Մատչելի հղումներ

Ուկրաինայի հետ պատերազմում ավելի շատ ռուսաստանցի գեներալ է զոհվել, քան Աֆղանստանում՝ մեկ տասնամյակի ընթացքում խորհրդային գեներալ


Փորձագետները խոսում են ռուսական բանակի բարձր հրամկազմում տեղ գտած կորուստների մասին

Վերջերս Ռուսաստանը պաշտոնապես հաստատեց Ուկրաինայում 14-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Զավադսկու մահը, ով նախկինում ղեկավարում էր Կանտեմիրյան գվարդիական տանկային դիվիզիան։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի «Telegram»-յան ալիքում տեղ գտած հաղորդագրությանը։

Ըստ տեղեկությունների, Զավադսկին զոհվել է ականի պայթյունից։ Մահվան վայրի և հանգամանքների մասին տեղեկությունները տարբեր են։

Զավադսկին դարձավ նման կոչումով ռուսաստանցի յոթերորդ զինվորականը, ում մահը հաստատել են ռուսական աղբյուրները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից։

Ռուսաստանի պարագայում նման կորուստներն աննախադեպ են Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Սա ավելին է, քան Աֆղանստանում Խորհրդային Միության վարած պատերազմի 10 տարիներին էր։

Հիշենք, ընդամենը մեկ ամերիկացի գեներալ է զոհվել Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ, ինը՝ Վիետնամում։

Ուկրաինայում զոհված ռուսաստանյան բարձրաստիճան զինվորականների ցուցակը առաջնորդում է գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկին։ 41-րդ բանակի հրամանատարի տեղակալը սպանվել է Ուկրաինա ներխուժումից ընդամենը մեկ շաբաթ անց՝ 2022 թվականի փետրվարի 28-ին։

Նույն տարում՝ պատերազմի առաջին չորս ամիսներին զոհվեցին նաև 8-րդ բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Ֆրոլովը, ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Կանամատ Բոտաշևը, գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը, ում հետմահու շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

2023 թվականի ամռանը ուկրաինական հակահարձակման ժամանակ զոհված ռուսաստանցի բարձրաստիճան սպաների ցանկը համալրեցին գեներալ-մայոր, 35-րդ բանակի շտաբի պետ Սերգեյ Գորյաչովը և Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օլեգ Ցոկովը:

Լրագրողական հետաքննություններով զբաղվող «Важные истории» առցանց պարբերականի համաձայն, պատերազմում զոհվել է ընդհանուր առմամբ ռուսաստանցի 12 գեներալ: Բաց աղբյուրներում ուկրաինացի գեներալների մահվան մասին տեղեկություններ չկա։ Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում նման տեղեկատվությունը համարվում է գաղտնի:

Ռուսաստանցի գեներալների նման մեծ կորուստները ցուցիչ են, որ ռուսական բանակը լուրջ խնդիրներ ունի՝ և՛ կարգապահության, և՛ կառավարման առումներով՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է «Третий сектор» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Զոլոտարևը։ Նրա խոսքով, քանի որ գեներալների մահվան հանգամանքները տարբեր են, յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննվի։

Նա ընդգծում է, Աֆղանստանի պատերազմի 10 տարիների ընթացքում երեք խորհրդային գեներալներ զոհվեցին․ ընդ որում, ոչ թե ռազմական բախումների ժամանակ, այլ հիվանդություններից և ավիավթարի հետևանքով․ «Եվ ահա, 7 գեներալ մեկուկես տարում։ Վերջին դեպքի մասով կարող եմ ասել, որ Զավադսկին ինքն է խախտել կարգապահությունը և պայթեցրել իրեն ռուսական ականապատ դաշտերի գոտում։ Բայց, ըստ էության, սա որևէ նշանակություն չունի [Մոսկվայի համար]․ ռուսական բանակը բավականին անտարբեր է ռազմական կորուստների, այդ թվում՝ բարձրաստիճան հրամկազմում տեղ գտնող զոհերի նկատմամբ։ Սա խորհրդային ժամակներից եկող ավանդույթ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ի դեպ, մոտ երեք հարյուր գեներալ է զոհվել, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Կարծում եմ, հիմա էլ այդպես կլինի»։

Միևնույն ժամանակ, սպանված գեներալների թիվը վկայում է, թե ինչ մասշտաբներ և ինտենսիվություն ունեն ընթացող մարտերը՝ նշում է վերլուծաբանը․ «Փաստ է, որ ռուսական զորքերում ամեն ինչ լավ չէ։ Այստեղ հարկ է գնահատել նաև ուկրաինական հետախուզության աշխատանքը։ Պատահել է, որ այն ներթափանցել է ռուսական բանակի կառավարման կենտրոններ և ճշգրիտ մատնացույց արել թիրախը»։

Օլեգ Ցոկովը զոհվել է, ենթադրաբար, Ռուսաստանի կողմից օկուպացված Բերդյանսկում՝ 58-րդ բանակի հրամանատարական կետի ռմբահարման ժամանակ։

Նման հարվածներն, իհարկե, ազդում են զինված ուժերի մարտունակության և կառավարման վրա, բայց վճռական չեն՝ եզրափակեց Զոլոտարևը։

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի վերլուծաբան Պավել Լուզինի ներկայացմամբ, ռուսաստանցի գեներալների նման կորուստների պատճառները բազմաթիվ են՝ ռուսական բանակի կառուցվածքը, հրամանատարական և կառավարման համակարգերը, հաղորդակցությունը, զորքերում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը, Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրած բարձր ճշգրտության հեռահար սպառազինությունը և այլն։

Լուզինը թերահավատ է, որ ռուսական բանակի կրած նման կորուստները կարելի է հեշտությամբ փոխհատուցել․ «Ուկրաինայում զոհված բարձրաստիճան սպաներին, այդ թվում՝ գեներալներին փոխարինելու համար տարիներ են պահանջվում։ Ռուսական կրթական համակարգի, այդ թվում՝ ռազմական կրթության անկման ֆոնին՝ սա այնքան էլ դյուրին գործ չէ»։

Լրագրող Իգոր Յակովենկոն ընդգծում է՝ ինչ կատարվում է Ուկրաինայում, ոչ մի կերպ չի տեղավորվում Կրեմլի սահմանմանը, թե ռուսական բանակը «հատուկ ռազմական գործողություն» է վարում Ուկրաինայում․ «Սա ցույց է տալիս Պուտինի նախաձեռնած պատերազմի գինը։ Իր առասպելական նպատակներին հասնելու համար՝ նա չի խնայում ո՛չ զինվորներին, ո՛չ գեներալներին։ Թքած ունի մարդկանց ճակատագրերի վրա, ինչպես որ թքած ունի մահացածների հարազատների վրա։ Տեսականորեն՝ «հատուկ ռազմական գործողությունը» դեռ պետք է ունենա ոստիկանական որոշակի գործառույթ։ Նման բան չկա։ Տեղի է ունենում լայնածավալ, դաժան ու արյունալի պատերազմ՝ իր հետեւանքներով, այդ թվում՝ գեներալների մահով»։

Յակովենկոն վստահ է՝ ցանկացած ժողովրդավարական երկրում նման իրավիճակը բողոքի ալիք կբարձրացներ․ «Սակայն Ռուսաստանում քաղաքացիական հասարակությունը ոչնչացվել է։ Մնացել է մի բնակչություն, որը շատ հանդուրժող է՝ նույնիսկ իր սիրելիների մահվան դեպքում: Ընդհանուր առմամբ, երկրում մարդկային կյանքը մեծապես արժեզրկվել է։ Սա վերաբերում է բոլորին։ Գեներալի կյանքը նույնպես քիչ արժի Կրեմլի համար։ Այդ պատճառով էլ նրանց թաղում են առանց զինվորական պատիվների, գրեթե՝ գաղտնի։ Ամենակարեւորն այն է, որ նրանց մահվան մասին չեն խոսում հեռուստատեսությամբ, կամ չեն գրում թերթերում։ Լռություն է։ Ուստի, պատշաճ արձագանք չկա»։

Ռուսաստանում լրատվամիջոցներին փաստացի արգելված է հրապարակել մահախոսականներ՝ Ուկրաինայում զոհված զինվորականների մասին։

XS
SM
MD
LG