Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը մեկնեց արձակուրդ՝ առանց Ուկրաինայի օգնության ու սահմանային անվտանգության շուրջ համաձայնության


ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես

Ամերիկացի օրենսդիրներն այս շաբաթ մեկնեցին արձակուրդ՝ առանց սահմանային անվտանգության ֆինանսավորման շուրջ համաձայնության, որն, ինչպես հայտնի է, փոխկապակցված է Ուկրաինային գրեթե 60 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու հարցին։

2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր՝ Միացյալ Նահանգները 75 միլիարդ դոլարի ռազմական և մարդասիրական օգնություն է ցուցաբերել Կիևին:

Անցած շաբաթներին ամերիկացի օրենսդիրները փորձում էին համաձայնության հասնել ԱՄՆ ազգային անվտանգության կարիքների լրացուցիչ՝ 106 միլիարդ դոլար կազմող ֆինանսավորման հարցում։ Փաթեթը նաև ներառում է 60 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային:

Սակայն Կոնգրեսը մեկնեց արձակուրդ՝ առանց համաձայնության։ Օրենսդիրները կհավաքվեն հաջորդ տարվա սկզբին:

«Ե՛վ դեմոկրատները, և՛ հանրապետականները հասկանում են, որ շատ աշխատանք կա անելու՝ օրենսդրության ընդունման ուղղությամբ, որը կպաշտպանի ամերիկյան և արևմտյան աշխարհի անվտանգությունը»,- ասում է Սենատի մեծամասնության ղեկավար, դեմոկրատ Չակ Շումերը:

Հանրապետականների պնդմամբ, ԱՄՆ սահմանների անվտանգության ամրապնդումը պետք է լինի առաջնային։ Հայտնի է, որ ներգաղթը ամերիկյան քաղաքականության ամենադժվար խնդիրներից է, և այդ ուղղությամբ 1980-ականների վերջից որևէ լուրջ օրենսդրական փոփոխություն չի կատարվել:

«Ռեյգանի [նախագահության] երկրորդ ժամկետից ի վեր ներգաղթի վերաբերյալ որևէ նշանակալի օրինագիծ չենք ընդունել: Դժվար գործընթաց է, բայց քրտնաջան աշխատում ենք՝ արդյունք ունենալու համար, քանզի այն անհրաժեշտ է մեր երկրին»,- ասում է Սենատի փոքրամասնության առաջնորդ, հանրապետական Միչ ՄըքՔոնելը:

Նախագահ Բայդենի ներկայացրած և ազգային անվտանգությանը վերաբերող փաթեթում մոտ 14 միլիարդ դոլար նախատեսված է Իսրայելի համար: Դիտորդների խոսքով, ի տարբերություն Ուկրաինայի, հրեական պետությանը հասցեագրված աջակցությունը այդքան հրատապ չէ:

«Իսրայելցիները ստանում են այն, ինչ անհրաժեշտ է պատերազմելու համար: Օգնության փաթեթում ներառված մեծ մասը երկարաժամկետ աջակցություն է, որը պետք է հետպատերազմական փուլի համար: [Այդ աջակցության] փոքր մասն է միայն ուղղվելու ներկայիս հակամարտությանը»,- ասում է Մարկ Քենսյանը՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնից:

Սպիտակ տունը նախազգուշացրել է՝ Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության փաթեթը չափազանց կարևոր է, քանզի Կիևի համար առանձնացված ԱՄՆ կառավարության միջոցները կսպառվեն արդեն այս տարվա վերջին։

Դիտորդների խոսքով, նման իրավիճակը ուղիղ ազդեցություն կթողնի ուկրաինական պատերազմի վրա։

«Միացյալ Նահանգները ահռելի ռազմական աջակցություն է ցուցաբերել: Ռազմական առումով իրադրությունն այլ կլիներ, եթե չլիներ այդ օգնությունը: Դիրքային պատերազմը պահանջում է մեծ քանակությամբ ռազմամթերք և պաշարներ, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության համար հակաօդային պաշտպանության միջոցներ»,- ասում է Քոլին Քլերին՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանից:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելեսկին երեքշաբթի հայտարարել է, որ տակավին լավատես է ամերիկյան օգնության առնչությամբ․ «Քրտնաջան աշխատում ենք այդ ուղղությամբ։ Համոզված եմ, ԱՄՆ-ն մեզ չի դավաճանի, և այն, ինչի շուրջ պայմանավորվել ենք ԱՄՆ հետ, կիրականանա»։

ԱՄՆ-ում՝ Ուկրաինային ցուցաբերվող օգնության կողմնակիցների պնդմամբ, Կիևին ամերիկյան աջակցոըւթյան դադարեցումը կդիրակվի որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակ: Կրեմլի ղեկավարը երեքշաբթի հայտարարել էր, թե Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Ուկրաինայում իր նպատակներից․ «Սա պետք է հասկանան բոլորը՝ Ուկրաինայում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, բոլոր նրանք, ովքեր ագրեսիվ են Ռուսաստանի նկատմամբ։ Եթե ուզում են բանակցել, թող բանակցեն։ Մենք այդ կանենք միայն մեր շահերից ելնելով»։

Գալիք տոների ընթացքում ամերիկացի օրենսդիրները կշարունակեն քննարկումները, բայց քվեարկություն, հավանաբար, չի անցկացվի մինչև հունվարի 8-ը, երբ Կոնգրեսը կվերադառնա:

XS
SM
MD
LG