Թե ինչ է կատարվում Կուրսկի մարզում տակավին սակավ և միաժամանակ հակասական տեղեկություններ կան։ Հայտնի է, որ ուկրաինական զինուժը հաջող հարձակողական գործողություն է իրականացնում այդ ուղղությամբ։
Եթե կարելի է հավատալ ռուսական պաշտոնական տեղկատվությանը, ապա ուկրաինական զորքերի առաջխաղացումը կասեցվել է։ Այլ աղբյուրներ պնդում են՝ ուկրաինացիների գործողությունը լայն թափով առաջ է ընթանում, ռուսաստանյան բազմաթիվ բնակավայերում կամ դրանց շուրջ մարտեր են, և Ուկրաինայի զինուժը տեղ-տեղ առաջ է շարժվել մոտ 25 կիլոմետր։
Ըստ որոշ տեղեկությունների, Կուրսկի մարզի Սուջա քաղաքի շրջանում ուկրաինական զինված ուժերը գերի են վերցրել ռուսաստանցի մոտ 40 զինվորականների, գրավել գազաբաշխիչ կայանը, որով գազը Ուկրաինայի տարածքով մատակարարվում է եվրոպական երկրներ։ Ուկրաինական կողմը զբաղեցրել է մի շարք բնակավայրեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի՝ կառավարության հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումն անվանել է «լայնածավալ սադրանք»՝ հանձնարարելով անհապաղ միջոցներ ձեռնարկել տուժած ռուսաստանցիներին օգնություն ցուցաբերելու համար։
Լրատվամիջոցները հայտնում են Կուրսկի մարզը լքած հազարավոր փախստականների մասին։
Ավելի ուշ Պուտինը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել բանակի և ուժային կառույցների ղեկավարության հետ։
Վաշինգտոնում ուշադրությամբ հետևում են Կուրսկի մարզում տեղի ունեցող իրադարձություններին՝ ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ մանրամասնելով, թե Միացյալ Նահանգները կապի մեջ է ուկրաինացի գործընկերների հետ՝ իրավիճակն ավելի լավ հասկանալու համար։
Ռուսական կողմն ակնհայտորեն պատրաստ չէր իրադարձությունների նման շրջադարձին՝ նշում է Третий сектор վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Զոլոտարևը, որի ներկայացմամբ իրավիճակը նման է 2022 թվականին Խարկովի ուղղությամբ տեղի ունեցածին, երբ ուկրաինական ուժերը կարողացան բեկում մտցնել ռազմաճակատում։
«Ռուսական հետախուզության աչքից վրիպել են ուկրաինացիների նախապատրաստական աշխատանքները։ Հավանաբար, պատճառը նրանց մոտ առկա և սովորական դարձած անփութությունն է: Պարզվեց՝ գործ ունենք մեծ ուկրաինական խմբավորման հետ։ Այն բաղկացած է մի քանի գումարտակից, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերից։ Քիչ հավամական եմ հմարում, որ նպատակը Կուրսկի ատոմակայանի գրավումն է։ Դրա համար բավարար ուժեր չկան։ Բայց այս արշավանքն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Եթե հայացք եք նետում ռուսաստանյան տեղեկատվական դաշտին, հիստերիկ վիճակում են»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Զոլոտարևը։
Վերլուծաբանի խոսքով, հնարավոր է՝ ուկրաինական գրոհի նպատակն է ստիպել Կրեմլին գործի դնել ռեզերվները. «Թվում է, դա անխուսափելի է, որովհետև հակառակ դեպքում ուկրաինական հաջողության մասշտաբները կմեծանան»։
Ըստ Անդրեյ Զոլոտարևի, անշուշտ, առկա է նաև տեղեկատվական-քարոզչական բաղադրիչը․«Ուկրաինայի զինուժի հրամանատարությունը պետք է որոշակի հաջողություններ ցուցադրի՝ նախորդ ամիսների անհաջողությունների ֆոնին, և այդ տեսանկյունից ևս այս գորոծողությունը, կարծես, հաջող է: Սա կարևոր է ինչպես Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի, այնպես էլ լայն հանրության համար, որտեղ սկսում են գերիշխել անկումային տրամադրությունները։ Պետք է նաև ցույց տալ [արևմտյան] գործընկերներին, թե խոսակցություններն այն մասին, որ «Ուկրաինայի զինված ուժերը աղետի եզրին են», խիստ ուռճացված են և ուռճացված են ռուսական քարոզչության կողմից։ Կուրսկի շրջանում շրջող ուկրաինացի զինվորների կադրերը լավագույն փաստարկն է»:
Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, տեղի ունեցածը խիստ ցավալի է Կրեմլի համար, ինչի մասին վկայում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու Պուտինի որոշումը, և այս ամենը լուրջ հարված է Կրեմլի քարոզչությանը, թե «մի քիչ էլ, և հաղթանակը մերը կլինի»։
«Նախկինում նշել եմ, որ Ուկրաինայի զինուժն ի վիճակի է իրականացնել ոչ ստանդարտ գործողություններ՝ իրավիճակը ռազմավարական առումով փոխելու համար»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է ուկրաինացի ռազմական վերլուծաբան Միխայիլ Սամուսը։
«Նպատակն է ջլատել ռուսական կողմի ուժերը։ Այս գիշեր տեղի է ունեցել նաև ուկրաինական հատուկ նշանակության ուժերի ներխուժում [Խերսոնի և Ղրիմի միջև գտնվող] Տենդրովյան ցամաքալեզվակ։ Այս իրավիճակում ռուս գեներալները երկընտրանքի առաջ են՝ կա՛մ խստորեն կատարել Կրեմլի հրահանգը և շարունակել Դոնեցկի մարզի օկուպացիան մինչև նոյեմբեր, կա՛մ արձագանքել իրավիճակներին, որոնք առաջանում են Կուրսկի և Խերսոնի մարզերում»,- ասել է Սամուսը:
Ռազմական վերլուծաբանի կարծիքով, Ռուսաստանը ներկայում չունի անհրաժեշտ չափով ռեզերվներ․ «Ռեզերվների միաժամանակյա դուրսբերումը բոլոր վտանգավոր ուղղությունների վրա կնշանակի դադարեցնել հարձակումը Դոնբասում, ինչը Կրեմլի համար անընդունելի է։ Սա կոչվում է ցնցել ռազմավարական իրավիճակը՝ ստիպելով ռուսական զինված ուժերին մասնատել սեփական կարողությունները։ Նման բան տեղի ունեցավ 2022 թվականին, երբ ուկրաինական հրամանատարությունը անընդհատ փոխում էր գրոհների ուղղությունները՝ Խարկովի և Խերսոնի հարձակողական գործողությունների ժամանակ։ Արդյունքում՝ Ռուսաստանը պարտվեց երկու ուղղությունների վրա էլ, քանի որ չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը։ Հիմա էլ կարող է նույնը լինել»։
Պուտինի գեներալները չեն կարող իրենց թույլ տալ ուժեր տեղափոխել այն ուղղություններից, որտեղ ռուսական կողմի գրոհներն են ընթանում՝ նշում է Միխայիլ Սամուսը. «Հիշեցնեմ՝ ռուսական հարձակումը շարունակվում է անցած տարվա հոկտեմբերից։ Հիմարություն է։ Ռեսուրսների առումով ֆանտաստիկ ծախսատար, և ռուսական զորքերը այնքան են խրված դրա մեջ, որ արդեն ուշ է կանգ առնելու համար: Եթե հիմա դադարեցնեն, ապա իրենց մոտ կարող է լիակատար փլուզում տեղի ունենալ»։
Նման իրավիճակում, ըստ մեր զրուցակցի, Կրեմլը կփորձի հանրային դաշտում հնարավորինս անտեսել ստեղծվող իրավիճակը Կուրսկի մարզում՝ պնդելով, թե այնտեղ առանձնապես ոչինչ չի կատարվում։
Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինի խոսքով՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, ինքնապաշտպանության իրավունքը աշխարհագրական սահմանփակումներ չունի, և ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար Ուկրաինան պետք է ընդլայնի ռազմական գործողությունների շրջանակը, «որտեղ որ անհրաժեշտ է»։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Կլիմկինն ընդգծել է, թե անհրաժեշտ է, որ Կիևը լինի նախաձեռնող և ակտիվ գործողություններ իրականացնի։ Նման կերպ Ուկրաինան կարող է ցույց տալ իր արևմտյան գործընկերներին, որ Կիևն ունի այդպիսի հարվածներ հասցնելու կարողություն, ինչն անում է արդյունավետ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրություն ու ինքնապաշտպանության իրավունքի։