Այս մարտից Ռուսաստանում կալանավորված «The Wall Street Journal»-ի լրագրող Էվան Գերշկովիչը իր երեսուներորդ տարեդարձը կանցկացնի Մոսկվայի բանտում:
«Անգամ մեկ օրը չափազանց երկար է»,- ասում է լրագրողի քույրը` Դենիելե Գերշկովիչը։
«Կցանկանայինք, որ նա իր ծննդյան օրը նշեր ընտանիքի` մեզ հետ: Չկարողացանք այդ անել, և բոլորս նրան նամակներ ուղարկեցինք։ Ոգևորված եմ, որ կարող է կարդալ դրանք, և ուղղակի հուսով եմ, որ կարող ենք փոքր-ինչ բարձրացնել նրա տրամադրությունը»,- ասում է Դանիելեն։
Գերշկովիչի ընտանիքը շարունակում է բարձրաձայնել Էվանի գործի մասին` պահանջելով ԱՄՆ կառավարությունից հասնել լրագրողի ազատ արձակմանը։
«Սպիտակ տանը` թղթակիցների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ հնարավորություն ունեցանք անձամբ հանդիպել նախագահ Բայդենին։ Մոտեցավ [և շփվեց] որպես հայր։ Շատ բան էր նշանակում մեզ համար։ Հանդիպեցինք նաև պետքարտուղար [Էնթոնի] Բլինքենին։ Նա իր գրպանում պահում է արտերկրում կալանավորված բոլոր ամերիկացիների անունները պարունակող քարտը»,- շարունակում է Դենիելե Գերշկովիչը։
Էվան Գերշկովիչի գործընկերները նույնպես աշխատում են նրա ազատ արձակման ուղղությամբ։ «The Wall Street Journal»-ի լրագրող Փոլ Բեքեթին համակարգում է ջանքերը` աշխատելով Գերշկովիչի ընտանիքի, գործընկերների և ԱՄՆ կառավարության հետ։
«Հուսով ենք, որ կարող ենք որոշակի բանակցությունների մղել Վաշինգտոնին ու Մոսկվային, որովհետև նրանք են, ի վերջո, Գերշկովիչին տուն բերողը»,- ասում է Բեքեթը։
Նրա խոսքով, գործի վերաբերյալ հանրային իրազեկվածությունն իրենց ռազմավարության մաս է։
«Չենք ուզում, որ մարդիկ պարզապես սկսեն մտածել, թե ինչ է պատահել Գերշկովիչի հետ: Պետք է անընդհատ պատմենք, թե ինչ է կատարվում նրա հետ»,- նշում է Փոլ Բեքեթը։
Գերշկովիչը` Ռուսաստանում անազատության մեջ գտնվող ամերիկացի երկու լրագրողներից մեկն է։ Օրեր առաջ ձերբակալվեց «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Ալսու Կուրմաշևան` օտարերկրյա գործակալների մասին ռուսաստանյան օրենքին, իբր, չենթարկվոլու համար: «Ազատությունն» ու «Ամերիկայի Ձայնը» ԱՄՆ Գլոբալ մեդիաների գործակալության ներքո գործող անկախ լրատվամիջոցներ են:
«Սարսափելի է գիտակցել, որ նման բան կարող է պատահել ցանկացած լրագրողի հետ: Սա ամրապնդում է իմ համոզմունքը, որ լրագրությունը պետք է պաշտպանված լինի և [լրագրողները] պետք է կարողանան կատարել իրենց գործը»,- հավելում է Դանիելեն։
Ռուսաստանյան դատարանը մերժեց Գերշկովիչի կալանքը փոխելու միջնորդությունը, նա կմնա անազատության մեջ առնվազն մինչև նոյեմբերի 30-ը: