2022 թվականին՝ անցած ձմռանը Ուկրաինան մեծ վնասներ կրեց իր էներգետիկ ենթակառուցվածքի ուղղությամբ ռուսական ռազմուժի գրոհների հետևանքով։
Պաշտոնյաների խոսքով, անցած ձմռանը տուժել էր երկրի էներգետիկ ենթակառուցվածքի մոտ 50%-ը, ինչի հետևանքով ցուրտ ամիսներին միլիոնավոր ուկրաինացիներ մնացել էին առանց ջեռուցման ու էլեկտրաէներգիայի:
Ուկրաինայի էներգետիկ արդյունաբերության հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Հարչենկոյի կանխատեսմամբ, այս ձմռանը ռուսական ուժերը կրկնելու են իրենց մարտավարությունը․ «Կարծում եմ՝ նրանք [ռուսական ուժերը] սպասում են, երբ ցուրտը վրա հասնի, որպեսզի վերսկսեն հարձակումները»։
Հարչենկոյի խոսքով, Ուկրաինան դասեր է քաղել անցած ձմռանից:
«Ողջ մնացինք, և անցած ժամանակաշրջանը՝ յոթից ութ ամիսները, ծախսեցինք մեր համակարգը վերականգնելու համար՝ կենտրոնանալով ֆիզիկական, հակաօդային պաշտպանության, համակարգի սպասարկման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ»,- ասում է նա։
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրող «Energoatom»-ի նախագահ Պետրո Կոտինն ասում է, որ այս ձմռանը երկիրը պատրաստ է հոսանք արտադրել և բաշխել ողջ հզորությամբ՝ չնայած ռուսական հրթիռային հարձակումներին։
«Ակնկալում ենք, որ բոլոր ինը [ատոմականները] կայանները կգործեն: Ավելացրել ենք այդ ենթակառուցվածքների պաշտպանությունը, նկատի ունեմ՝ ֆիզիկական պաշտպանությունը»,- նշում է նա:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ուկրաինական կողմը, բնականաբար, չի բացահայտում իր կողմից ձեռնարկած պաշտանական միջոցները։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Կոտինը փոխանցել է, որ այս ձմռանը սպասվող մարտահրավերների դեմն առնելու համար՝ Կիևը նաև ձեռնամուխ է եղել երկարաժամկետ ռազմավարության իրականացմանը։ Մեր զրուցակիցը, սակայն, չամանրամասնեց։
Զուգահեռաբար Ուկրաինան շարունակում է քայլերը էներգետիկ համագործակցության առումով խորացնել կապերը Արևմուտքի հետ՝ դեռ խորհրդային շրջանի «VVER-440» ռեակտորների համար միջուկային վառելիքի հայթայթման համար։ Ամերիկյան «Westinghouse Electric Company»-ի կողմից այս սեպտեմբերին մատակարարված միջուկային վառելիքով առաջին անգամ լիցքավորվեց ուկրաինական ռեակտորներից մեկը։ Ծրագրվում է, որ մոտ ապագայում այն ամբողջությամբ կփոխարինի ռուսական վառելիքը։
««VVER-440»-ի նման 16 ռեակտորներ կան ողջ Եվրոպայում, և բոլորն էլ աշխատում են ռուսական վառելիքով։ Մենք ձեռնարկեցինք մի գործընթաց, որով «Westinghouse»-ի վառելիքով պարզապես լիցքավորեցինք այս փոքր ռեակտորը»,- նշում է Կոտինը:
Այսքանով հանդերձ՝ Ուկրաինայի հիմնական մտահոգությունն այժմ ընթացիկ ձմեռանը երկրի էներգետիկ ենթակառուցվածքները հնարավորինս զերծ պահելն է ռուսական ուժերի գրոհներից։