Մատչելի հղումներ

Ի՞նչ դեր ունեն ԱՄՆ փոխնախագահի թեկնածուները ընտրապայքարում 


Ջեյ Դի Վենս, Դոնալդ Թրամփ, Քամալա Հարիս և Թիմ Ուոլց
Ջեյ Դի Վենս, Դոնալդ Թրամփ, Քամալա Հարիս և Թիմ Ուոլց

Այժմ, երբ ԱՄՆ նախագահի դեմոկրատների ու հանրապետականների ​​թեկնածուները ընտրել են երկրի փոխնախագահի իրենց թեկնածուներին, դիտորդները քննարկում են, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես կարող է նպաստել հարազատ թիմի հաղթանակին: 

Այս շաբաթ ուշադրության կենտրոնում դեմոկրատներն էին, և պատճառը ԱՄՆ փոխանախագահ ու երկրի հաջորդ ղեկավարի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի քայլն էր, ով Փենսիլվանիա նահանգում՝ Ֆիլադելֆիայում ներկայացրեց ԱՄՆ փոխնախագահի իր թեկնածուին՝ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին։

«Վստահեցնում եմ, որ իր փորձով Թիմ Ուոլցը պատրաստ է ստանձնել պաշտոնը առաջին իսկ օրվանից»,- հայտարարել է Հարիսը:

ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփն ավելի վաղ էր ներկայացրել երկրի փոխնախագահի իր թեկնածուին՝ Օհայոյից ընտրված սենատոր Ջեյ Դի Վենսին:

Սակայն նախկին նախագահը վերջերս, կարծես, կասկածի տակ առավ փոխնախագահի թեկնածուների դերը ամերիկյան նախընտրական արշավներում. «Կարծում եմ, պատմականորեն փաստագրված է, որ փոխնախագահը ընտրությունների վրա որևէ ազդեցություն չի ունենում: Այսինքն՝ գործնականում ոչ մի ազդեցություն: Ամեն ինչ կապված է նախագահի ընտրության հետ»:

Դիտորդների խոսքով՝ ասվածի հիմքում այն տրամաբնությունն է, թե փոխնախագահի թեկնածուները գործում են ԱՄՆ նախագահի թեկնածուների ստվերում, և նրանց դերը հաճախ չի գնահատվում:

Այնուամենայնիվ, նախագահին փոխարինելու հարցում հե՛նց նրանք են առաջին իրավահաջորդը:

Ջոել Գոլդշտեյնն ասում է․ «Փոխնախագահի դերն, իրոք, ստորադաս է, և նպատակն է օգնել նախագահի վարած քաղաքականությանը, ընդլայնել նախագահի կարողությունը՝ գործելով որպես համերկրային ու միջազգային առաջնորդ»:

Սակայն, ըստ մեր զրուցակցի, նախընտրական քարոզարշավների ժամանակ որոշակի չափով փոխնախագահի թեկնածուների դերը կարող է ընդգծվել. «1992 թվականին Բիլ Քլինթոնի կողմից Ալ Գորի ընտրությունը լավ որոշում էր: [Այն ժամանակ] այդ երկու երիտասարդների համադրությունն, իսկապես, սերնդափոխության նշան էր»:

Գոլդշտեյնն «վատ ընտրություն» անվանեց հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնի որոշումը 2008 թվականին նահանգապետ Սառա Փեյլինին որպես փոխնախագահի թեկնածու ընտրելը:

«Նա դարձավ մի կերպար, ում քարոզարշավի ընթացքում ծաղրում էին, և, կարծում եմ, ի վերջո վնասեց ՄըքՔեյնի հեղինակությանը: Իհարկե, դա չէր պատճառը, որ սենատոր ՄըքՔեյնը պարտվեց»։

Այս ընտրապայքարում Հարիսի թիմը խաղադրույք է կատարել Թիմ Ուոլցի անցած ուղու և ընտանիքներին ցուցաբերվող օգնությունը մեծացնելու նրա դիրքորոշման վրա:

«Ուոլցը կողմնակից է ընտանիքների տնտեսական աջակցությանը՝ կրթության, առողջապահության, բնակարանային ապահովման, աշխատատեղերի ստեղծման տեսքով»,- ասել է Չիկագոյի համալսարանի քաղաքական սոցիոլոգ Էլիզաբեթ Կլեմենսը:

Վենսը, մինչդեռ, պետք է օգնի առաջ մղել հանրապետականների մոտեցումը՝ ասում է վերլուծաբան Փիթեր Լոջը. «Նրանք հիշեցնում են, թե, գիտեք, նախկինում կար Ամերիկա, որտեղ, եթե քրտնաջան աշխատեիր, հետևեիր օրենքներին՝ որպես միջին խավի աշխատասեր ընտանիքի անդամ, կարող էիր հաջողության հասնել։ Իսկ այդ Ամերիկան այժմ չկա, և եթե ձայն տաս Հանրապետականին, այդ Ամերիկան կվերադառնա»։

Ինչևէ, անգամ եթե ԱՄՆ փոխնախագահի թեկնածուները հազվադեպ են մեծ ազդեցություն թողնում ընտրապայքարի վրա, դիտորդները վստահ են՝ ընտրողները աչալուրջ հետևելու են, թե նրանք որքան ուշադիր են քաղաքացիների բարձրացրած խնդիրներին ու հարցերին:

XS
SM
MD
LG