2020 թվականի օգոստոսին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին հաջորդեց համազգային բողոքի հզոր ալիքը։ Տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան երկիրը գրեթե երեսուն տարի կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ՝ համոզված լինելով, որ ավտորիտարիզմով աչքի ընկնող Լուկաշենկոն կեղծել է ընտրությունների արդյունքները։ Բելառուսները պահանջում էին նրա հեռացումը։ Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch»-ի համաձայն, 2020 թվականի նոյեմբերի կեսերի դրությամբ Բելառուսում ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 25 հազար մարդու։ Բողոքի ակցիաների հետևանքով զոհեր եղան։
Եվ ահա, բելառուսական իրավապաշտպան «Viasna» կենտրոնի հաղորդմամբ, այդ արյունալի իրադարձություններից երեք տարի անց այն անձինք, ովքեր դիտորդներ էին 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, սկսել են ենթարկվել անօրինական խուզարկությունների։ Գորոծողությունների հետևում կանգնած է Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն՝ ՊԱԿ-ը։
Ըստ իրավապաշտպանների, ստուգման են ենթարկվել նախկին դիտորների հեռախոսները, և նրանց նախազգուշացվել է, որ «ծայրահեղական գործունեությանը աջակցելու» համար կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության:
Ընդդիմադիրները կարծիքով, Լուկաշենկոյի ռեժիմի կողմից ահաբեկման փորձերն ուղղակիորեն կապված են գալիք խորհրդարանական ընտրությունների հետ։
«[Այս ամենը] ահաբեկման հայտնի և ծանոթ մարտավարություն է: Բելառուսում փետրվարին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց մենք կոչում ենք ընտրություններ առանց ընտրության։ Նախաձեռնել ենք, այսպես կոչված, քաղաքացիական անհնազանդության արշավ, կոչ ենք անում բելառուսներին չքվեարկել և չմասնակցել այդ ներկայացմանը»,- ասում է քաղաքական ակտիվիստ Դանիիլ Գարավինը։
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն անպատասխան է թողել «Ամերիկայի ձայնի» խնդրանքը՝ արձագանքել տեղի ունեցածին։
Խուզարկությունները սկսկվել են դեռ նոյեմբերի վերջից, երբ իրավապահները այցելեցին բելառուս ընդդիմադիրների տներ։ Երկրի քննչական կոմիտեն հայտնեց, թե հարուցված քրեական գործի շրջանակում կա ավելի քան 100 կասկածյալ:
«Լուկաշենկոն ծրագրում է կազմակերպել, այսպես կոչված, ընտրություններ, բայց ավելի ճիշտ կլինի այն անվանել պատգամավորների նշանակում։ Լուկաշենկոն է որոշելու, թե ով կլինի նոր խորհրդարանում, իսկ ով՝ քաղաքային խորհուրդներում: Նա քաջ գիտի, որ հասարակության տրամադրությունը չի փոխվել, և անհանգիստ է»,- նշում է Բելառուսի Ազգային հակաճգնաժամային կառավարման խմբի ներկայացուցիչ Պավել Լատուշկոն:
Փետրվարյան ընտրություններն անցլացնելու համար՝ Բելառուսում ստեղծել են մոտ 1400 տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներ, սակայն իշխանությունները չեն հրապարակում անդամների ցուցակը։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացմամբ, նման կերպ պաշտպանում են նրանց անձնական տվյալները։
2020 թվականի ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերից հետո, երկրում, ըստ էության, դադարել են գործել ընդդիմադիր կուսակցություններ։ Շատ գործիչներ բանտում են։ Չնայած այսօր միջազգային հանրությունը գլխավորապես զբաղված է Իսրայել-«Համաս» հակամարտությամբ ու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայով, սակայն բելառուս գործիչները աշխատում են ժողովրդավարական երկրների ուշադրությունը հրավիրել երկրում առկա խնդիրներին։
«Կարծում եմ, որ Բելառուսի ժողովրդավարական շարժման և ԱՄՆ պետքարտուղարության միջև ռազմավարական կարգի երկխոսություն է հաստատվել, որը կշարունակվի առաջիկայում: Սա շատ կարևոր քայլ է, բայց կարիք չկա սպասումներ ունենալ, քանի որ [այսօր] ԱՄՆ-ն, կարծես, ամբողջովին կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ և լուրջ ուշադրություն չի դարձնում Բելառուսին»,- ասում է Դեյվիդ Մարփլեսը՝ Ալբերտայի համալսարանից:
ԱՄՆ սենատոր Ջին Շահինը այս ամիս Կոնգրեսի վերին պալատի հաստատմանն է ներկայացրել Բելառուսում ժողովրդավարության, մարդու իրավունքների և երկրի ինքնիշխանության մասին 2023 թվականի բանաձևը, որը սատարում են դեմոկրատներն ու հանրապետականները: Այն դատապարտում է Ուկրաինա ներխուժելու գործում Լուկաշենկոյի ցուցաբերած աջակցությունը Կրեմլին, Սվետլանա Տիխանովսկայային ճանաչում է Բելառուսի առաջնորդ, աջակցություն հայտնում բելառուսական անկախ լրատվամիջոցներին և կոչ է անում ստեղծել Բելառուսի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացի պաշտոն։
Հոդվածը պատրաստվել է Մաքսիմ Ադամսի նյութի հիման վրա