Մատչելի հղումներ

Փորձագետները՝ Մոլդովայում Ռուսաստանի ազդեցության մասին


Պատվո պահակախումբը Մոլդովայի դրոշով Քիշնևում
Պատվո պահակախումբը Մոլդովայի դրոշով Քիշնևում

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման ֆոնին` Մոլդովայում ավելի հաստատակամ են դարձել Կրեմլից հեռանալու հարցում։ Ի պատասխան՝ Ռուսաստանն աննախադեպ հիբրիդային պատերազմ է սկսել Մոլդովայի դեմ։ Այս մասին են խոսել Վաշինգտոնում գործող ԱՄՆ խաղաղության ինստիտուտում տեղի ունեցած քննարկման մասնակիցները։

ԱՄՆ-ում Մոլդովայի դեսպան Վիորել Ուրսուն նշել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանին չհաջողվեց խոչընդոտել Մոլդովայի եվրաինտեգրման ուղին՝ չնայած մոլդովական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ Կրեմլի սահմանած արգելքին և Մոլդովա էներգակիների մատակարարման կրճատմանը, ինչպես նաև փորձերին՝ դժգոհություն հրահրել Մոլդովայում գործող ռուսամետ ուժերի շրջանում։

Ուրսուի խոսքով, ԱՄՆ և ԵՄ աջակցությամբ՝ Մոլդովան կարողացավ լուծել իր էներգետիկ խնդիրները՝ Եվրոպայից ստացվող էներգակիրների շնորհիվ։ Սակայն Ռուսաստանը շարունակում է հանրապետությունում իրավիճակը ապակայունացնելու փորձերը՝ սատարելով որոշ քաղաքական գործիչների, խոստանալով էժան գազ մատակարարել, ինչպես նաև վարելով ապատեղեկատվական արշավ։

Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակ Միհայ Պոպսոյը նշել է, որ երկրի խորհրդարանը պատրաստվում է հաստատել Մոլդովայի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, ուր Ռուսաստանն առաջին անգամ կորակվի հանրապետության անվտանգության հիմնական սպառնալիք, իսկ պաշտպանության բյուջեն կավելացվի ու կհավասարեցվի ՀՆԱ-ի 1%-ին։ Այժմ այն ՀՆԱ-ի մոտ կես տոկոսն է։

Պոպսոյը ընդգծել է, քարոզչության և դրամական ներարկումների միջոցով Ռուսաստանը տևական ժամանակ Մոլդովայի քաղաքացիների շրջանում ամրապնդել է այն տեսակետը, թե երկրի չեզոք կարգավիճակը ամենից ընդունելին է, և այս հանգամանքը դժվարացնում է Քիշնևի ջանքերը՝ ուղղված ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանը, ինչը հրամայական է դարձել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակի ներկայացմամբ, չնայած 2022 թվականի դեկտեմբերին ռուսական լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը, Մոլդովան, այնուամենայնիվ, շարունակում է դիմակայել հանրապետության դեմ ուղղված ռուսաստանյան քարոզչությանը։

Միհայ Պոպսոյն անկեղծացել է՝ ռեսուրսների սակավության պատճառով Մոլդովայի համար դժվար է մրցել Ռուսաստանի հետ տեղեկատվական դաշտում՝ անհրաժեշտ համարելով սեփական, որակյալ ռուսալեզու լրատվամիջոցների զարգացումը՝ Քիշնևի դիրքորոշումը ներկայացնելու համար։

Պոպսոյի խոսքով, Մոլդովայի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական անվտանգությանը՝ անդրադառնալով վերջերս ստեղծված հատուկ կառույցին, որը զբաղվում է տեղեկատվական սպառնալիքների բացահայտմամբ և դրանց դեմ պայքարով։ Մոլդովացի պաշտոնյան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ հանրապետությունում անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար։

Մոլդովայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության առաքելության նախկին ղեկավար Ուիլյամ Հիլի կարծիքով, 2014 թվականին ուկրաինական Ղրիմի բռնակցումից հետո, Ռուսաստանի ազդեցությունը Մոլդովայում և ռուսական փաստացի օկուպացիայի ներքո գտնվող Մերձդնեստրում որոշակիորեն նվազել է։ Այդուհանդերձ, Մոլդովան բախվում է երկրի ժողովրդավարացման գործընթացը խոչընդոտելու Մոսկվայի փորձերին, ուր մեծ տեղ է հատկացված երկրի ռուսամետ գործիչներին, որոնք ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են Կրեմլի հետ կապերը խորացնելու օգտին։

XS
SM
MD
LG