Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսին քիչ ժամանակ է մնացել՝ ընդունելու Ուկրաինայի համար նախատեսված օգնության նոր փաթեթը


Ուկրաինայի նախագահ Զելենսկին ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի և փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի հետ
Ուկրաինայի նախագահ Զելենսկին ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի և փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի հետ

Աստիճանաբար սպառվում է Ուկրաինային օգնության նոր փաթեթ հատկացնելու Կոնգրեսի ժամանակը։

Անցած շաբաթ-կիրակի ԱՄՆ սենատորները փորձեցին փոխհամաձայնության հանգել․ դեմոկրատները քայլ կատարեցին՝ պայմանավորվելու հանրապետականների հետ՝ ընդառաջ գնալով ԱՄՆ սահմանների պաշտպանության ամրապնդման հարցում, ինչպես պնդում են վերջիններս:

Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերը երկուշաբթի խոստովանել է՝ համաձայնության համար դեռ ժամանակ է հարկավոր․ «Բոլորը գիտեն, որ ինչ-որ բան պետք է արվի՝ ներգաղթի փլուզված համակարգը շտկելու համար, բայց չենք կարող այդ գործընթացում զիջել մեր արժեքները։ Երկու կողմն էլ պետք է հասկանան, որ ստիպված են գնալ փոխզիջումների։ Սա ժամանակ կպահանջի»:

«Ինձ հուսադրում է մեր գործընկերների ձգտումը՝ առաջիկա շաբաթում և հետո՝ բանակցություններում առաջընթաց գրանցել»,- իր հերթին նշել Սենատի փոքրամասնության ղեկավար, հանրապետական Միթչ ՄըքՔոնելը՝ քիչ հավանական համարելով, որ առաջիկա օրերեն փոխհամաձայնություն ձեռք կբերվի:

2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, ԱՄՆ-ն արդեն ավելի քան 100 միլիարդ դոլար է հատկացրել Կիևին՝ նաև սպառազինության համար: Նույն նպատակով նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից խնդրել է ևս 60 միլիարդ դոլար: Սակայն հանրապետական կոնգրեսականների շրաջանում աճում է կասկածը, թե արդյոք անհրաժեշտ է նման ծավալի աջակցություն տրամադրել Ուկրաինային:

Մյուս կողմից, նախորդ շաբաթներին Սենատի հանրապետականները Կիևին լրացուցիչ ֆինանսական օգնության տրմադրումը սկսեցին կապել ԱՄՆ միգրացիոն օրենքների խստացման հետ, որոնց նպատակը պետք է լինի երկրի հարավային սահմաններով ապօրիանբար մուտք գործող մարդկանց թիվը նվազեցնելը, իսկ արդեն ԱՄՆ-ում գտնվողներին՝ արտաքսելը:

Այս պայմաններում երկու կուսակցությունները ներկայացնող օրենսդիրների խումբը շարունակում է աշխատանքը Բայդենի վարչակազմի հետ՝ փորձելով հասնել փոխհամաձայնության:

Սենատի՝ այս տարվա վերջին նիստը պետք է անցկացվեր դեկտեմբերի 14-ին, սակայն Կոնգրեսի վերին պալատը փոխեց ժամանակացույցը՝ բանակցությունները շարունակելու համար։ Ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը, ևս երկարաձգել է

իր աշխատանքը մինչև տարեվերջ և կարող է վերստին հավաքվել, եթե ուկրաինական հարցում կողմերը պայմանավորվեն ու քվեարկության անհրաժեշտություն առաջանա։

Այնուամենայնիվ, դեռ որևէ համաձայնություն չկա։

Եթե անգամ Սենատի դեմոկրատները, անտեսելով հանրապետական փոքրամասնության դիրքորոշումը, քվեարկեն որևէ նախագծի օգտին, այն դժվար թե ներկայացվի նախագահ Բայդենի ստորագրությանը, որովհետև անհրաժեշտ է նաև Ներկայացուցիչների տան համաձայնությունը, ուր մեծամասնությունը հանրապետականներն են, որոնք վերջերս հեռացրեցին իրենց կուսակցին Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի պաշտոնից՝ այս հարցի շուրջ դեմոկրատների հետ համագործակցելու համար:

XS
SM
MD
LG