Մատչելի հղումներ

Ի՞նչ կապ կա «գերիների պատմական փոխանակման» և ուկրաինական պատերազմի միջև


Գերիների պատմական փոխանակում
Գերիների պատմական փոխանակում

Ամերիկյան ու եվրոպական փորձագետներն անդրադարձել են հարցին, թե արևմտյան երկրների ու Ռուսաստանի միջև տեղի ունեցած «գերիների պատմական փոխանակումը» ինչ ազդեցություն կարող է թողնել ուկրաինական պատերազմում Կրեմլի հետագա դիրքորոշման վրա։

Անկարայում տեղի ունեցած և Սառը պատերազմի ավարտից հետո, իրոք, աննախադեպ գերիների փոխանակումը արևմտյան երկրների ու Ռուսաստանի միջև մի շարք հարցեր է բարձրացրել, այդ թվում՝ արդյո՞ք Կրեմլի նման քայլը կարող է վկայել, որ Ռուսաստանի ղեկավարությունը սկզբունքորեն պատրաստ է փոխհամաձայնության հանգել Արևմուտքի հետ:

ԱՄՆ-ում որոշ դիտորդների խոսքով՝ դիվանագիտությունն ու հին կապերը կարող են հանգեցնել ուկրաինական հարցում կողմերի միջև բանակցային գործընթացի վերսկսմանը։ Հիշեցնում են, որ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը, ով ակտիվ դերակատարում է ունեցել գերիների փոխանակման գործում, եղել է ԱՄՆ դեսպանը Ռուսաստանում։

The Nation-ի նախկին խմբագիր Կատրինա Վանդեն Հյովելը Democracy Now-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե նման փոխանակումը «աշխատանքային դիվանագիտության նշան է»։

«Այս փոխանակումը ցույց է տալիս [պատերազմից դուրս գալու] հնարավոր ճանապարհը: Ուկրաինայում անցկացված անկախ հարցումները վկայում են, որ ուկրաինացիների մեծ մասը համաձայն է պատերազմը դադարեցնել բանակցային ճանապարհով: Իհարկե, կա տարածքներ չզիջելու հարցը, սակայն Ուկրաինան, ինչպես նաև Ռուսաստանը, հոգնել է պատերազմից»,- ասել է Հյովելը:

Դիտորդների մի մասն էլ հեռու է մտքից, թե հարկ է որոշակի կապ տեսնել գերիների փոխանակման և ուկրաինական պատերազմի միջև, որովհետև, իրականում, որևէ լուրջ ցուցիչ չկա, թե Կրեմլն այսօր պատրաստ է դիվանագիտական ճանապարհով վերջ տալ արյունահեղությանը:

Պետք չէ մոռանալ Ռուսաստանի կողմից գերեվարված ուկրաինացիների մասին․ Օլեքսանդրա Մատվիյչուկ

Ռուսաստանում հակապատերազմական ակտիվիստներին ազատ արձակելուն զուգահեռ՝ Կրեմլը նոր քայլեր է ձեռնարկում Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ բողոքողներին հետապնդելու ուղղությամբ, Մոսկվան նաև շարունակում է անազատության մեջ պահել ուկրաինական անձնագիր ունեցող հազարավոր քաղաքացիական անձանց, որոնք գերի են ընկել երկուսուկես տարվա պատերազմի ժամանակ՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծում է 2022 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Օլեքսանդրա Մատվիյչուկը։

«Յուրաքանչյուր պատանդի վերադարձը շատ կարևոր է։ Ուստի, ուրախ եմ այն ընտանիքների համար, ովքեր վերջապես կարող են գրկել իրենց սիրելիներին։ Վերադարձածների թվում է նաև մեր գործընկեր և ընկեր Օլեգ Օռլովը՝ ռուսաստանցի իրավապաշտպան, լուծարված «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավարը։ Իրավապաշտպան հանրության համար կարևոր է, որ նա ազատ է։ Կարևոր է նաև չմոռանալ, որ ավելի քան 19 հազար ուկրաինացի երեխաներ գտնվում են Ռուսաստանի տարածքում՝ անօրինական կերպով արտաքսված, և որ քաղբանտարկյալները, ռազմագերիները և ապօրինի պահվող քաղաքացիական անձինք նույնպես շարունակում են մնալ [ռուսաստանյան] բանտերում»,- ասել է Մատվիյչուկը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ուկրաինական պատերազմը սոսկ երկու երկրների պայքարը չէ, այլ պատերազմ ավտորիտարիզմի և ժողովրդավարության միջև։

«Ռուսաստանն անտեսում է միջազգային իրավունքը, ուստի չկան ալգորիթմներ, թե ինչպես հետ վերադարձնել ուկրաինացի երեխաներին հարազատ տուն, ազատ արձակել անօրինական ձերբակալված քաղաքացիական անձանց։ Միջազգային իրավունքի համաձայն՝ քաղաքացիական անձանց ընդհանրապես չէր կարելի ձերբակալել, բայց նախորդ երկու տարվա ընթացքում մեզ դիմել են ավելի քան 4 հազար հարցումներով, և այդ մարդիկ ռուսների կողմից անօրինական առևանգված քաղաքացիական անձանց հարազատներն են»,- ասել է Օլեքսանդրա Մատվիյչուկը։

Փոխանակումը ընդամենը նշանակում է, որ Կրեմլի հետ կապի ուղիները գործում են․ Ջոն Հերբսթ

«Ամերիկայի ձայնի» մեկ այլ զրուցակցի՝ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան և Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթի ներկայացմամբ՝ պետք է չէ կապել «գերիների պատմական փոխանակումը» ուկրաիանական պատերազմին։

«Որևէ կապ չեմ տեսնում։ Բանտարկյալների ազատ արձակումը սովորական մի պատմություն է, և բոլոր կողմերը շահագրգռված էին նման փոխանակմամբ»,- ասել է Հերբսթը։

Միաժամանակ, նախկին դիվանագետի կարծիքով, բանտարկյալների փոխանակման ընթացքում Վաշինգտոնն ու Մոսկվան, ամենայն հավանականությամբ, շփվել են այնպես, ինչպես տեղի չէր ունեցել 2022 թվականի փետրվարից ի վեր։

«Միակ կապը, որ կարելի է տեսնել ուկրաիանական պատերազմի հետ, հետևյալն է՝ Ուկրաինա Կրեմլի ներխուժումից ի վեր ռուսաստանցի ու ամերիկացի պաշտոնյանների միջև շփումը խիստ սահմանափակ է եղել, իսկ այժմ պահաջվեց ավելին՝ գերիներին ազատ արձակելու համար։ Սակայն այս ամենը դժվար թե ազդի պատերազմող կողմերի դիրքորոշումների վրա»,- նշել է Ջոն Հերբսթը։

Գերիների փոխանակումը չի ազդի պատերազմի վրա․ Ալեքսանդր Մորոզով

Պրահայի Չարլզի համալսարանի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Մորոզովը մեծ փոփոխություններ չի սպասում Ռուսաստանի մոտեցումներում՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը ընդգծեց՝ ստեղծված իրավիճակում «գերիների պատմական փոխանակումը» պետք է բացառություն համարել։

«Տեղի ունեցած փոխանակումը որևէ ազդեցություն չի ունենա Ուկրաինայում ընթացող պատերազմի հետագա սցենարի վրա։ Սխալ է փոխանակումը դիտարկել որպես ցուցիչ, թե Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների դիրքորոշումները մոտենում են։ Ամենայն հավանականությամբ, նման փոխանակում չի կրկնվի։ Պատահական չէ, որ այն կոչվում է «պատմական»։ Իսկ ռազմական հակամարտությունը, թերևս, կշարունակվի առնվազն մեկ տարի»,- ասել է Մորոզովը։

Ըստ Մորոզովի՝ թե՛ արևմտյան երկրների կողմից Կիևին ցուցաբերվող աջակցության ծավալը, թե՛ Կրեմլի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ կողմերը պատրաստ են շարունակել պատերազմը առնվազն ամիսներ շարունակ։

Չարլզի համալսարանի փորձագետի կարծիքով, դիվանագիտության հաջողության համար նույնպես նկատելի նախադրյալներ չկան. «Յուրաքանչյուր ոք, ով խոսում է հնարավոր զինադադարի մասին, ասում է, որ ներկայիս պայմաններում դա անհնար է, և նման գործընթաց չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ռազմաճակատում հավասարակշռություն է»։

Միևնույն ժամանակ, Մորոզովը նկատում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև գերիների փոխանակումը բացահայտեց, որ Պուտինի շրջապատում կան մարդիկ, ովքեր հետևում են նրան, բայց կարծում են, թե պետք չէ «ցուցաբերել չափից ավելի դաժանություն», և ապագայում նման փոխանակումների վերաբերյալ Կրեմլի տեսակետը մասամբ կախված է լինելու նման մարդկանցից։

XS
SM
MD
LG