Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում պահպանվում են Ուկրաինային հասցեագրված աջակցության նոր փաթեթի ընդունման խոչընդոտները


Ս ենատոր Մայքլ Բենեթ
Ս ենատոր Մայքլ Բենեթ

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի այս տարվա վերջին նիստում սենատոր Մայքլ Բենեթի՝ ամբիոնից ուղղված ելույթը հնչեց գրեթե դատարկ դահլիճում։ Բենեթը կոչ արեց Կոնգրեսին հետևողական լինել Ուկրաինային օգնելու հարցում:

«Հասկացե՛ք, թե ինչ է դրված խաղատախտակին»։,- հայտարարեց դեմոկրատ սենատորը։

Գրեթե մեկ ժամ շարունակվող ելույթի ժամանակ Կոլորադո նահանգը ներկայացնող սենատորը ընդգծեց՝ շուրջ երկու տարի տևած ռուս-ուկրաիանական պատերազմը հարկ է դիտարկել որպես պայքար ավտորիտարիզմի և ժողովրդավարության միջև:

Բենեթը գործընկերներին խնդրեց մի պահ պատկերացնել, թե ինչ է նշանակում «կռվել ցրտաշունչ առաջնագծում՝ չիմանալով, թե արդյոք մենք՝ [ամերիկացիներս] լուծելու ենք զինամթերքի հարցը»։

Ինչևէ, ԱՄՆ Կոնգրեսն, ինչպես հայտնի է, գնաց արձակուրդ և աշխատանքի կվերադառնա միայն երկու շաբաթից։ Մինչդեռ, Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան օգնությունը գրեթե սպառվել է:

Նախագահ Բայդենի վարչակազմը նախատեսում է մինչև Ամանոր Կիև ուղարկել օգնության ևս մեկ փաթեթ, սակայն այն կլինի վերջինը, եթե Կոնգրեսը չհաստատի լրացուցիչ միջոցների հատկացումը Ուկրաինային:

Կոնգրեսում նման իրավիճակի և մոլորակի տարբեր հատվածներում անկայունության կտրուկ աճի պայմաններում՝ Վաշինգտոնը ձգտում է վերահաստատել իր դերն աշխարհում:

Սակայն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազդեցության ներքո հայտնված հանրապետական օրենսդիրներն, կարծես, ավելի թերահավատ մոտեցում են որդեգրում արտերկրում ամերիկյան միջամտության նկատմամբ, հատկապես՝ Ուկրաինայի հարցում:

Եթե կարճ ժամանակ առաջ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելը հարցերից մեկն էր, որ միավորում էր ԱՄՆ երկու կուսակցություններին, ապա այժմ Կիևին մոտ 61 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական աջակցության ցուցաբերումը լուրջ խնդիրների է առաջացրել դեմոկրատների և հանրապետականների միջև։ Վերջիններս այն կապում են ԱՄՆ սահմանների անվտանգության ամրապնդման ու ներգաղթի քաղաքականությունը խստացնելու հետ:

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տարատեսակ ուժեր գրոհում են ժողովրդավարությունը՝ այստեղ և դրսում»,- հայտարարել է Բենեթը:

Իրավիճակն ավելի բարդացավ, երբ դեմոկրատների մոտ հարցեր առաջացրեց Սպիտակ տան ռազմավարությունը՝ հաշվի առնել հանրապետականների համար առաջնահերթություն հանդիսացող խնդիրները՝ օգնությունն Իսրայելին և սահմանների անվտանգության ամրապնդումը։

Այն դեմոկրատ օրենսդիրները, որոնք քննադատում են Իսրայելի գործողությունները Գազայում, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ, կոչ են արել հրեական պետության համար նախատեսվող աջակցության տրամադրումը պայմանավորել մարդասիրական քայլերով։

Ի հավեումն՝ Սենատի և Ներկայացուցիչների տան լատինաամերիկյան ծագմամբ օրենսդիրները քննադատական կեցվածք են ընդունել ներգաղթի օրենսդրությունը խստացբելու նկատմամբ։

Այս ամենի արդյունքում՝ որևէ փաթեթ լուրջ խնդիրների է բախվում ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը, ուր հանրապետականներն աննշան մեծամասնություն ունեն դեմոկրատների նկատմամբ, իսկ հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը նախկինում՝ մինչ այս հոկտեմբերին ներկայիս պաշտոնին անցնելը, բազմիցս դեմ է քվեարկել Ուկրաինային տրամադրվող օգնությանը։

Հայտնի է, որ Ներկայացուցիչների պալատում Թրամփի կողմնակիցները մեկ անգամ չէ, որ փորձել են կասեցնել ԱՄՆ կողմից լրացուցիչ օգնության տրամադրումը Ուկրաինային:

Հանրապետական կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը, ով նախկին նախագահ Թրամփի մերձավորներից է, կարծում է, որ հանրապետականները չպետք է առաջ քաշեին երկրի սահմանային անվտանգության ամրապնդման հարցը, քանզի այն կարող է «նախընտրական փուլում Բայդենի վարչակազմին ապահովել որոշ քաղաքական հաղթանակներ»։

Ինչևէ, հայտնի է նաև, որ Սպիտակ տան ներկայացուցիչները և Սենատի պատվիրակները նախատեսում են առաջիկա երկու շաբաթներին աշխատել ԱՄՆ սահմանային անվտանգության ամրապնդման օրինագծի ուղղությամբ՝ հույս ունենալով, որ այն պատրաստ կլինի, երբ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից:

«Associated Press»-ի հետ զրույցում Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերը խոստովանել է՝ հաջողության հասնելու «հույս ունի», բայց «այնքան հեռու չի գնա՝ այն «վստահություն» անվանելու համար»:

XS
SM
MD
LG