Մատչելի հղումներ

Ռուսաստանը շարունակում է օդային գրոհները Կիևի ուղղությամբ. նախորդ հարձակումն ամենից մեծն էր պատերազմի մեկնարկից ի վեր


Ռուսական անօդաչուների հարվածներից Կիևում վնասվել է տեղի մանկապարտեզներից մեկի շենքը
Ռուսական անօդաչուների հարվածներից Կիևում վնասվել է տեղի մանկապարտեզներից մեկի շենքը

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ իրականացրել է անօդաչուների կիրառմամբ ամենից լայնածավալ հարձակումը՝ պատերազմի բռնկումից ի վեր։ Կիևի ներկայացմամբ, բոլոր անօդաչուները խոցվել են, բացառությամբ մեկի: Հարձակման հետրանքով կան մի քանի թեթև վիրավորներ և ավերված շենքեր

Նախորդ շրջանում Կիևում վերստին սովորական է դարձել օդային տագնապի ազդանշանը․ ռուսական անօդաչուները վերստին ուղղություն են վերցնում դեպի Ուկրաինայի մայրաքաղաք։ Անցած շաբաթ-կիրակի օրերին Կիևի դեմ հարձակումը՝ քաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Պոպկոն անվանել է պատերազմի սկզբից ի վեր «անօդաչուների ամենազանգվածային գրոհը Կիևի վրա»։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի փոխանցմամբ, կարողացել են խոցել 75 անօդաչուներից 74-ը:

Հարձակումը սկսվել է շաբաթ օրը, ընթացել է ալիքներով՝ ավելի քան վեց ժամ, ինչի հետևանքով քաղաքում հոսանքից զրկվել է մոտ 17 հազար մարդ՝ հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը:

Հատկանշական է, որ ռուսական գրոհը տեղի է ունեցել Հոլոդոմորի՝ ուկրաիանական ժողովրդի ցեղասպանության 90-րդ տարելիցի օրը, որը նշվում է նոյեմբերի չորրորդ շաբաթ օրը։

Հոլոդոմորը, որն ուկրաիներեն նշանակում է սովամահություն, շուրջ մեկ դար առաջ՝ 1932–1933 թվականներին կազմակերպվել էր խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի կողմից՝ վերահսկողություն սահմանելով Ուկրաինայում հացահատիկի բաշխման վրա, քանի ցորենի բերքը նախորդ՝ 1931 թվականի համեմատ գրեթե կիսով չափ պակաս էր։ Երեքուկեսից յոթ միլիոն ուկրաինացիներ են մահացել են Հոլոդոմորի ժամանակ։ Ըստ Մինեսոտայի համալսարանի, այս թվերը կարող են նվազեցված լինել:

Ուշագրավ է, որ այս ֆոնին տեսաուղերձով Ուկրաինայի նախագահին է դիմել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին՝ հայտարարելով, թե իր կառավարությունը ողջունում է Կիևի վճռականությունը՝ շարունակել «Հացահատիկ Ուկրաինայից» պարենային ծրագիրը, և լրացուցիչ 2․2 միլիոն դոլար է հատկացնում նախաձեռնությանը: Ծրագրի շրջանակներում Ուկրաինան հացահատիկ է մատակարարում Աֆրիկայի և Ասիայի այն երկրներին, որոնք բախվում են թերսնման, կամ սովի:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջերս կայացած նիստում կազմակերպությունում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը մեղադրել է Մոսկվային՝ Հոլոդոմորի մարտավարությունը կիրառելու մեջ:

«Սովը, որպես պատերազմի գործիք կիառելը ռուսական մեթոդներից է։ [Ռուսական կողմը փորձում է] արգելել ուկրաինական պարենի արտահանումը, ռմբահարում է ուկրաինական նավահանգիստներն ու ամբարները, ականապատում ուկրաինական բերրի հողեր՝ դրանք վերածելով մարտադաշտի»,- ասել է Սերգեյ Կիսլիցան:

Ռուսական անօդաչուների հարվածներին հաջորդել է նախագահ Զելենսկու ու եվրոպացի առաջնորդների հանդիպումը Կիևում՝ պարենային անվտանգության հարցերի շուրջ։

Ուկրաինայի նախագահի խոսքով, օտարերկրյա գործընկերները Կիևին ռազմանավեր կտրամադրեն՝ ուկրաինական նավահանգիստներից բեռնատար նավերն ուղեկցելու և պաշտպանելու համար։ Զելենսկին հավելել է, որ իր երկիրը հույս ունի «փակել» հակաօդային պաշտպանության «բացերը»՝ Արևմուտքից նոր մատակարարումների և Ուկրաինայի արտադրական հզորություններն ավելացնելու միջոցով:

Կիևում առնվազն հինգ հոգի է տուժել՝ մայրաքաղաքի վրա ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով։ Վնասվել են մի քանի շենքեր, այդ թվում՝ մանկապարտեզ: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով, վիրավորների թվում է 11-ամյա մի երեխա։

XS
SM
MD
LG