Մատչելի հղումներ

Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով Բայդենը հանդիմանել է Նեթանյահուին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն

Գազայում՝ իսրայելական բանակի գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թվի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակավ հանդիմանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, թեև հայտնի է Վաշինգտոնի աջակցությունը հրեական պետությանը:

Գազայում՝ ռազմական գործողությունների հետանքով պաղեստինցի փախստականների ճամբարներից մեկում շուկա է ավերվել։ Տեղի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թիվը գնալով ավելի է մտահոգում Սպիտակ տան ղեկավարին։

«Իսրայելցիներին հասկացրել ենք, և նրանք տեղյակ են, որ անմեղ պաղեստինցիների անվտանգության [ապահովումը] կարևոր է: Նրանց ձեռնարկած գործողությունները չպետք է վնասեն կամ սպանեն անմեղ պաղեստինցի բնակիչներին»,- ասել է նախագահ Բայդենը։

Իսրայելի հասցեին ԱՄՆ նախագահի քննադատությունը ամենից սուրն էր ավելի քան երկու ամիս առաջ Մերձավոր Արևելքում հակամարտության բռնկումից ի վեր, թե Թել Ավիվը կորցնում է միջազգային աջակցությունը՝ իր «անխտիր ռմբակոծությունների պատճառով»։

Սպիտակ տան ղեկավարը շարունակել է, թե վարչապետ Նեթանյահուն պետք է համաձայնի ներգրավել Պաղեստինի ինքնավարությանը՝ խաղաղության հաստատմանը միտված գործընթացում:

ԱՄՆ նախագահը հանդես է եկել նման հրապարակային ելույթով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած հայտնի քվեարկությունից հետո, երբ 153 երկիր քվեարկեց ի պաշտպանություն Գազայի հատվածում կրակի դադարեցման։ Դեմ էր ընդամենը տասը պետություն, ձեռնպահ էին՝ քսաներեքը:

ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրն ասել է. «Մեր պարտքն է փորձել փրկել դեռևս կենդանի մարդկանց կյանքը՝ ընդունելով այս բանաձևը և ստիպելով Իսրայելին կատարել այն»:

Մինչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվերակությունը՝ նմանտիպ մի բանաձև կազմակերպության Անվտանգության խորհրդի օրակարգում էր, սակայն չանցավ՝ Վաշինգտոնի կիրառած վետոյի պատճառով։ Քննադատների կարծիքով, նման դիրքորոշումը վնասում է ԱՄՆ շահերին նաև Մերձավոր Արևելքում:

«Այնտեղ, ուր մենք բանավիճում ենք, օրինակ, [Ուկրաինա] Ռուսաստանի ներխուժումն արդարացիորեն դատապարտելու հարցում աջակցություն ստանալու համար, մենք կարող ենք ձայներ կորցնել, եթե մյուսները մեզ համարեն կեղծավոր կամ տեսնեն, որ հեռանում ենք մեր արժեքներից»,- ասել է ամերիկացի նախկին դիվանագետ Ջոշ Փոլը։

Թեև Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն կատարման համար, սակայն ունեն քաղաքական կշիռ:

Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Ռիչարդ Գոուանը նշել է․ «ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը պարզապես փորձում է կիրառել հնարավորը՝ ԱՄՆ վրա բարոյական ճնշում գործադրելու համար, որպեսզի Վաշինգտոնը փոխի իր կեցվածքը»:

Իսրայելը և նրա դաշնակիցներն ասում են, որ հրադադարը միայն օգուտ կբերի «Համասին», ինչը թույլ կտա կազմակերպությանը վերախմբավորվել իր ուժերը՝ Իսրայելը վերստին գրոհելու համար:

«[Հրադադարը] թույլ կտա «Համասին» լեգիտիմություն ստանալ, որը այն չի վաստակել: Ահաբեկիչների առաջնորդները կշահեն այլոց վստահությունը, թեև ապացուցել են, որ իրենք վստահելի մարդիկ չեն»,- փոխանցել է իսրայելցի քաղաքագետ Ջուլի Ռեյմանը։

Հիշեցնենք, հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ իրականացված «Համասի» գրոհի հետևանքով սպանվեց մոտ 1 200 մարդ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում, և ըստ պաղեստինյան կողմի ցայսօր զոհվել է ավելի քան 18 հազար հոգի:

XS
SM
MD
LG