Մատչելի հղումներ

Ռուսաստանի իշխանությունները պարզում են, թե ինչպես արգելափակել YouTube-ը՝ առանց Google-ի այլ ծառայությունների վրա ազդելու. փորձագետ


YouTube
YouTube

Ռուսաստանում շարունակում են խնդիրները՝ YouTube-ում տեսանյութեր վերբեռնելու հետ կապված։ Օգոստոսի 1-ից ռուսաստանցի օգտատերերը զանգվածաբար բողոքում են, որ իրենց տեսանյութերը չեն բեռնվում կամ բեռնվում են ցածր որակով։ «Ամերիկայի ձայնը» զրուցել է կիբեռփաստաբան Սարգիս Դարբինյանի հետ։

«Ամերիկայի ձայն»․ «Ի՞նչ մասշտաբի է հասել YouTube-ի դանդաղումը Ռուսաստանում»:

Սարգիս Դարբինյան․ «Բողոքներ կան ողջ երկրում, որոնք գալիս են հեռահաղորդակցության բոլոր օպերատորների օգտատերերից: Իհարկե, արագությունը հիմա ամենուր նույնը չէ, բայց, այնուամենայնիվ, YouTube-ի սերվերների հետ կապի արագության վատթարացում նկատվում է ամենուրեք՝ [Ռուսաստանում]»:

«Ամերիկայի ձայն»․ «Meduza-ն, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, որ հեռահաղորդակցության բոլոր օպերատորներին «խորհուրդ են տվել» տներ մատակարարվող ինտերներտի պարագայում սահմանափակում մտցնել [YouTube-ում] տեսանյութերի դիտման ժամանակ՝ առավելագույնը 128 կիլոբիթ վայրկյանում: Ի՞նչ է նշանակում սա օգտատերերի համար»:

Սարգիս Դարբինյան․ «Ըստ էության, սա ամենավատ որակով տեսանյութ դիտելու առաջարկ է, որը, ամենայն հավանականությամբ, ընթացքում երբեմն ընդհատվելու է՝ սերվերից վիդեոն բեռնելու ժամանակ, [որպեսզի կարողանաք դիտել]: Այսինքն՝ ժամանակակից սպառման համար սա անորակ վիդեո ստանդարտ է, և, բնականաբար, ոչ ոք չի նստի ու սպասի մինչև տեսանյութը բեռնվի»։

«Ամերիկայի ձայն»․ «Ձեր կարծիքով, ո՞րն է YouTube-ի դանդաղման իրական պատճառը: Ростелеком-ը խոսում է [Ռուսաստանում գտնվող] Google-ի սերվերների մաշվածության մասին։ [Պետդումայի] պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը նախ հայտարարեց, թե իշխանությունները միտումնավոր դանդաղեցնում են հարթակը, հետո ասաց, որ խնդիրները բուն՝ վիդեոհոսթինգ ծառայության կողմից են: Սակայն YouTube-ը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, որ իրենք տեխնիկական խնդիրներ չունեն: Արդյո՞ք ռուսական իշխանություններն են կանգնած դանդաղեցման հետևում»:

Սարգիս Դարբինյան․ «[Ռուսաստանում գտնվող Google-ի] սարքավորումների տարբերակը ի սկզբանե չդիմացավ որևէ քննադատության: Իհարկե, խնդիր է, որ Google-ը արդեն երկու տարի է նոր CDN-caching (Content Delivery Network) սերվերներ չի ներմուծում Ռուսաստան, և դրանք աստիճանաբար մաշվում են: Բնականաբար, [սարքավորումների] դեգրադացիա չի կարող լինել մեկ գիշերվա ընթացքում: Նրանք որոշ ժամանակ կաշխատեին առանց խնդիրների։ Բոլորս մտածում էինք՝ կընդունե՞ն [իշխանությունները], թե՞ ոչ։ Նրանք խոստովանեցին, որ դա վարչական միջամտություն էր Роскомнадзор-ի կողմից, և YouTube-ի համար տրաֆիկի ալիքներն արհեստականորեն նեղացրել են։ Սա ցույց է տալիս, որ առաջին՝ Կրեմլն ավելի զգույշ վերաբերմունք է դրսևորել արգելափակման հարցում։ YouTube-ի պարագայում խոսքը սոսկ սոցիալական ինչ-որ լարվածության ծագման հավանականության մասին չէ։ Այստեղ շատ տեխնիկական հարցեր կան, որոնք միշտ էլ առաջացել են։ Ինչպե՞ս առանձին արգելափակել YouTube-ը, որն աշխատում է Google-ի ենթակառուցվածքում և չազդել այլ ծառայությունների վրա՝ էլ․փոստ, ամպային ծառայություններ և քարտեզներ: Երկրորդ՝ կարող է խնդիր առաջանալ [ինտերնետի] անդրսահմանային ուղիների ծանրաբեռնվածության հետ։ Եթե օգտատերը չի կարող միանալ մոտակա սերվերին՝ YouTube դիտելու համար, նա կփնտրի այլ տարբերակներ, այդ թվում՝ VPN-ի միջոցով, և եթե տասնյակ միլիոնավոր մարդիկ սկսեն դիմել Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող կարողություններին, ապա դա կարող է խաթարել ամբողջ ինտերնետը և ծանրաբեռնել անդրսահմանային ալիքները: Հետևաբար՝ զգույշ քաղաքականություն է ընտրվել։ Մի կողմից դանդաղեցնել, մյուս կողմից՝ տեսնել, թե այն, ընդհանուր առմամբ, ինչպես է ազդում ներքին տրաֆիկի և անդրսահմանային կապուղիների վրա։ Եվ երրորդ՝ դրդել որպեսզի անցում կատարեն հայրենական թվային վիդեո հարթակներ»:

Կիբեռփաստաբան Սարգիս Դարբինյան
Կիբեռփաստաբան Սարգիս Դարբինյան

«Ամերիկայի ձայն»․ «Այսինքն՝ նման փորձնական քայլի վերջնական նպատակն է հասկանալ՝ հնարավո՞ր է ամբողջությամբ արգելափակել YouTube-ը [Ռուսաստանում]»։

Սարգիս Դարբինյան․ «Հնարավոր եմ համարում լիակատար արգելափակում, քանի որ [Մաքսիմ] Կացի և այլ գործիչների միլիոնավոր դիտումները YouTube-ում չեն գոհացնում [Ռուսաստանի] նախագահի աշխատակազմին»։

«Ամերիկայի ձայն»․ «Ելնելով դանդաղեցման [նախնական] արդյունքներից՝ ի՞նչ եզրակացություններ կարող են անել իշխանությունները»։

Սարգիս Դարբինյան․ «Այսօր Тасс-ը հաղորդեց, թե YouTube-ի դանդաղեցման ֆոնին՝ մարդիկ սկսել են ավելի ակտիվ ներբեռնել VK Video-ն և Rutube-ը, սակայն, չգիտես, ինչու լռել են, որ [App Store-ում] ներբեռնումների առումով թիվ մեկը VPN-ն է, ինչը ցույց է տալիս, որ մարդիկ, չեն ցանկանում արագ հրաժեշտ տալ [YouTube] ծառայությանը, որին իրենք սովոր են»։

«Ամերիկայի ձայն»․ «Արդյո՞ք այս պարագայում իշխանություններն ավելի ագրեսիվ կլինեն VPN ծառայությունների արգելափակման գործում»։

Սարգիս Դարբինյան․ «Այո՛։ Նախորդ վեց ամսում այդ անում են արդեն ողջ ուժով։ Այսինքն՝ այժմ արգելափակումը տեղի է ունենում ոչ թե նախկինի պես՝ IP հասցեներով և դոմեյներով, այլ պրոտոկոլներով։ Որոշ պրոտոկոլներ Ռուսաստանում այլևս չեն գործում։ Մոտ է Shadowsocks պրոտոկոլի արգելափակումը, որի հիման վրա գործում են բազմաթիվ VPN ծառայություններ։ Չինաստանը գիտի, թե ինչպես այդ անել: Նաև խնդիր է առկա տեխնոլոգիական հսկաների կողմից, քանի որ VPN ծառայությունները մի կողմից պայքարում են Роскомнадзор-ի, մյուս կողմից՝ Apple-ի դեմ, որը Роскомнадзор-ի խնդրանքով նախորդ մեկ ամսում App Store-ի ռուսաստանյան հատվածից հեռացրել է VPN ծառայություն մատուցող ավելի քան 20 հավելված»։

«Ամերիկայի ձայն»․ «Քանի որ Rutube-ի և VK Video-ի ներբեռնումները գնալով ավելանում են, կարո՞ղ ենք եզրակացնել, որ որոշ ռուսաստանցիների համար այս հարթակները կդառնան YouTube-ին փոխարինող»։

Սարգիս Դարբինյան․ «Կարծում եմ՝ այո՛։ Նման ռազմավարությունը միանշանակ աշխատում է, քանի որ ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ VPN ծառայություններ: Visa-ի և Mastercard-ի հետ կապված խնդիրների պատճառով՝ [Ռուսաստանում] VPN գնելը գրեթե անհնար է։ Չմոռանանք, որ YouTube-ում քաղաքական բովանդակությունը դեռ կազմում է դիտումների 5%-ը։ Մնացածը ամենօրյա տեսանյութերն են՝ հումոր, հայրենական բովանդակություն ստեղծողների տեսանյութեր, որոնք, իհարկե, այժմ առկա են այնպիսի հարթակներում, ինչպիսին VK Video-ն է։ Եվ հաշվի առնելով, որ VK Video-ն չի համապատասխանում DMCA-ի (Digital Millennium Copyright Act) չափանիշներին, որոնց հետևում է YouTube-ը, այնտեղ շատ այլ «հաճույքներ» կան՝ պոռնոյից մինչև ապօրինի ձեռք բերված ֆիլմեր, որոնք, իհարկե, գրավում են նաև երիտասարդներին»:

XS
SM
MD
LG