Պաղեստինի Ինքնավարության, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի արտգործնախարարները և Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը երեքշաբթի Մոսկվայում էին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու մերձավորարևելյան ճգնաժամը։ Կողմերը կոչ արեցին դադարեցնել կրակը Գազայի հատվածում, ինչը, նրանց համոզմամբ, կարող է հանդիսանալ կայուն խաղաղության տանող առաջին քայլը:
Լավրովն ամփոփել է քննարկումների արդյունքները․
«Դադարեցրե՛ք ռազմական գործողությունները, լուծե՛ք մարդասիրական խնդիրները և արձակե՛ք պատանդներին»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Պատմականորեն Կրեմլն աջակցել է պաղեստինյան պետության ստեղծմանը` որպես իսրայելցիների և պաղեստինցիների միջև հակամարտության լուծման եղանակ։ Դիտորդները վստահ են՝ Իսրայելի ու «Համասի» միջև ներկայիս հակամարտությունը Մոսկվային հնարավորություն է տալիս ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում:
Պուտինը բաց չթողեց հնարավորությունը՝ ներկայիս ճգնաժամի համար մեղադրելով ԱՄՆ-ին։
«Այս բոլոր իրադարձությունները հետևանք են այն բանի, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի մենաշնորհ հաստատել և արգելափակել միջազգային միջնորդների՝ մերձավորարևելյան քառյակի գործունեությունը՝ պաղեստինա-իսրայելական [հակամարտության] կարգավորման գործում»:
Վաշինգտոնը դեռ չի արձագանքել Պուտինին։ Այստեղ նշենք, որ մերձավորարևելյան քառյակը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԵՄ-ից ու ՄԱԿ-ից:
Վերլուծաբան Արկադի Դուբնովի խոսքով, Պուտինը ցանկանում է միջազգային հանրության առաջ հանդես գալ, որպես լուրջ դերակատար, որն ունակ է հանգուցալուծել Իսրայել-«Համաս» հակամարտությունը։
«[Մոսկովյան այդ] հանդիպումից իմ ակնկալիքները մեծ չեն։ Ընդհակառակը՝ կարծում եմ, այն ձևական էր, որի նպատակն է ցույց տալու, թե Մոսկվան փորձում է դերակատար լինել հարցի կարգավորման գործում և լինել Գազայի ապագան որոշողների շարքում»:
Թեև նման հանդիպումների միջոցով Ռուսաստանը հույս ունի ներկայանալ որպես խաղարար միջնորդ, սակայն դիտորդները ուշադրություն են հրավիրում՝ զուգահեռաբար Կրեմլը շարունակում է իր զավթողական պատերազմը Ուկրաինայում, ինչն արժանացել է միջազգային հանրության գերակշիռ մասի դատապարտմանը։