Մատչելի հղումներ

Իրանի հոգևոր առաջնորդն ակնարկել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ հետ բանակցություններ սկսելու մասին


Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի

Խամենեին երեքշաբթի փոխանցել է իրանական կառավարությանը, թե «ոչ մի վնաս» չկա «թշնամու» հետ շփումներից:

Այաթոլա Ալի Խամենեիի խոսքերն, այդուհանդերձ, կարմիր գծեր են սահմանել բարեփոխիչ նախագահի համբավ ուեցող Մասուդ Փեզեշքիանի կառավարության համար, եթե այն բանակցությունների սկսի Միացյալ Նահանգների հետ։ Իրանում պահպանվում է անվստահությունը Վաշինգտոնի նկատմամբ:

Իրանի գերագույն առաջնորդի մեկնաբանությունները, փաստորեն, ներկայացնում են այն դիրքորոշումը, որն առկա էր Թեհրանում իրանական միջուկային ծրագրի շուրջ տերությունների հետ 2015 թվականին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, որոնց արդյունքում իսլամական հանրապետության միջուկային ծրագիրը զգալիորեն կրճատվեց՝ Իրանի նկատմամբ տնտեսական որոշ պատժամիջոցների չեղարկման դիմաց:

Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե Փեզեշքիանի գլխավորած կառավարությունը որքան կարող է մանևրել, քանի որ լարվածությունը Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա՝ Իսրայել-«Համաս» հակամարտության պատճառով, իսկ ԱՄՆ-ում նոյեմբերին նախագահական ընտրություններ են:

«Սա չի նշանակում, որ չենք կարող շփվել նույն թշնամու հետ որոշակի իրավիճակներում»,- Խամենեիի խոսքերը փոխանցում է նրա պաշտոնական կայքը:

Սակայն Իրանի գերագույն առաջնորդը, որին է պատկանում երկրի արտաքին, անվտանգության քաղաքականություններում որոշիչ խոսք ասելու իրավունքը, միաժամանակ զգուշացրել է՝ «Մի՛ վստահեք թշնամուն»:

85-ամյա Խամենեին ժամանակին կոչ էր արել հրաժարվել Վաշինգտոնի հետ բանակցություններից, երբ այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս բերեց ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականին կքնված համաձայնագրից:

Հայտնի է, որ նախորդ տարիներին Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ են ընթացել Օմանի և Կատարի միջնորդությամբ:

Ի պատասխան Associated Press-ի հարցման՝ ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է. «Իրանի ղեկավարության մասին դատելու ենք նրա գործողությունների, ոչ թե խոսքերի հիման վրա: Վաղուց ասել ենք, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում հասնելու արդյունավետ և տևական լուծման: Սակայն մենք այժմ շատ հեռու ենք նման կետից՝ հաշվի առնելով Իրանի [նախաձեռնած] լարվածության աճը բոլոր ճակատներում, ներառյալ՝ [լարվածության աճը] միջուկային [ծրագրի շուրջ] և նրա հրաժարվելը համագործակցել ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կազմակերպության՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»:

Ըստ տեղեկությունների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի փաստացի չեղարկումից հետո Թեհրանն այլևս անտեսում է իր միջուծաակյին ծրագրին վերաբերող սահմանափակումները և հարստացնում է ուրանը մինչև 60% մաքրության, ինչը մոտ է միջուկային զենք ստեղծելուն:

Հայտնի է, որ իրանական միջուկային օբյեկտներում ԱԷՄԳ-ի կողմից տեղադրված հատուկ տեսախցիկները վնասվել են։ Իրանն արգելել է գործակալության տեսուչների մուտքը երկիր, իսկ իրանցի պաշտոնյաներն սկսել են հաճախ խոսել միջուկային զենքի մասին:

Զուգահեռաբար՝ բարձր է լարվածությունը Իրանի ու Իսրայելի միջև՝ նախևառաջ Գազայում շարունակվող հակամարտության պատճառով։ Հիշեցնենք նաև՝ այս տարվա ապրիլի 1-ին Իսրայելը ավիահարված հասցրեց Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը, ինչի հետևանքով զոհվեցին իրանցի երկու բարձրաստիճան գեներալներ։ Մոտ երկու շաբաթ անց Թեհրանը հրթիռների ու անօդաչուների կիրառմամբ գրոհեց Իսրայելը:

Շուրջ մեկ ամիս առաջ Թեհրանում «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը նոր հիմք դարձավ Իրանի համար սպառնալու Իսրայելին:

Ինչևէ, հայտնի է, որ Փեզեշքիանի նախընտրական քարոզարշավի կարևոր կետերից էր Արևմուտքի հետ բանակցությունները վերսկսելու խոստումը: Սակայն, դիտորդների գնահատմամբ, մինչև ԱՄՆ-ում նոր նախագահը ընտրվելը անիրատեսական է պատկերացնել լուրջ բանակցությունների մեկնարկը Վաշինգտոնի հետ։ Գաղտնիք չէ, որ Թեհրանում մտահոգված են Թրամփի իշխանության վերադառնալու հեռանկարով:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն անցած շաբաթ կայացած դեմոկրատների համերկրային համագումարի ժամանակ հայտարարեց. «Երբեք չեմ վարանի ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու մեր ուժերը և մեր շահերը Իրանից ու Իրանի աջակցությունը վայելող ահաբեկիչներից»:

Ռիսկերի վերլուծությամբ զբաղվող RANE Network ընկերության համաձայն՝ Հարիսի հաղթանակի դեպքում «համաձայնագրի [վերակենդանացման] հավանականությունը կմեծանա, ինչին կարող է նապստել նաև Իսրայելի և «Համասի» միջև զինադադարի կնքումը»:

«Երբ բանակցությունները սկսվեն, Իրանը, ամենայն հավանականությամբ, կպահանջի նոր գործիքակազմ, որը կերաշխավորի ԱՄՆ հավատարմությունը նոր համաձայնագրին՝ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները դուրս եկավ նախորդ համաձայնագրից 2018 թվականին»,- ասված է RANE Network-ի՝ երեքշաբթի հրապարակված վերլուծությունում:

Ինչևէ, երեքշաբթի կայացած Իրանի կառավարության նիստին, որին ներկա էին Խամենեիի ու Փեզեշքիանը, նկատվեց նաև նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը այդ պաշտոնին էր 2015 թվականի համաձայնագրի կնքման ժամանակ: Հանդիպումից հետո Զարիֆն տեղեկացրել է, որ կշարունակի աշխատել երկրի փոխնախագահի պաշտոնում, թեև օրերս հայտարարել էր այդ պաշտոնից հրաժարվելու մասին:

XS
SM
MD
LG