու Բաքուն հանգեն խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ամերիկյան բանակի գնդապետը դժվարանում է առանձնացնել գեթ մեկ երկիր:

Այդուհանդերձ, Ռոբերտ Համիլթոնի կարծիքով, առանց երրորդ կողմի աջակցության անհնար կլինի խաղաղության հասնել․ «Գիտեք, Վրաստանն առաջարկել է, և Վրաստանն, իրոք, միակ վայրն է Հարավային Կովկասում, ուր Երևանն ու Բաքուն կարող են հանդիպել և խոսել: Բայց, անկեղծ ասած, Վրաստանը պարզապես ուժ չունի՝ օգնելու կամ ստիպելու կողմերին համաձայնության հասնել: Խնդիրն այն է, որ չեք գտնի որևէ երկիր, որ իր շահի պատճառով, կամ լեգիտիմությամբ ի վիճակի է հասնել հակամարտության լուծմանը»:

Բացառելով Թուրքիայի և Ռուսաստանի դրական դերակատարումը հայ-ադրբաջանական հարաբերությունների նորմալացման հարցում՝ միևնույն ժամանակ, փորձագետը առանձնապես լուրջ հետաքրքրվածություն չի նկատում ԱՄՆ ու Եվրամիության մոտ՝ Հարավային Կովկասի նկատմամբ։

Համիլթոնը վստահ չէ, թե Ֆրանսիան ի վիճակի է կամ ցանկանում է բավականաչափ սպառազինություն տրամադրել Հայաստանին՝ Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու համար։ Ինչ վերաբերում է ԱՄՆ հավանական օգնությանը, գնդապետը չբացառեց, որ առաջիակյում լինեն ավելի շատ զորավարժություններ, ավելի շատ փոխայցեր, նյութական աջակցություն, սակայն դժվար թե Վաշինգտոնն անվտանգության երաշխիքրներ տա Երևանին։

«ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տվել Հարավային Կովկասի ոչ մի երկրի, նույնիսկ Վրաստանին, որի հետ ունեցել է երկարատև ռազմական գործընկերություն: Նույնիսկ Վրաստանը չկարողացավ ստանալ ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները»,-ասում է նա:

Այստեղ մի պահ դադար տանք և նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն վերստին Հայաստանում է:

Այնինչ, Երևանում քիչ հավանական են համարում լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսումը։ Տևական ժամանակ «BBC»-ին թղթակցած լրագրող, քաղաքական մեկնաբան Մարկ Գրիգորյանը նշում է, թե տեսականորեն լավ է բաց ճանապարհներ ունենալ և տարաշածրջանային խաչմերուկ լինելը, սակայն իրականում Հայաստանը շարունակաբար խնդիրներ է ունենալու Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որովհետև պարզ չէ՝ ինչ կլինի այդ երկրներում Ալիևից և Էրդողանից հետո:

Գրիգորյանը կոչ արեց Հայաստանի իշխանություններին զգուշություն ցուցաբերել արտաքին քաղաքականության հարցում, հատկապես երբ խոսք է գնում հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին, որովհետև Ռուսաստանի գործոնը չի անհետացել․ «Ունենք Վրաստանի փորձը, որովհետև Վրաստանը սկսեց աշխատել Արևմուտքի հետ, երկար խոսվում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, բայց դա էլ շատ կտրուկ քայլ էր, ինչի հետևանքները Վրաստանը շատ ցավոտ զգաց: Չեմ ցանկանում, որ Հայաստանն առերեսվի նման ցավոտ հետևանքների»:

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը, միանշանակ, էթնիկ զտում էր, իսկ այժմ՝ հաջորդ լրջագույն խնդիրը Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի առկայությունն է՝ կարծիք է հայտնում Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նշանավոր անդամ, Լեռնային Ղարաբաղում հայերի ինքնորոշման ջատագով, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ավելի քան 60 այց է կատարել Լեռնային Ղարաբաղ:

Բարոնուհին գտնում է, որ Երևանը կարող է Լոնդոնիւց ակնկալել մարդասիրական օգնություն, բայց ոչ քաղաքական աջակցություն․ «Բրիտանական կառավությունը կարող է օգնել, որպեսզի մարդիկ նոր կյանք ստեղծեն: 100 հազար մարդ է տեղահանվել Արցախից Հայաստան, և նրանք այժմ մարդասիրական օգնության կարիք ունեն»:

Քոքսի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգությունից հետո, հայ ժողովուրդը վերստին ծանր ժամանակներ է ապրում, երբ Ադրբեջանը կարող է ռազմական հարձակում սկսել Հայաստանի Հանրապետության դեմ։

XS
SM
MD
LG