Մատչելի հղումներ

Օհայոյում ընտրողները քվեարկել են հղիության արհեստական ընդհատման իրավունքը երաշխավորելու օգտին


Օհայոյում ընտրողները հավանություն են տվել սահմանադրական փոփոխությանը, որը երաշխավորում է հղիության արհեստական ընդհատման իրավունքը
Օհայոյում ընտրողները հավանություն են տվել սահմանադրական փոփոխությանը, որը երաշխավորում է հղիության արհեստական ընդհատման իրավունքը

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ դեմոկրատները և հղիության արհեստական ընդհատման իրավունքի պաշտպանները մի քանի նահանգներում հաղթանակներ են տարել:

Օհայո նահանգում ընտրողները քվեարկել են սահմանադրական փոփոխության օգտին, որը երաշխավորում է մարդկանց իրավունքը՝ անհրաժեշտության դեպքում դիմել հղիության արհեստական ընդհատմանը, օգտվել վերարտադրողական առողջապահության այլ ձևերից:

Հղիության արհեստական ընդհատման հարցը սրություն ստացավ ԱՄՆ Գերագույն դատարանի անցած տարվա որոշումից հետո, որը, փաստորեն, չեղարկեց 1972 թվականին կայացված «Ռոն ընդդեմ Ուեյդի» որոշումը՝ ուղղված աբորտի իրավունքի պաշտպանությանը։

Օհայոն այն նահանգներից էր, ուր Գերագույն դատարանի որոշման արդյունքում ուժի մեջ էր մտել աբորտներ կատարելու արգելքը:

Մինչ Օհայոն՝ մի շարք նահանգներում ևս, այդ թվում՝ Կալիֆորնիայում, Կանզասում, Կենտուկիում, Միչիգանում, Մոնտանայում, Վերմոնտում ընտրողներն իրենց քվեարկությամբ հաղթահարեցին Գերագույն դատարանի որոշումը՝ պաշտպանելով անհրաժեշտության դեպքում աբորտի դիմելու իրավունքը։

Օրինակ Կենտուկիում երեքշաբթի վերընտրվեց դեմոկրատ նահանգապետ Էնդի Բեշիրը, ում քարոզարշավի առանցքային կետերից էր նահանգում աբորտների արգելքը գրեթե ամբողջությամբ բացառելը։

Վիրջինիայում ընտրողները նախապատվությունը տվեցին դեմոկրատներին, և հանրապետական նահանգապետ Գլեն Յանգկինի պետք է աշխատի նահանգնի խորհրդարանի զույգ պալատներում այլևս մեծամասնություն կազմող դեմոկրատների հետ։

Յանգկինն առաջարկում էր Վիրջինիայում արգելել աբորտի իրականացումը հղիության առաջին 15 շաբաթների ընթացքում, բացառությամբ, եթե գործ ունենք բռնաբարության դեպքի կամ խնդիր է դրված փրկել մոր կյանքը։ Նահանգային օրենսդիր մարմնի համար պայքարում դեմոկրատների հաղթանակը նշանակում է, որ նահանգապետի այդ նախաձեռնությունը չի կարող կյանքի կոչվել։

Հանրապետականները երեքշաբթի հաղթանակ տարան Միսիսիպի նահանգում, ուր նահանգապետ Թեյթ Ռիվսը պարտության մատնելով դեմոկրատ Բրենդոն Փրեսլիին՝ երկրորդ ժամկետով կպաշտոնավարի:

Մեկ տարի անց՝ 2024-ի նոյեմբերին ԱՄՆ քաղաքացիներն ընտրելու են երկրի նախագահ, Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան բոլոր անդամներին՝ 435 պատգամավոր, և վերին պալատի՝ Սենատի մեկ երրորդը՝ 33 սենատորի։

Ներկայում դեմոկրատները չնչին մեծամասնություն ունեն Սենատում, հանրապետականները՝ Ներկայացուցիչների տանը:

2024 թվականին ԱՄՆ 11 նահանգներում կանցկացվեն նահանգապետի ընտրություններ, էլ ավելի շատ նահագներում՝ նաև օրենսդիր մարմնի:

Այս հրապարակումը հիմնված է «Associated Press»-ի, «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի նյութերի վրա:

XS
SM
MD
LG