Մատչելի հղումներ

Նավալնիի փաստաբանները կալանավորվել են. նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում


Ալեքսեյ Նավալնիի փաստաբան Իգոր Սիրգունինը՝ դատարանում, 13 հոկտեմբերի, 2023թ.
Ալեքսեյ Նավալնիի փաստաբան Իգոր Սիրգունինը՝ դատարանում, 13 հոկտեմբերի, 2023թ.

Պաշտպանները մեղադրվում են ծանրացուցիչ հանգամանքներում կատարված հանցագործության՝ ծայրահեղական գործունեությանը մասնակցելու մեջ։

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին պաշտպանող փաստաբանները բերման են ենթարկվել՝ նրանց բնակարանների խուզարկությունից հետո։ Հղում կատարելով Նավալնիի թիմի իրավաբանական բաժնի ղեկավար Վյաչեսլավ Գիմադիին՝ այս մասին տեղեկացնում են լրատվամիջոցները։ Ձերբակալվածները՝ Վադիմ Կոբզևը, Իգոր Սերգունինը և Ալեքսեյ Լիպցերը մեղադրվում են ծայրահեղականությանը մասնակցելու մեջ։

Նավալնիի կոմնակից Գեորգի Ալբուրովի համոզմամբ, Ռուսաստանի իրավապահների գործողությունների նպատակը ընդդիամդիր քաղաքական գործչին իրավական օգնությունից և աշխարհի հետ հաղորդակցվելուց զրկելն է։

Զուգահեռաբար՝ գաղութում, ուր այժմ Ալեքսեյ Նավալնին է, շարունակվում է քրեակատարողական հիմնարկի դեմ ընդդիմադիր գործչի ներկայացրած դատական հայցի քննությունը։ Նավալնիի խոսքով, ներկայում Ռուսաստանում տեղի ունեցողը հիշեցնում է Խորհրդային Միության ժամանակները, երբ «ոչ միայն քաղաքական ակտիվիստներին էին հետապնդում և վերածում քաղբանտարկյալների, այլև՝ նրանց փաստաբաններին»։

Ընդդիմադիր գործիչը խնդրել է դատարանին հետաձգել նիստը, քանզի պարզ չէ, թե ներկա պայմաններում ինչպես կարելի է պաշտպանել սեփական իրավունքները։ Դատարանը ընդառաջ է գնացել, և նիստը հետաձգվել է:

«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում փաստաբան և իրավապաշտպան Իլյա Շաբլինսկին կարծիք է հայտնել, որ Նավալնիի հետ տեղի ունեցողը ընդհանուր միտումի մի մասն է, երբ իշխանությունը վրեժխնդիր է լինում անկախ իրավաբաններից, և նման իրավիճակը բնորոշ է տոտալիտար ռեժիմներին․ «Նման բան եղել է, մասնավորապես, ստալինյան և ուշ խորհրդային ժամանակաշրջաններում։ Այնուհետև, այլևս այլ հակառակորդներ չգտնելով, քանի որ նրանք բոլորը բանտարկված էին, իշխանությունները սկսեցին հետապնդել փաստաբաններին։ Խորհրդային իշխանության օրոք իրավաբանները, ինչպես նաև այլախոհները մեծ ճնշման ներքո էին։ Օրինակ, քրեական գործեր են հարուցվել նաև Դինա Կամինսկայայի (հայտնի է 1960-ականներին և 1970-ականների սկզբին խորհրդային այլախոհների դատավարություններին իր մասնակցությամբ - Վ.Վ.) և նրա գործընկերների նկատմամբ»։

Ըստ Շաբլինսկու, այժմ ամեն ինչ վերադառնում է «իր բնականոն հունը»․ «Փաստաբանները, կարծես, Նավալնիի տեքստերը փոխանցել են կալանավայրերից։ Բայց սա իշխանություններին այդքան էլ դուր չի եկել։ Նյարդայնացրել է նրանց։ Բայց սա առանձին դեպք չէ։ Առկա է ընդհանուր միտում, և այն զզվելի է։ Ի վերջո, Կոբզևը և մյուսները պարզապես կատարում էին իրենց մասնագիտական պարտքը։ Իրավաբանական հանրությունը կարող էր գոնե ինչ-որ բան ասել, գոնե մի քանի ճշմարիտ խոսք փոխանցել, երբ մեծամասնությունը մտել է աթոռի տակ»:

Բլոգեր և նախկին փաստաբան Մարկ Ֆեյգինի ներկայացմամբ, փաստաբանների նկատմամբ հետապնդումներն իրականացվում են, անշուշտ, Նավալնիին բռնաճնշումների

Ենթարկելու համատեքստում, և նման կերպ Կրեմլը ցանկանում է քաղաքական գործչին հնարավորինս մեկուսացնել արտաքին աշխարհից․ «Փաստաբանները, հավանաբար, տարբեր տեսակի հաղորդագրություններ են փոխանցել Նավալնիից։ Որպես նախկին փաստաբան՝ ինքս միշտ այդ արել եմ, չնայած քրեակատարողական հիմնարկի պահանջին՝ զերծ մնալ նման քայլերից։ Իմ պաշտպանյալների նամակներն եմ դուրս բերել, հետո հրապարակել և այլն։ Ափսոս, որ քաղաքական գործիչների հետ կապի նման եղանակը այժմ արգելափակված է։ Նրա համար սա հաղորդակցվելու գրեթե միակ ելքն էր»։

Ֆեյգինը նշում է, թե ներկայում Ռուսաստանում անկախ փաստաբանների նկատմամբ ճնշումների արշավի ականատեսն ենք․ «Քաղաքական գործեր վարող բազմաթիվ իրավաբաններ՝ ընդդիմադիր ակտիվիստների և քաղաքական գործիչների հետ միասին ընկնում են ռեպրեսիաների ներքո: Այս գործընթացը ընթացքի մեջ է։ Ռուսաստանում շատ քիչ փաստաբաններ են մնացել, ինչպիսիք են Լիպցերը, Կոբզևը, Սերգունինը, ովքեր իրենց փաստաբանի պես են պահում»։

Բլոգերը հավելում է, որ ռուսաստանյան իշխանությունները ցույց տվեցին, որ չեն պատրաստվում հանդուրժել անգամ նման ազատությունը:

Մարկ Ֆեյգինը պնդում է, թե Կրեմլի ներկայիս ղեկավարությունը վստահաբար քայլում է Ստալինի հետքերով․ «Դեռ մարդկանց չեն գնդակահարում՝ կազմված ցուցակների հիման վրա, բայց բռնաճնշումների այլ տարրեր կան։ Ամբողջ հարցն այն է, թե որտեղ է այն վերջնական կետը, որին պատրաստ են հասնել իշխանությունները։ Ամեն ինչ կախված է նրանց ուժից և թե որքան ռիսկի կդիմեն: Այն, ինչ նախկինում անհնար էր պատկերացնել, այժմ բավականին սովորական է: Օրինակ՝ այն հսկայական պատիժները, որոնք տրվում են քաղաքական գործերի համար»։

Նավալնիի փաստաբաններին, ովքեր մեղադրվում են ծայրահեղական գործունեությանը մասնակցելու մեջ, սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։

XS
SM
MD
LG