Մատչելի հղումներ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին խոսել է այն մասին, թե ինչպես առավելություն ստանալ Ռուսաստանի նկատմամբ


Ուկրաինա
Ուկրաինա

Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականի հետ վերջերս կայացած զրույցում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, չորսաստղանի գեներալ Վալերի Զալուժնին անդրադարձել էր իր երկրում շարունակվող պատերազմին, հեռանկարներին։

Դոնեցկի մարզում խրամատավորված ուկրաինական ու ռուսական ուժերը հրետանային փոխհրաձգության մեջ են։ Ուկրաինացի այս զինվորականը՝ Վոլոդիմիրը, ով հրաժարվեց հայտնել ազգանունը, անկեղծանում է՝ տևական ժամանակ է դիրքային մարտերի մեջ են, տեղաշարժ չկա։

«Բոլորն իրենց դիրքերում են։ Տեղաշարժ չկա՝ ո՛չ մեզ մոտ, ո՛չ իրենց»,- ասում է զինվորականը:

«The Economist»-ի հետ զրույցում՝ օրերս, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, չորսաստղանի գեներալ Վալերի Զալուժնին խոստովանեց՝ ռազմական գործողությունները հայտնվել են փակուղում:

Զալուժնիի փաստարկը հետևյալն է՝ ռուսական ուժերի կողմից օկուպացված տարածքները ազատագրելու համար ձեռնարկված հակահարձակումից անցել է հինգ ամիս, սակայն ուկրաինական ուժերը կարողացել են առաջ շարժվել մոտ 17 կիլոմետր:

«Գաղափարը հետևյալն էր՝ կարող եք խորքային հարվածներ հասցնել լոգիստիկ, կառավարման կենտրոններին ու շարքից հանել այդ բոլոր կարևոր հանգույցները: Իսկ մանևրող ուժերի՝ տանկերի, հրետանու, գործողությունները կլինեն երկրորդական, պակաս կարևոր, քանի որ պատերազմի ելքը կորոշվի այդ խորքային հարվածների արդյունքում։ Բայց մենք վերադառնում ենք կոշտ, մաշեցնող, դիրքային, արդյունաբերական դարաշրջանի պատերազմին»,- ասում է ԱՄՆ բանակի կրթական հաստատության՝ «War College»-ի ներկայացուցիչ Ռոբերտ Համիլթոնը:

Զալուժնիի ներկայացմամբ, Ռուսաստանը և Ուկրաինան հավասարության են հասել սպառազինության գծով, և առանձնացնում է հինգ քայլ, որոնք Ուկրաինան պետք է ձեռնարկի՝ փակուղուց դուրս գալու համար:

Նախ, Ուկրաինային անհրաժեշտ է առավելություն ստանալ օդում: Երկրորդ, ուկրաինական ուժերը պետք է ճեղքեն ռուսական պաշտպանական գծերը՝ պատված ականներով։ Երրորդ, ուկրաինական ուժերը պետք է առաջ անցնեն ռադիոէլեկտրոնային պատերազմում։ Չորրորդ, պետք է բարելավել հրետանային մարտկոցների դեմ կիրառվող պաշտպանությունը։ Վերջապես, ամբարել սեփական պաշարները։

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի ներկայացուցիչ Կարոլինա Հիրդի ներկայացմամբ, Ուկրաինան կարող է նաև օգուտ քաղել Ռուսաստանի ռազմական ղեկավարության թուլությունից: Հիրդի խոսքով, ռուսական կողմում անհրաժեշտ հաղորդակցության բացակայությունը՝ ռուսական բանակի շարքերում հանգեցրել է բազմաթիվ կորուստների և ձախողումների առաջնագծում։

«Մտածում ենք, որ նրանք՝ [ռուսները] դասեր են քաղելու անցյալում գործած սխալներից, սակայն նրանք այդ չեն անում, և կարծում եմ, որ պատճառը պատշաճ հաղորդակցության բացակայությունն է ռուսական հրամանատարության բարձր օղակների միջև»,- ասում է Կարոլինա Հիրդը։

Քիչ հավանական է համարվում, որ տեսանելի հեռանկարում իրավիճակը կարող է նկատելիորեն փոխվել, թեև ուկրաինական կողմը շարունակում է իր համեստ առաջխաղացումը։ Ուկրաինացի զինվորականների փոխանցմամբ, որքան երկարի պատերազմը, այդքան Ռուսաստանը կկարողանա նոր ուժեր կուտակել։

«Գործ ունենք վտանգավոր և շատ ուժեղ թշնամու հետ, որն ունի ավելի շատ ռեսուրսներ, հսկայական սպառազինություն և մեզնից ավելի մեծ բանակ։ Բայց շարունակում ենք արդյունավետ կերպով պայքարել նրանց դեմ»,- ասում է ուկրաինական հրետանային մարտկոցի հրամանատար Օլեքսանդրը։

«Ամերիկայի ձայնի» զրուցակից-փորձագետների գնահատմամբ, Կրեմլի նպատակն է շարունակել պատերազմը, հյուծել Ուկրաինան և նոսրացնել Կիևին ցուցաբերվող միջազգային ռազմական և դրամական օժանդակությունը:

XS
SM
MD
LG