Մատչելի հղումներ

Միջուկային զենք Բելառուսում. բլե՞ֆ, թե՞ իրական սպառնալիք


Թեև, ըստ փորձագետների, Լուկաշենկոն խուճապի մեջ է, սակայն նրա խոսքերին պետք է լուրջ վերաբերվել։

Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ սկսվել է Բելառուս ռուսական միջուկային զենքի տեղափոխման գործընթացը, և որ այն իր պահանջն էր՝ երաշխավորելու երկրի անվտանգությունը:

Երեքշաբթի՝ հունիսի 13-ին ռուսաստանյան պետական հեռուստաընկերության լրագրող Օլգա Սկաբեևայի հետ հարցազրույցում Լուկաշենկոն հայտարարել է. «Դեռ ոչ ոք չի պատերազմել միջուկային տերության դեմ։ Ռուսաստանից հրթիռներ ու ռումբեր ենք ստացել։ Այդ ռումբն երեք անգամ ավելի հզոր է, քան Հիրոսիմայում և Նագասակիում [պայթեցվածը]։ [Կիրառումից] անմիջապես մոտ մեկ միլիոն մարդ կզոհվի»:

Այս համատեքստում հիշեցնենք, որ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն օրերս «Financial Times»-ին փոխանցել էր, թե ՆԱՏՕ-ն պետք է ընդլայնի բալթյան երկրներին և Լիտվային պաշտպանելու ծրագրերը, «քանի որ մեր տարածքը խոցելի է»:

Լեհաստանի Սեյմի պատգամավոր Միրոսլավ Չեխը արձագանքելով Մինսկից հնչող ռազմատենչ հայտարարություններին՝ վերջերս նշել էր, որ և՛ Լուկաշենկոն, և՛ Ռուսաստանի ղեկավարությունը տեղյակ են, թե մարտավարական միջուկային զենքի կիրառումը ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն Կրեմլին հայտնել են, թե որը կլինի Ռուսաստանի նման քայլի պատասխանը:

Լեհ քաղաքագետ Ագնեշկա Կանևսկան ուշադրություն է հրավիրում, որ Միրոսլավ Չեխի մեկնաբանությունից զատ, Լուկաշենկոյի վերջին՝ սադրիչ հայտարարություններն անպատասխան են մնացել Վարշավայում։

«Սա, իհարկե, առաջին անգամ չէ, որ նա սպառնում է։ Այս անգամ Լուկաշենկոն պնդում է, որ Բելառուսում միջուկային զենք է տեղադրվում իր խնդրանքով։ Բայց հաշվի առնելով Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես նաև անձամբ Լուկաշենկոյի և Պուտինի միջև կապը, դժվար է այս խոսքերը լուրջ ընդունել»,- «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանն ասել է Կանևսկան:

Նրա խոսքով, Լեհաստանի տեսանկյունից այսօրվա Բելառուսը անկախ պետություն չէ, անկախ չէ նաև Լուկաշենկոն, քանզի այն ամենը, ինչ տեղի է ունենում երկրում, Կրեմլի վերահսկողության ներքո է։

«Անշուշտ, [Լուկաշենկոյի] սպառնալից հայտարարությունները չպետք է ամբողջությամբ անտեսվեն։ Բելառուսն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, և նման հայտարարությունները կարող են դիտվել որպես Ռուսաստանից Արևմուտքին հղված ազդանշան՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչպես կվարվի Ռուսաստանը, երբ ռազմական նախաձեռնությունն անցնի Կիևին»,- նշել է Ագնեշկա Կանևսկան։

«Ամերիկայի Ձայն»-ի զրուցակցի խոսքով, Ռուսաստանը վտանգ է ներկայացնում արևմտյան երկրներին, այդ թվում՝ Լեհաստանին։ Ուստի, անհրաժեշտ է ուշադիր հետևել զարգացումներին, իրականացնել հետախուզական աշխատանք և պատրաստ լինել հակազդող քայլերի։

Քաղաքագետը հիշեցրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերն այն մասին, որ միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունն ամբողջովին Մոսկվայի ձեռքում է։

Կանևսկայի խոսքով, թեև Բելառուսի ներկայիս ղեկավարությունն իր համաձայնությունն է տվել երկրի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայմանը, բայց Լուկաշենկոն չունի դրա գործարկման լիազորություն, չնայած, անշուշտ, կցանկանար այդ՝ համարվելով միջուկային տերության առաջնորդ։

Քաղաքագետի կարծիքով, ներկայիս առճակատումը մի կողմից պուտինյան Ռուսաստանի ու Լուկաշենկոյի Բելառուսի, մյուս կողմից՝ Ուկրաինայի և նրան աջակցող եվրատլանտյան դաշինքի միջև, լրջագույնն է 1991 թվականից ի վեր։

«Եվ, իհարկե, չպետք է մոռանալ Չինաստանի դիրքորոշման մասին, որը բազմիցս նշել է, թե բացասաբար է վերաբերվում Ուկրաինայի պատերազմում միջուկային զենքի կիրառման հնարավորությանը։ Ինձ չի թվում, որ Լուկաշենկոն պարզապես կորոշի սեղմել «կարմիր կոճակը»։ Նման հնարավորություն գրեթե չեմ տեսնում, թեև ոչինչ բացառել չի կարելի»,- ամփոփել է Կանևսկան։

Բելառուսի անցումային կառավարության ղեկավարի տեղակալ Պավել Լատուշկոն հայտարարել է, թե տեղեկություն ունի Բելառուսում տեղակայվող մարտավարական միջուկային զենքի կիրառման ընթացակարգի մասին։

«Այդ արձանագրությունն առնվազն նախատեսում է մի իրավիճակ, երբ [ռուսական] միջուկային զինանոցի կառավարման կենտրոնը չի կարողանա որոշում կայացնել միջուկային զենքի կիրառման մասին, և այդ պահին կառավարման իրավունքն անցնում է Լուկաշենկոյին»,- ասել է Լատուշկոն՝ հավելելով, թե այն՝ միջուկային զենքի իրական սեփականատեր դառնալու ամենահավանական տարբերակն է Լուկաշենկայի համար։

«Եթե խոսում ենք այլ իրավիճակների մասին, ապա համոզված եմ, որ այդ գաղտնի արձանագրությունը սահմանում է նաև զենքի կիրառման վերաբերյալ որոշումներ կայացնելու կանոնները, օրինակ՝ ներկա իրավիճակում։ Լուկաշենկոն երբեք չէր համաձայնի միջուկային զենք տեղակայել՝ առանց դրա հնարավոր կիրառման նկատմամբ նվազագույն ազդեցություն ունենալու: Համոզված եմ, որ նրա դերը դրանում հստակեցված է»,- ընդգծել է Պավել Լատուշկոն։

Ըստ ընդդիմադիր գործչի, ոչ միայն Լուկաշենկոյի ամպագոռգոռ հայտարարություններն են վկայում, թե նա իրավունք կունենա վերահսկել միջուկային զենքը։ «Իհարկե, դրանք հիվանդագին հոգեվիճակ ունեցող մարդու խոսքեր են, բայց, այնուամենայնիվ, այն բավականին վտանգավոր հռետորաբանություն է։ Օրինակ, ռուսական ավիացիայի կողմից արդիականացված ինքնաթիռները՝ «Су-25»-ները բելառուսական օդուժի կազմում են, դրանց վրա բելառուս օդաչուներ են պատրաստվել, Բելառուսի զինուժն ունի «Իսկանդեր» հրթիռներ»,- նշել է Լատուշկոն։

Նա չի բացառում նաև «երկու բանալի» համակարգի օգտագործումը, ըստ որի Լուկաշենկոն կկարողանա չեղարկել միջուկային մարտագլխիկներն օգտագործելու հրամանը։

«Չնայած, հակված եմ այն կարծիքին, որ ստորագրված ռուս-բելառուսական արձանագրությունները դժվար թե ենթադրեն Մոսկվայում ընդունված որոշման չեղարկման հնարավորություն»,- ասել է «Ամերիկայի Ձայն»-ի զրուցակիցը՝ հավելելով, որ ենթադրությունները, թե Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղադրումը «պարտադրվել են» Ալեքսանդր Լուկաշենկոյին, սխալ են։

Լատուշկոյի խոսքով, շատ կցանկանար, որ Լուկաշենկոյի հայտարարությունները ընդամենը բլեֆ լինեին և հուզական խոսք։

«Բայց, ճանաչելով Լուկաշենկոյին և Բելառուսը մոտ 30 տարի ղեկավարելու նրա ոճը՝ [կարծում եմ] նա այնպիսի մարդ է, որ ասում է այն, ինչ մտածում է։ Ուստի, նա [, իրոք,] չի բացառում նման սցենարը։ Տեսնում ենք, թե ինչպես են իրենց պահում երկու բռնապետերը։ Տեսնում ենք, թե վերջին տարիներին ինչպես է իրեն պահում Լուկաշենկոն Բելառուսում։ Այդ մարդը, ցավոք, ընդունակ է նման գործողությունների, և պետք է խոստովանել, որ Արևմուտքը առանցքային սխալներ է թույլ տվել այս պատերազմում նրա դերակատարության հարցում։ Այն, որ Արևմուտքը շարունակում է անտեսել Լուկաշենկոյին, ավելի է խորացնում այդ սխալը և մեծացնում տարածաշրջանային անվտանգության առջև կանգնած սպառնալիքը, այդ թվում՝ Բելառուսի տարածքում տակտիկական միջուկային զենքի տեղակայման հետ կապված։ Համոզված եմ, նրա հաջորդ քայլը կլինի պնդելը, որ [Բելառուսում] տեղակայվի ռազմավարական նշանակության միջուկային զենք»,- եզրափակել է Պավել Լատուշկոն։

Անկախ ռազմական վերլուծաբան, Պրահայի համալսարանի պրոֆեսոր Յուրի Ֆյոդորովի կարծիքով, Լուկաշենկոյի խոսքերը, որ նա «ոչ միայն խնդրել», այլև «պահանջել» է Պուտինից Բելառուս վերադարձնել մարտավարական միջուկային զենքը, վկայում են բելառուս բռնապետի մոտ առկա խուճապի մասին։

«Փաստն այն է, որ միջուկային զենքի կիրառման նկատմամբ վերահսկողությունը (համենայն դեպս այնքանով, որքանով այսօր կարող ենք վստահաբար խոսել) պատկանելու է, կամ արդեն պատկանում է ռուսաստանցի զինվորականներին, որոնք իրենց հերթին ենթարկվում են Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարին։ Ուստի, Լուկաշենկոն պարզապես հրեշ է ձևանում, և իրականում նրա ձեռքում որևէ «միջուկային կոճակ» չկա»,- «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանը փոխանցել է Ֆյոդորովը:

Քաղաքագետի կարծիքով, իհարկե՝ Լուկաշենկոն կարող է անսպասելի հրամայել իր զինվորականներին կամ հատուկ նշանակության ջոկատներին խլել այդ միջուկային զենքը կամ դրանց կիրառման ծածկագրերը, բայց քանի դեռ Ռուսաստանը ռազմական ուժ ունի Բելառուսում, Կրեմլը թույլ չի տա այդ անել։

Ըստ Ֆյոդորովի, Լուկաշենկոյի խուճապային վիճակն երկու բացատրություն ունի։․ «Առաջինը՝ խելացնորությունն է: Հասկանալի է, որ Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն չեն ներխուժի Բելառուս։ Բայց Ուկրաինայում ստեղծվել և ընդլայնվում են զորամասեր։ Այժմ կա առնվազն երկու գունդ, որոնցից մեկը Կալինովսկու գունդն է։ Նրանք ձևավորվել են Բելառուսի քաղաքացիներից, ովքեր պատրաստ են առաջ շարժվել և ազատագրել իրենց երկիրը հանցավոր ռեժիմից։ Կարծում եմ, հենց դրանից է [Լուկաշենկոն] վախենում»։

Երկրորդ բացատրությունը՝ լեհ պաշտոնյաներին մոտ կանգնած մարդկանց հայտարարություններն են, որ եթե Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ապստամբություն սկսվի, Լեհաստանը չպետք է մի կողմ կանգնած մնա։ Ակնարկը, որ լեհ կամավորները կարող են մասնակցել Լուկաշենկոյի դեմ բելառուսների ժողովրդական ապստամբությանը, բավականին թափանցիկ էր։

Մեկնաբանելով Միրոսլավ Չեխի հայտարարությունը՝ Յուրի Ֆյոդորովն ընդգծել է, որ այն կարևոր է, քանզի այդ խոսքերի հեղինակը ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ-երկրի խորհրդարանի անդամ է, և, միգուցե, Չեխն ինչ-որ բան գիտի:

«Այլ հարց է, որ, ինչպես ես եմ հասկանում, Արևմուտքը նախազգուշացրել է Պուտինին, և, ըստ երևույթին, այդ արվել է ամերիկացիների կողմից Բըրնսի և Նարիշկինի հանդիպմանը և այլ շփումների ժամանակ, որոնք եղել են Սալիվանի, Պատրուշևի ու Ուշակովի միջև։ Իսկ նման շփումներ եղել են ողջ պատերազմի ընթացքում, թեև այդ մասին քչերը գիտեն։ Հավանաբար, ուղղակիորեն ասվել է, որ եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառի, ապա պատասխան հարված կստանա, որը կարող է ոչնչացնել անձամբ Պուտինին։ Հնարավոր է, այդ ժամանակ Լուկաշենկոյի մասին չի խոսվել»,- նշել է փորձագետը։

Ֆյոդորովն ուշադրություն է հրավիրում՝ քանի դեռ Ռուսաստանում զինված ուժերի նկատմամբ առնվազն որոշակի վերահսկողություն կա, Մոսկվան թույլ չի տա Լուկաշենկոյին խաղալ միջուկային զենքի հետ։

«Միջուկային պատերազմի մասին խոսելիս՝ նա պարզապես ցանկություն է հայտնում, որ կարող է այդ զենքն օգտագործելու հնարավորություն ունենալ: Դա բացառվում է: Չեմ կարծում, որ նա նույնիսկ կարողություն ունի կանխելու իր տարածքից [միջուկային մարտագլխիկի] արձակումը։ Ոչ ոք չգիտի, թե արդյոք այնտեղ կան «կրկնակի բանալու» սխեմաներ: Մենք չգիտենք, թե Պուտինն ու Լուկաշենկոն ինչ են պայմանավորվել, բայց նա ինքնուրույն չի կարող միջուկային մարտագլխիկներով հրթիռներ արձակել»,- համոզմունք է հայտնել Յուրի Ֆեդորովը։

XS
SM
MD
LG