Մատչելի հղումներ

Ինչպիսի արդյունքներ գրանցեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները


Բաքուն ու Երևանը արձանագրում են՝ որոշ դրույթներում առկա է փոխըմբռնման առաջընթաց, սակայն մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Վերլուծաբանները քննարկում են բանակցությունների արդյունքները

Հայաստանն ու Ադրբեջանը եզրափակեցին Վաշինգտոնին հարակից Արլինգտոն քաղաքի՝ ԱՄՆ պետքարտուղարության ուսումնական կենտրոնում դեռևս մայիսի 1-ից մեկնարկած բանակցությունները: Դրանց ավարտին կողմերը տարածել են միասնական հաղորդագրություն, ուր պայմանավորվել են շարունակել քննարկումները: Երևոնն ու Բաքուն հայտարարել են, որ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, սակայն մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերով՝ այս բանակցությունները ցույց են տալիս, որ կողմերի մոտ առկա է գիտակցում, որ կայուն խաղաղությանը հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է: Իր ամփոփիչ ելույթում պետքարտուղարն ընդգծեց ԱՄՆ-ի պատրաստակամությունն աջակցել հետագա բանակցային գործընթացին: Բացի այդ, բանակցությունների վերջին օրը պետքարտուղար Բլինքենը եռակողմ հանդիպում ունեցավ ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի ու Բայրամովի հետ:

«Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում»,- ասել է պետքարտուղարը:

Բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը ստեղծել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք համաձայնությանը հասնելու ճանապարհին, նշել է Բլինքենը:

«Վերջնական համաձայնությունը հասանելի է, և մենք վճռական ենք շարունակել օգնել մեր բարեկամներին՝ հասնելու դրան»,- ասել է նա:

Ավելի ուշ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ կողմերը կշարունակեն վայելել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը տևական և կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ եթե կողմերը շարունակեն բանակցությունները, ապա դա հնարավոր է դիտարկել որպես այս բանակցությունների դրական արդյունք:

«Որոշ լրատվամիջոցներ փորձում են համեմատել այս գործընթացը Քեմփ Դեյվիդի հետ, սակայն Քեմփ Դեյվիդը տարբերվում է, քանի որ այնտեղ Իսրայելի վարչապետը և Եգիպտոսի նախագահը բանակցում էին՝ փորձելով հասնել վերջնական փոխըմբռնմանը: Սա այդ դեպքը չէ: Նման համեմատություն հնարավոր է միայն գործընթացի ավարտին, երբ առկա է ամենաբարձր քաղաքական մակարդակում հավանություն ստացած խաղաղության պայմանագիր: Այստեղ դեռևս անհրաժեշտ են ինտենսիվ բանակցություններ և երկու երկրներում ամենաբարձր մակարդակի ներգրավվածություն՝ ստորագրման ենթակա խաղաղության համաձայնագիր ստանալու համար»,- ասել է Կազլյարիչն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում:

Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը ևս անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը: Առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ կոմունիկացիայի, փախստակամնների, սահմանների, բնական ռեսուրների կառավարման և այլ հարցեր: Դեսպան Ուորլիքը կարևրում է հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ շեշտելով՝ առանց կարգավիճակի խնդրի կարգավորման, որը կգոհացնի կողմերին, անհնար է հասնել տևական խաղաղության:

«Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի համար անկախության մասին: Չեմ կարծում, որ այդ հարցը դրված է բանակցային սեղանին, հատկապես Ադրբեջանի տեսանկյունից, բայց կարող է լինել ինքնորոշման որոշակի աստիճան, որն ընդունելի լինի Բաքվի համար»,- ասել է Ուորլիքը:

Նրա պնդմամբ՝ մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այսօր Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, իսկ ինչպիսի ձևակերպում դա կստանա փաստաթղթում, դեռևս անհայտ է, նշում է նախկին դեսպանը: Ըստ նրա՝ Բաքուն էլ պետք է ցույց տա, որ Լեռնային Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ, որպեսզի դա ընդունելի լինի Հայաստանի համար: Ուորլիքը նաև կարևոր հիմնախնդիր է համարում Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ:

«Ոչ ոք չի սպասում, որ Լեռնային Ղարաբաղը և այնտեղի դե ֆակտո իշխանությունները պարզապես հրաժարվեն այն ամենից, ինչի համար պայքարել են վերջին տասնամյակների ընթացքում։ Կարծում եմ, որ պետք է որոշակի ճանաչում, որ Լեռնային Ղարաբաղում կա համայնք, և որ նրանք պետք է ունենան կարգավիճակ, որին համաձայն են Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները»,- ասել է նա:

Բանակցային գործընթացի մեկ այլ կարևոր հարցերից է, ըստ Ուորլիքի, ռուս խաղաղապահների հարցը, որը փոխկապակցված է Ռուսաստանի ներգրավածության հետ:

«Ռուսական միջնորդությամբ հրադադարը չի կարելի անտեսել, քանի որ դա այն է հիմքն է, որտեղ մենք գտնվում ենք այսօր։ Արդյո՞ք դա միակ հիմքն է, և արդյո՞ք դա ինչ-որ կերպ Մոսկվային տալիս է առաջնորդություն կամ արտոնություն ապագա բանակցություններում: Իհարկե ոչ»,- պնդում է նա:

Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով էլ Մոսկվան նպատակաուղղված ձգտում է ի չիք դարձնել որևէ այլ ուժի հովանու ներքո, բացի սեփականից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների անցկացումը:

«Մոսկվան ցանկանում է արժեզրկել Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին չորս օրերի բանակցությունները։ Հաշվի առնելով Ռուսաստանի վարքագիծը Ուկրաինայում, շարունակվող պատերազմը և քաղաքացիական զոհերի թիվը, ովքեր զոհվում են ռուս զինվորականների ձեռքից՝ ինձ համար, իսկապես, շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես Մոսկվան կարող է ստանձնել միջնորդի դեր որևէ հարցում»,- ասում է Կազլյարիչը:

Իսկ այդ ընթացքոււմ այսօր հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա: Բացի այդ, մայիսի կեսերին Ռուսաստանը պատրաստվում է անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպում:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկին ամերիկյան կողմը հիասթափություն էր հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG